a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ադրբեջանցիները հաճախում են Միրզոևկայի հայկական դպրոց

Culture.AM Artsakh

Ծնված օրվանից ապրելով Վրաստանում՝ ութամյա Զվեյդա Մամեդովան, ով ազգությամբ ադրբեջանցի է, ամենավարժն է խոսում հայերեն: Միրզոևկա գյուղի բոլոր ադրբեջանցիները, այդ թվում և նրա հայրը` Թոֆիկ Մամեդովը, ավարտել են տեղի ութամյա հայկական դպրոցը և հրաշալի գիտեն հայերեն: Զվեյդայի մայրը` Սվետլանան, ժամանակին ևս ավարտել է հայկական դպրոց` Հայաստանի Ամասիայի շրջանում: Անհավատալի է, անշուշտ, բայց Միրզոևկայում ադրբեջանցիները հաճախում են հայկական դպրոց ու առաջինն են ծանոթանում մեսրոպյան այբուբենին: Գյուղի մի քանի անդրբեջանական ընտանիքների համար հայերի շրջապատում բնակվելը և իրենց երեխաներին հայկական դպրոց տալը գալիս է դեռ խորհրդային ժամանակներից:
Այո, Վրաստանի Միրզոևկա գյուղում հայերն ու ադրբեջանցիները պահել են պարզ մարդկային, դրացիական հարաբերությունները:
Հայաստանի Տավուշի մարզին սահմանակից Մառնեուլի շրջանում բնակչության մեծամասնությունը ադրբեջանցիներ են, թեև կան նաև մոտ տասը հազար հայեր, որոնք բնակվում են ինչպես ադրբեջանական բնակավայրերում՝ Մառնեուլ քաղաքում, Սադախլո, Իմիրի և այլ գյուղերում, այնպես էլ հայկական գյուղերում` Շահումյան, Կարմիր, Ախքյոռփի, Չանախչի և այլն: Միրզոեւկան մայրաքաղաք Թբիլիսիից մոտ քսան մղոն է հեռու: Գյուղի հարևանությամբ են անցնում Երևան-Թբիլիսի ավտոմայրուղին և երկու պետությունները կապող երկաթուղին:

Էլմիրա Թարզյանը Միրզոևկա է եկել Ջավախքի հայ կաթոլիկ Հեշտիա գյուղից և տասնամյակներ հայոց լեզու և գրականություն է դասավանդում տեղի դպրոցում: Դպրոցում կան դասարաններ,  որտեղ հայ երեխաների հետ նույն նստարանին հայերեն են սովորում գյուղի ադրբեջանցի տասներկու աշակերտները և մի քանի ասորիները: Քանի որ մոտակա ադրբեջանական դպրոցը երեք-չորս մղոն հեռու է Միրզոևկայից, տեղի ադրբեջանցիները նախընտրում են ութամյա հայկական կրթություն ստանալ տեղում, ապա միջնակարգը ավարտել ռուսական կամ ադրբեջանական դպրոցում: Այս կողմերում բնակվող ադրբեջանցիները, հայերը, մյուս ազգությունները գիտեն մի քանի լեզուներ, իսկ ամենակարևորը՝   գրեթե բոլորը գիտեն միմյանց լեզուները:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Էլմիրա Թարզյանի համոզմամբ չկա ավատ ազգ, կան վատ մարդիկ։

