a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Աղետ» նախագիծը Հայաստանում կներկայացվի աշնանը

13246038_1072961176100144_1442074759_n

2016 թ. ապրիլի 30-ին և մայիսի 1-ին Դրեզդենի սինֆոնիկ նվագախմբի ղեկավարությունը կազմակերպել և անցկացրել էր Հայոց ցեղասպանության  ճանաչմանը նվիրված «Աղետ» համերգաշարը: Համերգները կայացել են Դրեզդենում և Բրանդենբուրգում:

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը՝ համերգների ընթացքում հնչել են իր «Surgite Gloriae» ալտի կոնցերտը՝  դուդուկի, դիսկանտի, բարիտոնի և նվագախմբի համար,  թուրք կոմպոզիտոր Զեյնապ Գեդիզլիողլուի «Գրառումներ լռակյացից» ստեղծագործությունը նվագախմբի համար և գերմանացի կոմպոզիտոր Հելմուտ Օհրինգի՝ կիթառի, երգչախմբի և նվագախմբի համար գրված «Դիմում Էրդողանին․ դա ցեղասպանությո’ւն էր» ստեղծագործությունը: Համերգներին մասնակցում էին հայ, սերբ և թուրք երաժիշտներ:

«Հենց մշակույթի մարդիկ կարող են ստեղծել մեծ քաղաքականություն՝ ազնիվ, ճշմարտությունը փնտրող քաղաքականություն։ Արվեստի յուրաքանչյուր գործիչ մեծ քաղաքական գործ է արել իր երկրի համար՝ երկխոսության մեջ մտնելով արտաքին աշխարհի հետ»,-ասաց Շարաֆյանը։

Այս տարվա աշնանը նախատեսվում է  «Աղետ» նախագիծն իրականացնել Սերբիայում, Հայաստանում և Թուրքիայում: Հայաստանյան համերգներին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ առաջին համերգը կկայանա նորյեմբերին՝ Երևանում։

Իսկ թե ինչպե՞ս պետք է նախագիծն իրականացվի Ստամբուլում, ասուլիսի մասնակիցները փակագծերը չբացեցին, սակայն նշեցին, որ արդեն նախնական պայմանավորվածություն կա։

Համերգի մասնակից, ալտահար Արմեն Թորոսյանը մեծ ուրախությամբ նշեց, որ   բեմադրիչ Թոմ Քուասը գերմանացի երեխաների հետ ապրիլի 29-ին բեմադրեց նաև Շարաֆյանի ստեղծագործության հիման վրա գրված «Մուսա լեռան 40 օրը»: «Այն դաստիարակչական մեծ արժեք ունեցավ։ Կազմակերպիչները մեզնից ավելի շատ էին ոգեվորված»,-նշեց ալտահարը։

Չնայած նրան, որ նույն ծրագրով ու խորագրով համերգաշար կազմակերպվել էր դեռ 2015 թ-ին, պաշտոնական Անկարան արձագանքեց միայն 2016 թ-ին: Համերգի նախօրեին այն դիմեց Եվրահանձնաժողովին` պահանջելով կայքում տեղադրված տեքստից  հանել «ցեղասպանություն» բառը: Հետաքրքրականն այն է, որ Եվրահանձնաժողովը «ենթարկվեց» Թուրքիային: Այդ քայլը բողոքի ալիք առաջացրեց գերմանական մի շարք քաղաքական ուժերի շրջանակում, որի արդյունքում  «ցեղասպանություն» բառը վերադարձվեց, սակայն «ԵՄ-ն պատասխանատվություն չի կրում տեղադրված նյութի բովանդակության հետ» տողատակով:

Ասուլիսից հետո Culture.AM-ը Վաչե Շարաֆյանին խնդրեց մեկնաբանել Եվրահանձնաժողովի այս քայլը, ինչին ի պատասխան կոմպոզիտորն ասաց․ «Թող չկրի»։ Culture.AM-ի մյուս հարցին, թե տեղյա՞կ են արդյոք եվրոպական կառույցի այս քայլի մասին մեր արտաքին գերատեսչությունները, կոմպոզիտորն ասաց․ «Զարմացա, որ դահլիճում չտեսա Գերմանիայում Հայաստանի դեսպանին, սակայն ասացին, որ նա մեկնել էր։ Արտաքին գործերի նախարարություն չեմ դիմել։ Ես ուղղակի անում եմ իմ գործը, եթե մեկն ուզենար տեսնել՝ կտեսներ։ Ես տեսնում եմ մարդկանց, որոնք անում են այս ամենը և դրա մասին պետք է խոսվի»։

Նախագծի մասնակիցները բաց նամակով դիմել են Անգելա Մերկելին և Գերմանիայի խորհրդարանին՝ կոչ անելով անհապաղ ճանաչել և դատապարտել  Հայոց ցեղասպանությունը:

 

Սոնա Խաչատրյան (Culture.AM)

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0