a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Լեհ հնագետները նկարահանել-սկանավորել են Արտաշատի և Մեծամորի հնավայրերի տարածքը

Artashat

Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի արշավախմբերն աշխատում են Մեծամորի և Արտաշատի հնավայրերում։ Այս մասին հայտնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը: Ինստիտուտի երկրորդ արշավախումբն այս տարի ևս ուսումնասիրել է Հայաստանի հին մայրաքաղաք Արտաշատի տարածքի այն հատվածը, որտեղ 1970-ական թվականներին հայտնաբերվել էր Տրոյանոսի հայտնի լատինատառ արձանագրությունը, որտեղ խոսվում է Արտաշատ քաղաքում հռոմեական լեգեոն թողնելու մասին։ Արձանագրությունը հրատարակված է, սակայն դրա գտնվելու վայրը մանրակրկիտ ուսումնասիրված չէ։ Փաստով հետաքրքրված են լեհ հնագետները, որովհետև եթե լեգեոնը կայանել է Արտաշատի մոտ, ապա այդ տարածքում պետք է որ պահպանված լինեին նաև կայատանեղի-ճամբարի մնացորդները։ Լեհական երկրորդ աշավախումբը վերջերս աշխատել է այդ հատվածում. հատուկ սարքերի միջոցով վերևից նկարահանել-սկանավորել տարածքը, ինչը հնարավորություն է տվել ավելի ստույգ տեղորոշելու խնդրո առարկա կառույցի մնացորդները։

Լեհական կողմն առաջարկել է Մեծամոր հնավայրում, մասնավորապես միջնաբերդում, պեղված քաղաքային թաղամասում, բլրի հարավարևելյան լանջին և դամբարանադաշտում ևս իրականացնել նմանօրինակ նկարահանումներ։ ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի կարծիքով՝ այն հատվածում, որտեղ պեղումներ դեռ չեն արվել, այդ նկարահանումները հնարավություն են տալիս որոշակի տեղեկատվություն ստանալ ստորգետնյա կառույցների մասին։

-Այս աշխատանքները մեզ հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ աշխատել կոնկրետ տարածքում և եզրակացնել, թե մոտավորապես հնավայրի որ հատվածում կարող են կառույցների մնացորդներ պահպանված լինել։ Հենց այդ ուսումնասիրության շնորհիվ էլ 2017 թ. աշնանը Մեծամորի հայ-լեհական հնագիտական աշխավախումբը ավելի արդյունավետ կաշխատի քաղաքային թաղամասում և դամբարանադաշտում, -ասել է Ա.Փիլիպոսյանը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0