a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Եթե լավ գիտես արմատդ՝ ուրեմն ան կպաշտպանես, կգուրգուրաս անոր վրա…”

image-d5c92ea85b06f90038e149e7da202a6062532e38e5ea5c20029e309d475da02b-V

Ասում են, թե մենք հայերս անհատապես փայլող ազգություն ենք:Մենք համաշխարհային մշակույթի երկնակամարին ունենք տարբեր ժամանակներում  վառ փայլող բազմաթիվ “լուսատուներ”,բայց չունենք թիմային ձեռքբերումներ… Սա փաստ է:

Հաճախ եմ մտորել, թե  եթե չի ստացվում մեծամասնությանը հավաքել հայրենասիրության գաղափարի շուրջ, գուցե փորձենք հավաքվել մշակույթի շուրջ: Իսկ եթե անկեղծ՝ իմ խորին համոզմամբ,  երկրորդից բխում է առաջինը… Եթե չգիտես,չես ճանաչում արմատդ ,ինչպե՞ս այն սիրես… և  ահա մտորումներս ինձ կանգնեցնում են փաստի առաջ… ի՞նչ մշակույթ…ա՞յն, որ տարիներ շարունակ ֆաստֆուդի բովանդակությամբ մատուցվում է հանրությանը, որպես իսկական հայկական համադամ մշակույթ…Քավ լիցի,ավելի լավ է այդ դեպքում ուղղակի դիմենք մշակութային սուիցիդի…

Գրողը տանի, մտորումներիս ընթացքում աչքիս է զարնում «Անուշ» օպերայի ազդագիրը, այն բեմադրվում է Լոս Անջելեսում…realy ?(իսկապե՞ս ) չէ՛, ամենակարող տիեզերք, ուրեմն դու վերջնականապես չես մոռացել այս հինավուրց ազգի գոյության պայքարի մասին,ուրեմն բացի ֆաստֆուդից կա նաև մեր ազգայինի ջատագովը…

Ընկնում եմ նյութի ետևից ու հասնում արդեն փողոցի գողտրիկ անկյունում վարդի թփերով օղակված դրսից համեստ մի շինություն վրան գրված « Լարք Երաժշտական ընկերակցություն»: Հա,  մոռացա ասել, որ հասցեն Գլենդել քաղաքում է` բնականաբար (հայկական հետքերը հիմա Գլենդեյլ-Հոլիվուդ-Բրբանկ պիտի փնտրես): Հեռախոսով արդեն պայմանավորվել եմ Անդրանիկ-Էնդիի Թորոսյանի հետ, նա տնօրենների խորհրդի նախագահն է Լարքում, ով խոստացել է որ Լարքում ինձ կպատասխանեն հետաքրքրող բոլոր հարցերին:

Ինչևէ,  ես արդեն շենքի ներսում եմ: Սպասասրահի պատից ինձ է նայում Կոմիտաս վարդապետի մեծադիր դիմանկարը, նստում եմ աթոռին ու առջևի պատին նորից նրա աչքերն են ինձ ժպտում… հմմմ արդեն հաճելի է…լրագրողի հետաքրքրությունն ինձ հուշում է, որ միայն «Անուշով» դժվար թե բավարարվեմ…ես արդեն ուզում եմ իմանալ ովքեր են այն մարդիք, ովքեր կարողանում են էքստրիմ կապիտալիզմի պայմաններում հրուշակարանների ու լահմաջոյանոցի փոխարեն ասել ՝« ոչ միայն հացիով»…

