a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
04/05/2015

Կինո «Նաիրի»` կենդանի պատմություն

Culture.AM Nairi

«Նաիրի» կինոթատրոնը երեւանցիների ամենասիրելի վայրերից մեկն էր: Ցավոք, այսօր այն, ինչպես եւ շատ այլ վայրեր, զրկվել է իր երբեմնի փառքից եւ հազիվ գոյություն է պահպանում: Ըստ էության, այդ արդեն չի կարելի «կինոթատրոն» անվանել, քանի որ ամբողջ ենթակառուցվածքից պահպանվել է միայն դահլիճը…

Բնակիչ Եվգենիա Սարգսյան` շենքը կառուցվել է հայրիկիս առաջարկով

Հայրս՝ Յակով Սարգսյանը, 1948-ից զբաղեցնում էր Երեւանի էլեկտրալամպերի գործարանի տնօրենի պաշտոնը: «Նաիրի» կինոթատրոնի շենքը կառուցվել է նրա առաջարկով՝ հատուկ գործարանի աշխատակիցների համար:

Շենքը նախագծվել է Գեւորգ Թամանյանի կողմից եւ կառուցվել է Գրիգորի Մելիքյանի ղեկավարած շինարարական վարչության կողմից: Երբ շենքն արդեն պատրաստ էր, հորս կանչեցին եւ հարցրեցին` ի՞նչ կցանկանար տեսնել անկյունային տարածքում՝ խանութ, թե կինոթատրոն: Հայրս ընտրեց կինոթատրոնը, եւ շուտով այստեղ հայտնվեց «Նաիրի»-ն, որը մեծ ուրախություն էր բոլորիս համար:

Իհարկե, կինո շատ հաճախ էինք գնում: «Նաիրին» մշտապես աչքի էր ընկում իր բարձրորակ ֆիլմային ծրագրով: Ինձ համար այնտեղ դիտված ամենահիշարժան ֆիլմերից էին «Ռոքոն եւ նրա եղբայրները», «Путь в высшее общество»-ն եւ «Սիրո տարիքը»՝Լոլիտա Թորեսի գլխավոր դերակատարությամբ: Այդ վերջին ֆիլմը շատ երկար էր ցուցադրվում, մոտ երեք ամիս, եւ այդ ողջ ընթացքում ցուցադրությունների ժամանակ, բակի կողմից լսվում էին ֆիլմում հնչող մեղեդիները, ինչը ուրախություն էր պարգեւում բոլոր բնակիչներին:


«Նաիրի» կինոթատրոնը:
Լուսանկարը`“Архитектура Советской Армении” գրքից:

Կինոթատրոնն ուներ նաեւ լավ բուֆետ, որտեղից հաճախ պաղպաղակ էինք գնում:

Կինո գնալու հաճույքը կրկնապատկվում էր նվագախմբի շնորհիվ, որի կազմում էր երիտասարդ Մարտին Վարդազարյանը: Շատ էինք սիրում «Նաիրիի» դահլիճը` այն կորաձեւ էր եւ ցանկացած տեղից հարմար էր դիտել ֆիլմը:

Այդ տարիներին մեր թաղամասում տիրում էր յուրահատուկ ստեղծագործական մթնոլորտ, որը ձեւավորվել էր մոտակայքում գտնվող Կոնսերվատորիայի, Թատերական ինստիտուտի, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի, «Դերասանական» սրճարանի, Արվեստի գործիչների շենքի (АДРИ) բնակիչների շնորհիվ:

«Նաիրիի» շենքում բնակվել է ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանը: Նա, թերեւս, մեր շենքի միակ հայտնի բնակիչն էր: Մեր շենքում ապրում էին պարզապես լավ մարդիկ, որոնց հետ կապված են իմ ամենաջերմ հիշողությունները: Հիշում եմ առաջին հարկում բնակվող Եղիշ պապիկին` ժամանակին նա խաղողի վազ էր տնկել, որը տարիների ընթացքում բարձրացավ մինչեւ չորրորդ հարկ:

