a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Եթե մանկավարժն ունի ճաշակ, աշակերտը չի գնում Արմենչիկի համերգին, գնում է Դեմիրճյանի տուն-թանգարան կամ մեկ այլ մշակութային հաստատություն»

6.-Tangarani-hyurasenyak

 

Աբոնեմենտային համակարգը, ըստ որի` հանրակրթական դպրոցների աշակերտները պարբերաբար հաճախում էին թատրոն, թանգարաններ և այլ մշակութային օջախներ, արդեն մի քանի տարի է չի գործում: Դպրոցներում  դրամահավաքը կանխելու համար որոշվեց արգելել աբոնեմենտային համակարգը: Դրամահավաք ասվածը կանխվել է, թե` ոչ, այլ խնդիր է, բայց փաստ է, որ աբոնեմենտային համակարգի վերացումից տուժեցին և’ մշակութային օջախները, և’ աշակերտները:

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանի կարծիքով`շատ բան որոշում է մանկավարժի ճաշակը. «Եթե մանկավարժն ունի ճաշակ, աշակերտը չի գնում Արմենչիկի համերգին, գնում է Դեմիրճյանի տուն-թանգարան կամ մեկ այլ մշակութային հաստատություն, անկախ նրանից, աբոնեմենտ ունի՞, թե՞ ոչ: Բայց երբ  աբոնեմենտային համակարգ է գործում, ճաշակը որոշիչ չի դառնում:  Այստեղ գուցե պարտադրանքի տարր կա, բայց դա կարևոր տարր է, որովհետև եթե մարդը ինքնադաստիարակության, ինքնակրթման շնորհ չի կրում իր ներսում, իրեն պետք է ուղղորդել»: Կարինե Ռաֆայելյանը կողմ է բոլոր այն մշակութաբանների, արվեստաբանների մոտեցմանը, որ ասում են` մարդուն պիտի  պարտադրես, որ նա լսի դասական երաժշտություն: Այսինքն` հեռուստատեսությամբ, ռադիոյով պիտի լինեն  դասական երաժշտության ժամեր, որ մարդն ուզի-չուզի օրվա մեջ մեկ-երկու ժամ դա լսի` չմնալով մուղամի կամ ռաբիսի հույսին:  Նույնը վերաբերում է այցելություններին` թատրոն, թանգարան և այլն:  Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչը հավելեց, որ կան կրթական հաստատություններ, կոլեկտիվներ, որոնց հետ մշտապես համագործակցում են,  ինչը խոսում է մանկավարժների, տնօրենի գիտակից մոտեցման մասին: «Բայց դրանք առանձին անուններ են, մյուսների հետ կայուն կապ չի գործում»,- ընդգծեց նա:
Համազգային պետական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի համոզմամբ` աբոնեմենտային համակարգն առաջին հերթին դաստիարակում է հանդիսատես, որ շատ կարևոր է: Նրա խոսքով`վաղվա թատրոնի հիմքը ապագա հանդիսատեսն է:
Հարց է առաջանում ` առանց այդ պարտադիր, ուղղորդող համակարգի երեխաները չե՞ն հաճախի մշակութային հաստատություններ:

«Աբոնեմենտային համակարգը կազմակերպում է: Երբ դու ազատ ես թողնում, երեխաները հակված են այլ հաճույքներ ընտրելուն, քան արվեստին, մշակույթին, թանգարաններին, երաժշտությանը ծանոթանալուն,- ասաց Վարդան Մկրտչյանը:- Չեմ ասում` բոլոր թատրոնների  բոլոր ներկայացումները պետք է նայեն, բայց, միանշանակ, բոլոր թատրոններում գոնե մեկ- երկու ներկայացում կա, որ աշակերտները պետք է նայեն»:
Անդրադառնալով մեր «Վստա՞հ եք, որ ընտրությունը ճիշտ կլինի, և երեխան թատրոնի հետ առաջին իսկ հանդիպումից հիասթափություն չի ապրի» հարցին` Վարդան Մկրտչյանն ասաց, որ կազմակերպիչները պետք է շահագրգռված լինեն, իմանան` ուր են տանում երեխաներին և ինչու. «Ես նույնիսկ կառաջարկեի, որ կազմակերպիչները նախապես դիտեին ներկայացումները»:

Աբոնեմենտային համակարգի վերացումից հետո տուժե՞լ են թատրոնները` հետաքրքվեցի:  Զրուցակիցս ասաց, որ  թատրոնի կյանքում հեռակա ներդրում է լինում, այնպես չէ, որ միլիոններ են մտնելու թատրոն, աշակերտական տոմսերը բավականին մատչելի են. «Այլ հարց է, որ հետագայում  ունենում ես հանդիսատես, որ պահանջ է ունենում թատրոն գնալու:  Ի վերջո, մենք պետական թատրոն ենք և միայն գումարային օգուտների մասին չպետք է մտածենք: Մենք առաքելություն ունենք: Ինչի՞ համար ենք դոտացիա ստանում պետությունից, որ մատչելի, հասանելի լինենք հանդիսատեսի համար: Եթե որևէ կոմերցիոն «խեղաթյուրանքի» գինը սկսում է 5000 դրամից, մեր տոմսերը 1000 դրամ են, դա չի նշանակում, թե մեր ներկայացումների գինն է այդքան: Ոչ, պարզապես պետությունը մնացածը կոմպեսացնում է:  Դա պետական թատրոնի առավելութունն է»:
Մեր տեղեկություններով` մշակույթի նախարարությունը 2015 թվականին պետական բյուջեով հաստատված հատկացումների շրջանակներում սկսում է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման փորձնական ծրագիրը: ՀՀ մարզերի սահմանապահ համայնքների հանրակրթական դպրոցների 10-14 տարեկան աշակերտները գալու են Երևան, դիտելու են թատերական ներկայացումներ, համերգային ծրագրեր, այցելելու են թանգարաններ: Օպերային ներկայացումը դիտելու են նաև երևանյան դպրոցների աշակերտները, ինչպես նաև սիրիահայ երեխաները: Սակայն  նախկինում գործող աբոնեմենտային համակարգի վերականգման մասին (որը գուցե պետպատվերով չէր, բայց  ամուր էր պահում աշակերտ-մշակութային օջախներ կապը)  առայժ խոսք չկա:

Մշակույթի նախարարը մի առիթով ասաց, որ վերականգնելու են բարի ավանդույթը: Կրթության նախարարութունը շարունակում է տուրք  տալը  ուսուցիչների և ծնողների հայեցողությանն ու ճաշակին: Խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է: Առայժմ սայլը տեղից չի շարժվում:

 

 

 

 

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0