a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Այո՛, ես այն ժողովրդից եմ, որը մահացել է՝ առանց թաղվելու». Շառլ Ազնավուր

sharl Culture.AM

Շառլ Ազնավուրի՝ Le Monde-ում հրապարակված հոդվածից.

«Այո՛, ես այն ժողովրդից եմ, որը մահացել է՝ առանց թաղվելու: Հայրս ու մայրս, որոնք կարողացան խուսափել այդ փոթորիկից, հնարավորություն ունեցան ապաստան գտնել Ֆրանսիայում: Դա տեղի չունեցավ այն 1,5 միլիոն հայերի հետ, որոնք սպանվեցին, մորթվեցին եւ տանջանքների ենթարկվեցին դաժան իրադարձությունների ժամանակ, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ավազուտների քամիները, իսկ այնուհետև մոռացությունը՝ քողարկեցին այդ զանգվածային սարսափելի սպանությունները: Թուրքական իշխանությունները, որոնք փոխարինեցին 1915թ. դահիճներին, հետագա տասնամյակների ընթացքում իրականացրին մի մեծագույն պետական ժխտողականություն: Նրանց հույսը` հիշողության կորստի ու միջազգային վախկոտության վրա էր: Եվ քիչ էր մնում՝ նրանք ճիշտ լինեին: Բազմաթիվ տարիներ այդ հանցագործությունը կարող էր շահեկան համարվել թուրքերի համար… Եւ հարկ էր սպասել 1980-ներին, որպեսզի երկրները սկսեն ճանաչել այն` որպես մի ամբողջ ազգի Ցեղասպանություն: Մատների ծայրերի վրա, կիսաձայն: Նախ՝ Եվրախորհրդարանը, 1987-ին: Հետո Ֆրանսիան այն ընդունեց 2001-ի հունվարի 29-ի օրենքով: Շուրջ երկու տասնյակ այլ պետություններ նույնպես այդ արեցին: Իսկ Վատիկանը՝ մի քանի օր առաջ:

Բախվելով այդ իրավիճակին՝ յուրաքանչյուր մարդկային էակ, որը որոշակի առողջ դատողություն եւ բանականություն ունի, կարող է շփոթվել: Ես այդ կանոնից բացառություն չեմ: Ինձ ատելության մթնոլորտում չեն մեծացրել: Ես չեմ նեղանում թուրք ժողովրդից, որը դաստիարակվել է ժխտողականության մթնոլորտում: Ես ի վերջո ցանկանում եմ վստահել այդ երկրի երիտասարդությանն ու ժողովրդին… Եւ գիտեմ, որ մի գեղեցիկ օր այդ երիտասարդությունը կբացի աչքերը եւ հաշիվ կպահանջի իր առաջնորդներից՝ բազմամյա ստի ու անպատվության համար, այն բանի համար, որ անտեղյակ է պահել իրենց` իրենց իսկ պատմության հետ առերեսվելու հարցում: Վստահ եմ, որ իրոք մի օր՝ ոչ շատ հեռավոր, այն կջնջի իր «ճակատից այդ բիծը», ինչպես ասում էր թուրք բանաստեղծ Նազիմ Հիքմեթը, գլուխը չթաքցնելով ավազի մեջ, այլ սեփական պատմությանը տեր կանգնելու ճանապարհով, որը խղճի ազատագրում է լինելու նաև: Եւ այդ նույն օրը, անկասկած, բոլոր պայմանները կարող են ստեղծվել՝ հայ-թուրքական վերջապես անկեղծ ու բարյացակամ երկխոսության մեկնարկի համար:

Ես չեմ ցանկանում հանդես գալ այն մարդու դերում, ով դասեր է տալիս այդ ժողովրդին, այդ երիտասարդությանը: Ո՞վ եմ ես՝ դա անելու համար: Բայց քանի որ ես զոհերի ժառանգ եմ եւ բացի այդ` հասարակական գործիչ, ուրեմն նաև հատուկ պատասխանատվություն եմ զգում այս հարցում… Ես էլ եմ ինչ որ կերպ կրում այդ մեր զոհերի չհանգչող տանջանքների ծանրությունը, և բարոյական հատուցման խիղճն է կապում ինձ նրանց հետ: Ես լսում եմ նրանց աղոթքները, իսկ նրանք անվերջանալի են ու ամենուրեք՝ այդ բազում աղոթքները… Մահացածները` անպաշտպան են: Եւ կենդանի մարդիկ պետք է զգոն լինեն նրանց հիշատակը արժանապատվորեն պահելու համար, որպիսի մոռացությունն ու ժխտումը՝ նրանց նորից չսպանի: Ես համարում եմ, որ դա՝ ամեն հայի սուրբ պարտականությունն է…

Ի վերջո, այն ամենը, ինչ ցանկանում էին ոչնչացնել 1915-ին, դա հենց Հայի ինքնությունն էր, դա այն ամենն էր, ինչով որ մենք Հայ ենք հիմա: Դա՝ ես եմ, բայց եւ՝ դուք: Նրանք, դահիճները, այդպիսով ուզում էին, ինչպես հետո եղավ Օսվենցիմում, սպանել նաև Մարդասիրությունն ընդհանրապես: Ինչո՞ւ երիտթուրքերի կառավարությունն իրականացրեց այդ սարսափելի հանցագործությունը: Ինչո՞ւ կոտորեց այդ անմեղ մարդկանց: Ի վիճակի է արդյո՞ք Թուրքիայի այսօրվա իշխանությունն ասել վերջապես որևիցե ճշմարտության խոսք դրա մասին՝ նամանավանդ, որ թշնամական տրամաբանությունը հայերի հանդեպ մինչ օրս էլ շարունակվում է մոլեգնել իշխանական այդ շրջանակներում: Հիմա ես մտածում եմ նաև Թուրքիայի կողմից փոքրիկ Հայաստանի շրջափակման մասին, Հայաստանի՝ որը ինչ-որ հրաշքով վերապրեց Ցեղասպանությունը…

Այսօր Մերձավոր Արեւելքում շարունակվող վայրագությունների արմատները թաքնված են 1915թ. իրադարձություններում՝ տարածաշրջանն իր վրա է կրում ոչ միայն դրանց կնիքը, այլեւ հիշողությունը: Փաստորեն 100 տարի անց էլ «դեռեւս պտղաբեր է այն արգանդը, որտեղից հայտնվել է զզվելի գազանը»: Մենք դա տեսնում ենք Մերձավոր Արեւելքի փոքրամասնությունների ծանր իրադրության օրինակով, և մենք այդ նույնը տեսնում ենք ավելի պակաս չափով, երբ հարցը հասնում է Հայաստանի ու Արցախի հասցեին հնչող սպառնալիքներին: Այս տարեսկզբից մեկ օր չի անցել՝ առանց Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում որևէ 20-ամյա երիտասարդի զոհվելու: Դա կտոր-կտոր է անում սիրտս: Այսպիսով, մահը շարունակում է դեռ թափառել հայ ժողովրդի շուրջ: Մինչեւ ե՞րբ…

Բայց ամեն դեպքում՝ ցանկանում եմ այս հոդվածն ավարտել դրական տոնայնությամբ: «Հոլոքոստի հիշատակ» կազմակերպության խնդրանքով անցկացված միջազգային հարցումները ցույց են տվել, որ 18-26 տարեկան թուրքերի շուրջ 33%-ը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Եթե հաշվի առնենք այդ երկրում գոյություն ունեցող կոշտ տաբուն՝ այս թիվը վստահություն է ներշնչում: Թող որ այս ողբերգական տարելիցը` ի դեպ սա առաջին դեպքն է պատմության մեջ, որ նշվում է որևէ ցեղասպանության 100-ամյակը, նպաստի վերջապես խղճի արթնացմանը, և կարծես թե հենց դրան էլ ծառայում են հիշատակի բոլոր անցկացվող միջոցառումները ողջ աշխարհում»:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0