Եվ ահա ներս է մտնում ներդաշնակ մի զույգ ,տղամարդը ժպտալով թե՝« Գայանե՞… ես Անդրանիկն եմ ,ծանոթացեք կինս է՝ Հայկուհին կամ Հայդի նա էլ կոնսերվատորիայի խորհուրդի համանախագահն է : Այս ընթացքում ներս է մտնում ժպտադեմ մի կին և Անդրանիկը կրկին ծանոթացնում է . Լարքի փոխտնորինուհին՝ մեր սիրելի տիկին Թագուհին- «Թագուհի Արզումանյան»ներկայանում է վերջինս … խոսքը -խոսքի ետևից, քայլը քայլի ետևից և մենք ահա տիկին Թագուհու առանձնասենյակում ,երաժշտական դասրաններից հնչող ջութակի և թավջութակի մեղեդիների ներքո ծավալում ենք մեր զրույցը:

Ես մինչ գալս արդեն հասցրել էի իմանալ, որ Լարքը արդեն 28-ից ավելի տարիներ ապրում ու արարում է Լոս Անջելեսում: 1989 թվականին սկիզբ առած ծրագիրը նվիրված է ներկայացնելու հայկական գեղագիտական և մտավոր արժեքները: Այն ներառում է 3 հիմնական մասնաճյուղեր՝ կատարողական,ուսուցողական և հետազոտական… զրույցի ընթացքում իմացա նաև որ ընկերակցությունը կազմակերպել է արդեն 300-ից ավելի համերգներ, հրատարակել ավելի քան 30 գիտական աշխատանքներ, թողարկել ձայնասկավառակներ, հյուրնկալել գիտական սիմպոզիումներ և դասախոսություններ` նվաճելով նահանգային հուշագրեր ու պատվոգրեր ազգային և միջազգային մակարդակներով, կրթել և ուսուցանել է հարյուրավոր ուսանողների ոչ միայն Հայ համայնքի այլև հարավային Քալիֆորնիայի արվեստների շրջանակներում: հարցս ՝ Ինձ կասե՞ք ով է այս հանճարեղ գաղափարի հեղինակը ,երբ և ինչպես է ծնունդ առել…

Հարցիս պատասխանում է տիկին Թագուհին- Լարքը սեղծվել է Մեծ երաժիշտ Վաչե Բարսումյանի կողմից,ով իր շուրջն է հավաքել երաժիշտների ,մշակութասեր անհատների,արվեստագետների մի առաքելությամբ ,որպեսզի պահպանվի հայ երաժշտությունը ,հայ մշակույթը և նպաստի նաև նրա զարգացմանն ու տարածմանը: Լարքը նաև մի ինքնատիպ հոգևոր կամուրջ է հանդիսացել սփյուռքի և Հայաստանի միջև ներկայացնելով նաև հայ մեծանուն երաժիշտներին ու արվեստագետներին ,ինչպիսիք եին Օհան Դուրյանը,Տիգրան Մանսուրյանը ,Ալեքսանդր Հարությունյանը,Էդվարդ Միրզոյանը,Ռոբերտ Ամիրխանյանը և նաև այլ երիտասարդ կոմպոզիտորների ու արվեստագետների… ես  մտքիս մեջ հույս փայփայելով լսել մի դրական բան հարցնում եմ՝« Այ ասում եք հոգևոր կամուրջ,աշխատո՞ւմ եք արդյոք մեր Մշակույթի նախարարության հետ, Մեր ասելով նկատի ունեմ Հայաստանի…(կարկամած իրար են նայում… ) ինչ որ կապ կա՞ արդյոք:

