a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արցախում հայտնաբերվել են Դիզակի մելիքների տապանաքարերը

Տող_տապանաքար

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախմբի անդամները մարտ ամսից մաքրման և պեղման աշխատանքներ են իրականացնում Տող գյուղի մելիքական ապարանքի տարածքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց հյուսիս գտնվող միջնադարյան գերեզմանոցում։ ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արման Գրիգորյանի խոսքով՝ հնագիտական աշխատանքների ժամանակ այդ տարածքներում բացվում են տապանաքարեր, որոնց մեջ կան նաև Դիզակի հայտնի մելիքների տապաններ։ Այս մասին հայտնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մինչև 1928-30 թթ. Սուրբ Հովհաննեսը գործող եկեղեցի է եղել, խորհրդային տարիներին 18-րդ դարի այս եկեղեցին վերածվել է ակումբի՝ կորցնելով հոգևոր նշանակությունը, սակայն պահպանելով գոյությունը։ Որպես ակումբ ծառայած տարիներին փոխվել է եկեղեցու հատակը. ծածկվել է փայտով և բեմ կառուցվել: 1989-90թթ. փայտե հատակը քանդվել է և հայտնաբերվել են քանդակազարդ քարերի բեկորներ:

Պարզվել է, որ դրանց մեջ է նաև հռչակավոր մելիք Եգանի տապանաքարը: Ըստ պատմական տեղեկությունների՝ Տողում պետք է չորս կամ հինգ մելիքների տապանաքարեր ևս լինեին: Ենթադրվում է, որ դրանք եղել են Սուրբ Հովհաննես եկեղեցու տապանատանը, հավանաբար հենց այդտեղից էլ Մելիք Եգանի տապանաքարը տեղափոխել են եկեղեցու սրահ ու դրել փայտե հատակի տակ՝ կամ որպես շինաքար, կամ էլ ոչնչացումից փրկելու նպատակով։ Հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է նաև, որ եկեղեցին ունեցել է ևս մեկ մուտք, որը խորհրդային տարիներին շարվել է քարով, ծեփվել ավազի ու ցեմենտի խառնուրդով: Քանդելուց հետո պարզվել է, որ մուտքը կամարակապ է: Եկեղեցու հյուսիսային պատը և բակը ծածկված են եղել հողի շերտով։ Արդեն ավարտվել են նաև եկեղեցու հյուսիսային բակի մաքրման և պեղման աշխատանքները։ Բացվել են երկու տասնյակից ավելի տապանաքարեր, բոլորն էլ հիմնականում լավ պահպանված. տեսանելի են տապանների պատկերաքանդակները։ Ինչպես եկեղեցին, այնպես էլ տապանաքարերը թվագրվում են 18-րդ դարով։ Հողի շերտից ազատված տապանաքարերին արձանագրություններ են, խնջույքի պատկերներ, որսի կամ տոնակատարությունների տեսարաններ։

Սուրբ Հովհաննես եկեղեցին «Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոցի տարածքում է և բաց է զբոսաշրջիկների այցելությունների համար:

Նախատեսվում է պեղումներ իրականացնել նաև տապանատան հատվածում և եկեղեցու հարավային բակում՝ մյուս մելիքների տապանաքարերը գտնելու ակնկալիքով: Մելիք Եգանի տապանաքարից բացի հայտնի է ևս մեկի՝ մելիք Բախտամի տապանաքարի գտնվելու վայրը. այն Տողի Նահատակաց եկեղեցում է, իսկ մյուս մելիքների տապանաքարերի ճակատագրերը դեռևս անհայտ են:

Տողում պեղումները շարունակվելու են։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0