Միրզոևկան եղել է հայ-ասորիաբնակ գյուղ: Բնակիչների պատմելով, գյուղի հողատարածքները պատկանել են Բաքվի հայ նավթարդյունահանողներից Միրզոևին, ով համաձայնել է հող տրամադրել Պարսկաստանի հյուսիսից հայերի հետ գաղթած ասորիներին: Հետագայում գյուղում հաստատվել են նաև ադրբեջանցիներ: Ընդհանրապես, այս կողմերում հայ-ադրբեջանական բնական, երբեմն` բարեկամական հարաբերությունները պահպանվել են անգամ ղարաբաղյան պատերազմի ամենարյունալի շրջանում: Տեղի հայերը ցավում էին արցախցի իրենց հայրենակիցների, ադրբեջանցիները` Ադրբեջանի համար, սակայն դա չխանգարեց, որպեսզի երկու ժողովուրդները խուսափեն հնարավոր բախումներից երրորդ երկրի տարածքում:
Կարմիրում հայերը վատ չեն ապրում․ հողը շատ բերրի է, եղանակները տաք են, ինչն էլ հնարավորություն է տալիս վաղ գարնանը ստանալ առաջին բերքը և բարձր գներով վաճառել: Սակայն հայերը բողոքում են, որ նախկինի նման չեն կարողանում իրենց բերքը հասցնել Հայաստան, քանի որ մաքսատանը խնդիրներ են առաջանում: Սահմանամերձ շրջաններում բնակվող հայերը մի ժամանակ արտոնություն ունեին` առանց հարկեր վճարելու ազատորեն իրենց մեքենաներով մտնում էին Հայաստանի տարածք: Այսօր օրենքը բոլոր քաղաքացիների համար մեկ է. ավտոմենքենայով յուրաքանչյուր անգամ Հայաստան մտնել-դուրս գալու համար անհրաժեշտ է վճարել մոտ քառասուն դոլար, որը փոքր գումար չէ գյուղացիների համար: Հայաստան մտնել-դուրս գալու դժվարությունները հատկապես նյարդայնացնում է Մառնեուլի շրջանի հայկական այն գյուղերի բնակիչներին, որոնք անբերրիության սակավահողության պատճառով շատ դժվար են ապրում: Այդպիսի գյուղերը մի քանիսն են, ինչպես օրինակ Շահումյանը, որը ցարական ժամանակներում, երբ Անդրկովկասը Ռուսաստանի մաս էր, Բորչալու գավառի կենտրոնն էր: Շահումյանը ավելի քան երեք հարյուր տարի առաջ հիմնադրել են այստեղ տեղափոխված արցախահայերը: Այսօր էլ, ի տարբերություն շրջանի մյուս հայկական գյուղերի, որտեղ խոսում են գրականին մոտ արարատյան բարբառով, Շահումյանում խոսում են մաքուր Ղարաբաղի բարբառով: Ավելին, եթե արցախահայությունը խանական և ադրբեջանական վերահսկողության տարիներին կորցրել է որոշ սովորույթներ ու ավանդույթներ, ապա Շահումյանում դրանք պահպանվել են:

Խորհրդային տարիներին շահումյանցիները հայտնի էին նրանով, որ Բաքվից ձկնկիթի և ասետրինա կոչվող թանկ ձկան հիմնական մատակարարն էին Վրաստանում և Հայաստանում: Ճիշտ է, օրենքով առևտուրը անհատների համար խորհրդային երկրում ընդհանրապես արգելված էր՝ պատժվում էր քրեական օրենսգրքով, սակայն կային բացառություններ: Հատկապես ութսունական թվականներին, երբ խորհրդային երկրի խանութների ցուցափեղկերը դատարկ էին և կարելի էր գնել օրինակ միայն մեկ տեսակի երշիկ կամ անորակ հագուստ, Շահումյանում շատ թանկ գներով վաճառվում էր չեխական հախճապակի, հարավսլավական կոշիկ և այլ ապրանքներ, որոնք պարզապես շքեղություն էին խորհրդային երկրի միլիոնավոր քաղաքացիների համար:

Հիմա Շահումյանը շատ է խեղճացել ու անհավատալիորեն աղքատացել: Ժամանակին շուրջ տասը հազար բնակիչ ունեցող քաղաքատիպ ավանից միայն չորս հազարն է մնացել: Շատերը, ովքեր սովոր էին առեւտրին եւ լավ փողերին, հեռացել են այլ երկրներ, քիչ քանակությամբ` նաեւ Հայաստան: Այսօր շահումյանցիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ: Այստեղ շատ լավ է աճում արքայախնձորը, սակայն Հայաստան տեղափոխելու դժվարությունը նրանց ստիպում է ցածր գներով բերքը վաճառել Շահումյան եկող վերավաճառողներին:

Aniarc.am-ի փոխանցմամբ գյուղի բնակիչներից մեկը՝ Ալեքսանդր Բաբաջանյանը ասել է, որ Խորհրդային Հայաստանը ավելի սրտացավ էր Շահումյանի նկատմամբ, քան այսօրվա անկախ Հայաստանը:

Նա բողոքել է հատկապես Բագրատաշենի մաքսատան աշխատակիցներից, որոնց, նրա ասելով, բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ ազգության մարդ է մտնում Հայաստան:

ՙԵթե հնարավոր լիներ, էլի շատ ընտանիքներ կհեռանային: Այսօր էլ, էլի լավ-վատ յոլա ենք գնում հարևան ադրբեջանական գյուղերի հետ առևտրով: Ադրբեջանցիների հետ շատ լավ հարաբերություններ ունենք, մենք գիտենք թուրքերեն, նրանք` հայերեն: Վրացիները մեզ չեն նեղում, բայց անտարբերության են մատնում՚,- ասել է Բաբաջանյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0