Թ. Ա- պետք է ասեմ, որ ոչ այնքան սերտ հարաբերություններ կան …չէ, անմիջական հարաբերություններ չկան… Անդրանիկ Թորոսյանն է օգնության հասնում՝-Հոգեպես,  իսկ Հայկուհին ավելացնում է ՝- պարզապես հոգևոր կամուրջ կա մեր և Հայաստանի երաժիշտների միջև… ես՝«—ասում են մենք անհատներով փայլատակող ազգություն ենք : բայց ես նկատում եմ որ դուք (Լարքի կազմակերպիչներդ), հաղթահարել եք այդ գիծը,ներառելով հրաշալի, տաղանդաշատ, արվեստասեր անհատների ունեցել եք փայլուն թիմային դրսևորումներ ձեր որդեգրած 3 բնագավառներում. որտե՞ղ է գաղտնիքը: Անդրանիկ Թ. – երևի գաղտնիքներից մեկը, կամ ամենակարևորն այն է, որ մենք չենք պատկանում ոչ մի քաղաքական ,եկեղեցական կամ այլ հոսանքների: Մենք անկախ ենք, ինքնուրույն, շահույթ չհետապնդող կազմակերպություն ենք: Սփյուռքի մեջ մեր ձգտումը մնում է հայ մնալը, հայ արվեստը բարձր պահելը,հայասեր լինելն ու դրսևորվելը…Սա ազատ երկիր է ,և դու քո կյանքը դասավորում ես  ինչպես ամերիկացի՝ գնում ես “փաբլիկ” դպրոց, հետո բարձրագույն կրթություն ես ստանում,տարբեր ազդեցությունների ես “ենթարկվում” և գրեթե չես մտածում արմատներիդ մասին… բայց, այ երբ ընտանիք ես կազմում և երեխաներ ես ունենում,նրանց դաստիարակությամբ զբաղվում, ուզում ես, որ երեխադ հայ մեծանա, ավելի հայեցի լինի, ստանա լավագույն կրթությունը… այ էդպես ես ու Հայկուհին ,մեր դստեր Սոֆիի համար ուզեցինք գտնել լավագույն կրթությունը : Գիտե՞ս, մենք Հայաստանում չենք որ ամեն օր արթնանանք ու Մասիս սարը տեսնենք մեր պատուհանից ,կամ դուրս գանք փողոց ու հայերեն լսենք… այստեղ մենք պետք է ստեղծենք մեր «Հայաստանը»… և քանի որ Հայկուհին ուներ երաժշտական կրթություն, Սոֆիի համար հայկական և երաժշտական միջավայրի պրպտումը մեզ բերեց Լարք… Հայկուհին խանդավառ աչքերով շարունակում է-եկա, առաջին օրը ,տեսա տիկին Թագուհուն ,ծանոթացա դպրոցին,տեսա ուսուցիչներին, որոնցից շատերին գիտեի երաժշտական շրջանակներից ,դեռ փոքրիկ աղջնակ եղած ժամանակներից ,ոգևորված էի ,բայց ուզում էի մտածել, էլի փնտրել և ասեցի, թե ես Ձեզ կտեղեկացնեմ: Իսկ տիկին թագուհին շատ անմիջական ասեց թե՝- «իսկ ինչի՞ հիմա չեք ուզում արձանագրել». Անկեղծ ասած, այդ ջերմ հայկական մոտեցումն ինձ ուղղակի գերեց, ինձ օգնեց հավատալու, որ սա մի տեղ է, ուր ուզում ես, որ դու լինես , ավելին ՝ դու պատկանում ես այդ միջավայրին և դու պիտի լինես էդտեղ… Ես հասկացա, որ Լարքը հզոր ՝ հայկական – երաժշտական կառույց է…
Ես-« այո այդ հզորության զգացողությունը ես էլ ունեցա… ամենուրեք Կոմիտասի հայացքն էր , նա իսկապես ներշնչող է…  Հ.Թ-Այո, մեր երաժշտանոցի պատերին կարող եք տեսնել Կոմիտաս , Բախ,Մաշտոց Շեքսպիր,Խորենացի, Նարեկացի… Սրանք Բարսումյանի կուռքերն են ..Մաշտոցն ու Կոմիտասը մեր քերթողահայրերն են …» «Այո».-շարունակում է տիկին Թագուհին. «Կոմիտասն, իրոք, շատերին է ոգևորել,այ 100-ամյակի շրջանակներում երբ ծրագիր էինք կազմում, 2014-ին մեզ մոտեցավ ամերիկացի կոմպոզիտոր Իան Կրաուսը ,և ասեց, որ ուզում է մի գործ գրի հայ ժողովրդին “պատուհասված” եղեռնի մասին… Ռեքվիեմ… համերգը, որ կոչվեց « Ռեքվիեմ նահատակաց Հայոց», ամբողջությամբ գրված էր հայերեն խոսքի վրա , դիրիժորն էլ Նիլ Սթուլբերգն էր, UCLA երգխաշումբն էր և Լարքը….այն տեղի ունեցավ անցած շաբաթ …մի ցնցող, աննախադեպ բան էր

