a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ցավոք, այսօր կան եկեղեցիներ, որոնք խոնարհվել են»․ Տավուշի թեմի առաջնորդ

Tavush-Kaptavank

Այսօր Հայաստանում կան բազմաթիվ եկեղեցիներ, որոնք փլուզման եզրին են: Ցավով պետք է փաստել, որ Տավուշի մարզի պատմական հոգևոր կառույցների մեծ մասը ևս բացառություն չէ:

Հայաստանի հյուսիսարևելյան մարզում գոյություն ունեցող բազմաթիվ եկեղեցիներից ու վանքերից Հայոց եկեղեցու հովանու ներքո են գտնվում 16 եկեղեցի և 4 վանք, մյուսները՝ հատկապես միջնադարից մեզ հասած ժառանգությունները, այսօր գտնվում են ծանր, օրհասական վիճակում։ Ավելին, դրանցից մի մասն արդեն կիսաքանդ վիճակում է:

Culture.AM-ի հետ զրույցում Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը ցավով է նշում, որ   այսօր այդ խնդիրն արդիական է․
- Այո՛, ցավոք, այսօր կան եկեղեցիներ, որոնք զանազան պատճառներով, տարիների հեռավորությունից, հիմնականում նյութական միջոցների բացակայության պատճառով խոնարհվել են  և բարվոք պայմաններում չեն գտնվում: Դժբախտաբար, դրանցից շատերը հիմնականում կիսավեր են և գրեթե անհնարին կլինի դրանց ամբողջական վերականգնումը: Գիտեք, աշխարհում նման դեպքեր ևս կան, որ անհնարին է վերականգնել, հիմնականում` իրենց բնական քարերի կամ նյութերի մեծ մասի բացակայության պատճառով: Իմ կարծիքով, եթե ամբողջությամբ էլ չվերականգնվեն, ապա միանշանակ կարիք կա որոնել տարբերակներ՝ գոնե  եղածը պահպանելու  համար։

4Մեր այն հարցին` արդյո՞ք այդ եկեղեցիները կամ վանքերը չեն գտնվում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հովանու ներքո, Սրբազան Հայրը պատասխանեց. «Շատ վանքեր և եկեղեցիներ դեռևս չեն գտնվում Մայր Աթոռի հովանու ներքո, այլ հիմնականում ՀՀ Մշակույթի նախարարության հաշվեկշռում են: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում  այդ հարցն էլ կլուծվի: Բոլոր այն վանքերն ու եկեղեցիները, որոնք տարիների ընթացքում վերադարձվել են Մայր Աթոռին՝ կամ վերականգնվում են կամ գտնվում են վերականգնման փուլում»: 

Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ այսօր առկա են բնակավայրեր, որոնք «ապրող» եկեղեցիներ չունեն և հանրային պահանջ և ցանկություն կա կառուցելու. «Ինչ խոսք, պետք է շեշտադրվի հոգևոր խնամքի և քարոզչության հանգամանքը, որն էլ իրականացվում է նոր եկեղեցիների կառուցմամբ, հատկապես այն վայրերում, որտեղ եկեղեցիներ գոյություն չունեն»:

Այն հարցին, թե ո՞րն է առաջնահերթ խնդիր` վերականգնել հայ միջնադարյան եկեղեցիները, որոնք փլուզման եզրին են, թե՞ կառուցել նոր եկեղեցիներ, Տ. Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը պատասխանեց այսկերպ. «Ասել, թե որն է առաջնահերթությունը՝ ճշգրիտ չի լինի։ Նորից եմ կրկնում՝ այսօր  կան բնակավայրեր, որոնք «ապրող»  եկեղեցիներ չունեն և հանրային պահանջ կամ ցանկություն կա հիմնելու նորերը: Մյուս կողմից էլ մեր հսկայական հոգևոր ժառանգության մի ստվար զանգված կարիքն ունի վերականգնման: Հետևաբար՝  երկուսն էլ կարևոր  և առաջնային են»:

Մեր զրուցակցի խոսքով՝  եկեղեցաշինությունը մեծամասամբ տեղի է ունենում բարերարների ցանկությամբ և աջակցությամբ, բնականաբար հնարավոր խորհրդակցության պարագայում առաջարկվում է ներդրում  կատարել թե՛ նոր եկեղեցիների կառուցման և թե՛ մեր հին եկեղեցիների բարկարգման համար: «Այնուհանդերձ, մեր բոլորի փափագը մեկն  է՝  տեսնել մեր ժառանգությունը բարեկարգ վիճակում, սակայն ոչ թե հուշարձանների կարգավիճակում, այլ հատկապես ապրող, գործող, աստվածային խոսքի կենդանի քարոզչության իրականությամբ»:

tavushi_temi_arajnord

Ռուզաննա Աղաբաբյան (Culture.AM)

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0