Ցավում եմ, որ այսօր շենքը կորցրել է իր սկզբնական տեսքը՝ առաջին հարկերը զբաղեցրել են խանութներ, ավելացել են աստիճաններ եւ ծածկեր, կինո «Նաիրի»-ն գրեթե չի գործում եւ նրա ապագան անորոշ է: Հին բնակիչներից շատերը վաճառել են իրենց բնակարանները եւ այլեւս գրեթե ոչինչ չի հիշեցնում այն տարիներին տիրող կախարդական մթնոլորտի մասին:


«Նաիրի» կինոթատրոնը:
Լուսանկարը` Ֆոտոլուր:

Մարտին Վարդազարյան` մոտ երկու տարի աշխատեցի «Նաիրի» կինոթատրոնի նվագախմբում

1956 թվականը ճակատագրական էր ինձ համար. ընդունվեցի կոնսերվատորիա, հրավիրվեցի ռադիոյի էստրադային կվինտետ` որպես ակորդեոնահար եւ առաջարկություն ստացա աշխատել «Նաիրի» կինոթատրոնի նվագախմբում՝ որպես դաշնակահար:

Նվագել նվագախմբում,այն էլ՝ կինոթատրոնի, շատ անհրաժեշտ փորձ է յուրաքանչյուր երաժշտի համար: Երեւանում կար այդ կուլտուրան` «Մոսկվա», «Սասունցի Դավիթ», «Հայրենիք» կինոթատրոնները ունեին իրենց նվագախմբերը: Կինոյի յուրաքանչյուր սեանսից առաջ կատարում էինք հանրածանոթ երաժշտություն: Ի դեպ, եթե ֆիլմում հիշվող երաժշտություն էր լինում, հաջորդ օրն արդեն նվագախումբը ներկայացնում էր այն հանդիսատեսին:

Շատ լավ մթնոլորտ էր: Առաջին հարկում բեմահարթակ կար, որի վրա նստում էին շեփորահարներ Աբգարն ու Կոլյան, երկու հիանալի վետերան սաքսոֆոնահարներ ունեինք` Աշոտն ու Բուլիկը, հարվածային գործիքներ նվագողը՝ բռնցքամարտիկ Վիլիկը: Մեր ղեկավարը Կիմն էր, եթե չեմ սխալվում՝ Օհանյան: Յուրաքանչյուր շաբաթ նոր ծրագիր էինք ներկայացնում: Հիմնականում հանդիսատեսը կինոթատրոն էր գալիս ոչ միայն ֆիլմ դիտելու, այլ նաեւ մեզ ունկնդրելու համար: Հետագայում նվագախմբի կազմը փոխվեց: Կինոթատրոնում աշխատեցի մոտ 2 տարի:

«Նաիրի» կինոթատրոնի առանձնահատկությունն այն էր, որ դահլիճում վատ նստատեղ չկար: Սա երիտասարդության ամենասիրելի վայրերից մեկն էր: Երբ նոր ֆիլմ էր լինում, ուսանողությունը հենց առաջին սեանսին ներկա էր` իհարկե դասերից փախչելու հաշվին: Մի յուրահատուկ մրցակցություն կար` «ես արդեն տեսել եմ այս ֆիլմը»: Հենց ուսանողությունից էր կախված ֆիլմի հաջողությունը, նրանք էին գնահատական տալիս:


«Նաիրի» կինոթատրոնը:
Լուսանկարը` Ա.Խանոյանի արխիվից:

Մենք միշտ սպասում էինք ֆիլմի վերջին սեանսին, որովհետեւ նախորդ սեանսներին չէինք հասցնում ֆիլմը մինչեւ վերջ դիտել: Կինոթատրոնում նաեւ հարմար բուֆետ` կային մարդիկ, որոնք սիրում էին հենց «Նաիրի»-ի բուտերբրոդները` երշիկով ու պանրով: Ի դեպ, բուֆետ էին բերվում նաեւ Պոնչիկանոցի պոնչիկները:

Կինոթատրոնի մթնոլորտը արվեստով էր շնչում` հարեւանությամբ դերասանների շենքն է, որի երկրորդ հարկում բնակվում էր Ռոբերտ Յոլչյանը: Ամեն անգամ անցնելիս ողջունում էինք միմյանց: Երբ արվեստագետները կինոթատրոն էին գալիս` տոն էր լինում: Հաճախ այստեղ էին լինում Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը: Կինոթատրոնը նաեւ սիրահարվածների հավաքատեղին էր: Նրանց թվին պատկանում էի նաեւ ես՝ ապագա տիկնոջս հետ «Նաիրի» էինք գնում:

Շենքի տակ Արվեստի աշխատողների տունն էր, որի  գրադարանում տեղի էին ունենում տարբեր միջոցառումներ եւ արվեստագետների հետ հանդիպումներ:

Այսօր իրոք շատ բան է փոխվել, գնահատական չեմ տալիս, ինքներդ տվեք՝ համեմատելով պատմածիս հետ:

Կինոգետ Դավիթ Մուրադյան` կինոյի «անպոպկոռն» տարիներն էին

«Նաիրի»-ն Երեւանի ամենահին կինոթատրոնն է: Այն սկսեց գործել 1920-ականներին` այն ժամանակ գտնվում էր Ամիրյան փողոցի վրա՝ ներկայիս ԱԳՆ շենքի վայրում: 1953 թվականին «Նաիրին» տեղափոխվեց Մաշտոցի պողոտայի եւ Իսահակյանի փողոցի խաչմերուկում գտնվող նորակառույց շենքը:


«Նաիրի» կինոթատրոնը Ամիրյան փողոցում:
Լուսանկարը` «Իմ Երեւանը» գրքից:

Նոր «Նաիրին» ու նրա հարակից տարածքը այն վայրերն էին, որտեղ ձեւավորվում էր Երեւանի երիտասարդությունը` Թատերական ինստիտուտը, Կոնսերվատորիան, Դրամատիկական թատրոնը, «Գարուն» ամսագրի խմբագրությունը, սրճարանները: Այս ամենի շնորհիվ շուրջբոլորը ողողված էր արտիստիկ, ստեղծագործական շնչով:

«Նաիրին» համախոհների հանդիպման վայր էր՝60-ականների սկզբներին երիտասարդությունը ցանկանում էր հնարավորինս նոր եւ արդիական լինել: Այդ շրջանում «երկաթե վարագույրը» որոշակի ճեղքեր էր տվել՝ ինչը հնարավորություն էր տալիս ուսումնասիրել նոր գրականություն, նոր ֆիլմեր: Ամեն տարի «Նաիրի»-ում  ցուցադրում էին Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը:

Դահլիճում փայտյա աթոռներ էին, ռուսերեն ասում են` «откидные»: Կինոյի «անպոպկոռն» տարիներն էին, երբ ֆիլմը ծամելով չէին դիտում:

Տոմսի գինը 25 կոպեկ էր: Ըստ ստանդարտի, ֆիլմը չպետք է տեւեր 1 ժամ 40 րոպեից ավելի երկար: Որոշ արտասահմանյան ֆիլմերը բավականին երկար էին տեւում, ուստի ադմինիստրացիան դրանք բաժանում էր երկու մասի եւ երկու տոմս վաճառում, հանդիսատեսն էլ մտածում էր, որ այդ ֆիլմերը սերիաներ ունի:


«Նաիրի» կինոթատրոնը:
Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան:

Այսօր ես ինձ կողոպտված եմ ինձ զգում՝ կինոթատրոնից մնացել է մի փոքր դահլիճ այն դեպքում, երբ «Նաիրին» կարող էր դառնալ բազմապրոֆիլային մշակութային կենտրոն` չէ որ Երեւանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնով հավակնում է դառնալ տարածաշրջանային կինոմայրաքաղաք:

Ազգային Կինոկենտրոնի նախագահ Գեւորգ Գեւորգյան` հնարավոր է, հրաժարվենք «Նաիրի» կինոթատրոնում գործունեություն ծավալելուց

«Նաիրի» կինոթատրոնը մշտապես երիտասարդների սիրելի վայրն է եղել` ուսանողության, աշակերտների հավաքատեղին: Հաշվի առնելով, որ հարեւանությամբ էլ «Պոնչիկանոց»-ն է, այս վայրը միշտ բազմամարդ է եղել:

Ժամանակին «Նաիրի»-ում հիմնականում ցուցադրվում էին հայկական ֆիլմեր: Նաեւ պարտադիր պետք է ցուցադրվեին Խորհրդային Միության հանրապետություններում նկարահանված ֆիլմերը: Երիտասարդ տարիներին «Նաիրի» կինոթատրոնը նաեւ մեր սիրային հանդիպումների վայրն էր:

«Նաիրի» կինոթատրոնի դիմացի մայթին ապակեպատ սրճարան կար, որն անվանում էին «Դերասանական»: Այստեղ սիրում էին հավաքվել գրողները, դերասանները, արվեստագետները: Այստեղ հաճախ կարելի էր տեսնել Հովհաննես Շիրազին եւ  Լեւոն Ներսիսյանին:

Ինձ համար ցավալի էր, որ լինելով մեր առաջատար կինոթատրոններից մեկը, «Նաիրի»-ն դադարեց գործել: Փորձում եմ ինչ-որ չափով իրականացնել նպատակս, որ կինոթատրոնը գործի ըստ նշանակության:

«Նաիրին» սեփականաշնորհված է, իսկ շենքում, կինոթատրոնից բացի, տարբեր այլ հաստատություններ են գործում: Ըստ էության, երբեմնի կինոթատրոնից մնացել է միայն մեկ դահլիճը:


«Նաիրի» կինոթատրոնը:
Լուսանկարը` Ֆոտոլուր:

2010 թվականին Հայաստանի ազգային կինոյի զարգացման հիմնադրամն ու Հայաստանի ազգային կինոկենտրոնը վարձակալեցին դահլիճն ու որոշեցին համատեղ ուժերով աշխատացնել այն: Դիմեցի Երեւանի քաղաքապետարան, կրթության նախարարություն` այս վայրը մշակութային կենտրոն վերածելու համար:

Սկզբնական շրջանում կրթության նախարարությունն ու քաղաքապետարանը ընդառաջեցին` դպրոցականների համար հատուկ մշակված ծրագրով «Նաիրի»-ում դասագրքային ծրագրով ֆիլմեր սկսեցին ցուցադրվել` «Նամուսը», «Սասունցի Դավիթը» եւ այլն: Տոմսերի արժեքը կազմում էր 100-150 դրամ: Հետագայում, դժբախտաբար, կրթության նախարարությունը հրաժարվեց այս ծրագրից: Քաղաքապետարանն էլ այս տարի դեռ որոշում չի կայացրել ծրագրի շարունակության վերաբերյալ:

Mediamax-ի փոխանցմամբ այժմ կինոթատրոնում մանկական, անիմացիոն, հայկական, արտասահմանյան ֆիլմերի ծրագրեր կան: Բայց այս ֆիլմերի ցուցադրությունը չի արդարացնում մեր սպասումները: Ֆինանսական աջակցություն չունենք, իսկ տոմսերի վաճառքից ստացված հասույթը չի բավարարում ծախսերը հոգալու համար: Սպասում ենք Երեւանի քաղաքապետարանի որոշմանը` եթե այսպես շարունակվի, որքան էլ ցավալի չէ, մենք էլ կհրաժարվենք «Նաիրի» կինոթատրոնում որեւէ գործունեություն ծավալելուց:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0