… Կոմիտասի ոգին ամենքիս հետ է… ես սկսում եմ մտածել որ Անուշի մասին խոսելու գրեթե ժամանակ չմնաց…ի՞նչ արած …այս ամենն իմ համար շա՜տ կիսատ մի բան կլինի, եթե հիմա չտեսնեմ նրան՝ այն մարդուն, ով խենթորոն ասեմ, թե համարձակորեն, կարողացել է ոչ միայն երազել, այլ նաև ձեռնարկել Հայ ոգու , հոգեկերտվածքի դարբնոցի հիմնադդրմանը.. Ես զրուցում եմ նրանց հետ Լարք երաժշտանոցի “պլանների”,առաջիկայում կայանալիք ասմունքի երեկոյի, 100-ամյակի կապակցությամբ, նրանց մշակած 100 ծրագրերի մասին, անցած ու գալիք նախագծերի մասին ու եզրակացնում ,որ այս 3 զույգ խանդավառ աչքերով հասուն մարդիք իսկապես հսկայական գործ են անում թիմային ամրակուռ ոգին ամուր պահելու համար, նրանք Լարքի 3 հիմնասյուներն են… բայց կա նաև 4-րրդը … և ես ընդհատելով մեր հրաշալի զրույցը, ասում եմ ՝ -«Գիտեմ բոլորդ հիմա տարված եք «Անուշով», բայց ես ուզում եմ ծանոթանալ Վաչե Բարսումյանի հետ:Այս ամենը կիսատ կլինի, եթե ես չտեսնեմ նրան …

Նրանք ինձ առաջնորդում են դեպի գրասենյակ … ուր իսկապես ամեն բան շնչում է արվեստով և «Լարքի » ձեռքբերումների վկայությամբ,պատերը ,սեղանը ,գրապահարաններն ու նույնիսկ սենյակի անկյունները .. և ահա ջերմ ձեռքսեղմումով պսակում ենք մեր ծանոթությունն ու ես հարցնում եմ ՝ – Ինչպե՞ս հղացաք Լարքի գաղափարը , ինչպե՞ս հաջողացրեցիք այն.. պատմեք ինձ խնդրեմ… –  ճիշտն ասած դեռ Լիբանանից ունեի 40 էջանոց մի նախագիծ, բայց պատերազմի պատճառով լքեցինք Լիբանանն ու հանգրվանեցինք Լոս Անջելեսում: 90-ականներ սկզբին մի քանի բարեկամներով որոշեցինք ան իրականցնել 3 փուլով,սակայն որոշ ընկրկումներ եղան,անկումներ… Նպատակն այն էր,որ փոքրիկ Հայաստան ստեղծենք հոս , որովհետև շատ շուտ հայտնի եղավ, որ Հայաստան գնացողներ պիտի չըլլան ,ատ բոլոր բորբոռացողները, որ կային ժամանակին -«ազատ-անկախ Հայաստան որ ըլլա ,պիտի վերադառնանք հայրենիք և այլն» անոնք ոչ մեկ ձևով այդպիսի բան մը չըրին.մենք ալ…մեզի համար ալ դժվար էր… Ինչևէ.. սկիզբը սկսանք երգչախումբ մը ստեղծել,որ ամենադյուրինն էր, որպեսզի մարդ հավաքվի, միասին նստինք , իրարու տեսնինք առօրեա-առշաբաթեա..  հետո տեսանք որուն կրնանք վստահել և բարեկամաներով խումբ ստեղծեցինք որ սկսեց այս նախագիծը կամաց կամաց որդեգրել…որդեգրվեցավ… Մեր հիմնական ծրագիրը Հետախուզական-հետազոտական կենտրոն ստեղծելն էր ՝ Հայ երաժշտությունը արմատացնելու,հայ արվեստը անգլերեն թարգմանելու և աշխարհին ծանոթացնելն էր, որովհետև մենք ունենք արժեքավոր ժառանգություն և ատոր հիմնական երախտավորը Կոմիտաս Վարդապետն է, որ մենակ իր 20-30 տարվա գիտակցական կյանքին մեջ գտավ որ ինչ է հայ երաժշտություը… Տեսակ կա մեր ազգակիցներու մեջ, որ չեն գիտեր կոմիտասի ներդրումը… ՈՒրեմն ,ասինք , դպրոց է պետք ստեղծել ,որ սովորեցնենք աշակերտներուն , քանի որ ինչպես որ երկլեզվանի պիտ ըլլանք այս երկրին մեջ ,այնպես ալ կարող ենք լինել երկմշակութային ՝թե օտարներու մեծ երաժշտական ավանդը յուրացնենլ, թե մեր երաժշտական ավանդը սեփականել և տեր կանգնել ,որպեսզի կարողանանք ապագա սերունդի համար ավելի հստակ ուղղություն ստեղծել: Իսկապես, գեղեցիկ բաներ ունեցած ենք,ոչ միայն վերջին 4-500 տարվա ընթացքին, այլև հազարավոր տարիների …նպատակը ՞…որ մեր դրացիները տեսակ մը կարծիք խունենան թե«OK,ջարդի սերունդներ են ,որոնք հիմա քեբաբ կուտեն », այլ ասեն,  որ՝«օհ իրենք ալ մեր լեզուն կխոսին և երբեմն ալ ավելի լավ»… «Գիտե՞ք անհատական փայլատակումներով չէ,որ պիտի փայլատակենք աշխարհի 4 կողմերում ,մենք իրապես տաղանդավոր շատ մարդիք ունենք…մենք պետք ունենք ազգովին ցույց տալու որքան դիսցիպլինով ենք ,կազմակերպված…ի վերջո դրամով չի չափվի մեր ինքնությունը … Մեր մշակույթային ավանդն իրական հարստություն է : Մեկը,  որ անդրադարձ մը ունենա իր ունեցած հարստությանը չի կրնա հրաժարվել: Հավտացած եմ, որ եթե լավ գիտես արմատդ՝ ուրեմն ան կպաշտպանես կգուրգուրաս անոր վրա…»:

Ահա.. Էվրիկա… այո մեր ինքնությունը բարձրունքին պահելու համար պիտի լավ իմանանք մեր արմատը…

Հ. Գ. « Անուշ» օպերայի մասին էլ շատ զրուցեցինք ,բայց կարծում եմ ավելի լավ է այն Ձեր դատին ներկայացնեմ որպես տեսանախագիծ…

Լոս Անջելեսից՝ հատուկ Culture.AM-ի համար

image-13d8cb7b32d7a5aaaeda2bbd9a88bea87ea2b014e65f19f55143d66067fd7771-V image-174df130c708292f9f49bdc08375d90e940d4e600cc375a9c3789358ada62228-V image-94424d0259409e9193fb3a2968acaad61b38bc16d9084d8c6b8f58a3bb30ecb4-V image-d5c92ea85b06f90038e149e7da202a6062532e38e5ea5c20029e309d475da02b-V image-dd5c8e7968e99cfc989643944a755581bc559b4f79250a4ec4063fe32f1b2e0e-V

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0