a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
04/02/2015

Թուրքմեն քաղբանտարկյալը նկարահանել է Հին Աստվածների մասին վավերագրական ֆիլմ

5-1

Մեր հայրենակիցներից շատերն էին «Ակոս» շաբաթաթերթի խմբագրին դիմել, որպեսզի գտնել կարողանային իրենց հարազատներին կամ էլ պարզապես օգնություն հայցում՝  իրենց իսկական ինքնության վերադառնալու հարցում:
«Նարեկացի» արվեստի միությունում կայացած Սարգիս Հացպանյանի «Հայերն իրենց բնօրրանում՝ Ցեղասպանությունից հետո» դասախոսությունների շարքից հերթականը նվիրված էր Օսմանյան կայսրության հայկական 6 վիլայեթներից՝ Խարբերդին։ Ծավալուն դասախոսությունը պատասխանում էր իրավական առանցքային մի խումբ հարցերի՝ թե ինչպե՞ս հայությունը գոյատեւեց Օսմանյան կայսրության փլատակների վրա ստեղծված հանրապետական Թուրքիայի նշված տարածքում (Ակն, Արաբկիր, Կապան, Զերնակ, Բարդի, Խոզաթ, Կարմիր Վանք, Մազկերտ, Չմշկածակ, Խարբերդ, Մեզիրէ, Բերդակ, Փերի, Աղջադաղ-Արքա, Մալաթիա, Բեհեսնի, Ադիաման, Քյախթա-Նեմրութ), ի՞նչ պատահեց Խարբերդը չլքած ցեղասպանությունից մազապուրծ հայերի հետ, ինչպե՞ս են ապրում Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցներն այժմ Խարբերդում: Դասախոսությունը նվիրված էր 1915թ. Մեծ եղեռնի զոհերից, ծագումով Խարբերդից հայ երեւելիներ՝ Գրիգոր Զոհրապի, Սիամանթոյի, Ռուբեն Զարդարյանի, Թլկատինցու եւ Երուխանի խնկելի հիշատակին: Բանախոսի տեղեկացմամբ, Բեռլինյան վեհաժողովից հետո, 1878 թվականին հետեւեց Օսմանյան կայսրության վարչական շրջանների վերաբաժանումը: Բանախոսը ներկայացրեց գույներով քարտեզագրված կայսրության տարածքի բնակչության խտության բաշխումն ըստ ազգության: 1878թ. Խարբերդի նահանգը բաժանվում էր 3 սանջակի՝ Դերսիմ, Խարբերդ եւ Մալաթիա: Բանախոսը ներկայացրեց Հրանտ Դինքի փաստաբաններից տիկին Ֆեթհիյե Չեթինի գրած «Մեծ մայրս» գիրքը, որը նվիրված էր իր տատին՝ Հրանուշ Կատարյանին (1905-2000 թթ.), ով հայ որբերից մեկն էր, որ ամուսնացել էր մի թուրքի հետ եւ ընտանիք ստեղծել, սակայն ողջ կյանքում գաղտնի նամակագրական կապ էր ունեցել ջարդից մազապուրծ ԱՄՆ-ի Նյու-Ջերսի նահանգում ապրող հարազատների հետ: Տատու երազանքն էր մի անգամ եւս լինել իրենց գյուղի՝ Հավավի զույգ աղբյուրների մոտ: Մեծ մոր մահից հետո, նրա հիշատակը վառ պահելու համար, Ֆեթհիյե Չեթինը վերանորոգել էր տվել այդ ցամաքած աղբյուրները: Ցուցադրվեց նաեւ տատի դրամապանակից գտած ձեռագիր հայերենով Կատարյաններին գրած նրա նամակի պատճենը:  «Հուշամատյան» վեբ-կայքէջից վերցված 2 լուսանկար ցուցադրվեց, որից մեկում թուրքական դպրոցի 5-6 երեխաներն էին գետնին նստած, գլխներին կանգնած էր դասավանդողը՝ ճիպոտը ձեռքին, մյուսում՝ հայկական դպրոցի կոկիկ հագնված հայ աշակերտների ստվար խումբն էր: Խարբերդի նահանգում սովորողների թիվը 35 հազար էր, որոնցից 28 հազարը հայեր էին: Խարբերդի դավանափոխ հայերին տեղի բնակչությունը կակկո է անվանում: Պոլսում գործում է Մալաթիահայերի միությունը, որի ջանքերով ամեն տարի 4-օրյա ուխտագնացություն է կազմակերպվում դեպի Մալաթիայի կիսավեր եկեղեցիներն ու ննջեցյալների շիրիմները (ցուցադրվեցին լուսանկարները): Հրանտ Դինքը ծնունդով Մալաթիայից էր, մեր դավանափոխ հայրենակիցներից շատերն էին «Ակոս» շաբաթաթերթի խմբագրին դիմում, որպեսզի գտնել կարողանային իրենց հարազատներին կամ էլ պարզապես օգնություն հայցում՝ իրենց իսկական ինքնության վերադառնալու հարցում: Այս գործում մեծ էր Հրանտի դերակատարումը: Վերլուծաբանը ցուցադրեց խիզախ հայուհի Ներմէ Գ. Ազնավուրյանի լուսանկարը: Նա այրիանալով 1895թ. համիդյան ջարդերի ժամանակ, մշտապես զինված էր եւ տեղի թուրքերն ու քրդերը հենց նրա ահից էր, որ 1909 թ. Ադանայի կոտորածների ժամանակ Ադիամանի հայության դեմ եւս նախօրոք ծրագրված հարձակումը չեն կարողանում իրականացնել: Դժբախտաբար, այս ուսյալ կինը մահանում է 1912թ., իսկ նրա գործը շարունակում է իր աշակերտուհին, ում գլխավորությամբ ադիամանցի կանանցից շատ շատերը մասնակցում են Ուրֆայի հերոսամարտին: Այստեղ են ծնվում թուրքերի հետեւյալ խոսքերը՝ «պետք է վախենալ հայոց կանանցից»: Ս. Հացպանյանը ցուցադրեց նաեւ իր տատիկի՝ Հռիփսիմե Մանուշյանի լուսանկարը, ում հորեղբոր որդին էր Ֆրանսիայում հայ ազգային հերոս Միսակ Մանուշյանը:  Ադիամանի ու Խարբերդի ասորիներն իրենց մայրենի լեզուն չգիտեն եւ խոսում են հայերեն եւ իրենց հայ են անվանում, իսկ ուրիշները նրանց՝ հայ-ասորի: Ըստ Ս. Հացպանյանի՝ Նեմրութ սարի գագաթին մինչեւ օրս կանգուն են հայ հեթանոսական շրջանի Հին Աստվածների հսկա հուշարձանները: Նա պատմեց, որ անցյալ տարի, երբ Հին Աստվածներին այցելության էին գնացել Հայաստանից մի խումբ հեթանոս հայեր՝ քրմապետերի հետ եւ պաշտամունքի արարողություն արել, տեղի քրդերն ընդդիմացել էին եւ այստեղից գնացած հայերին սադրելով, ծեծկռտուք հրահրել, ստանալով իրենց արժանի հակահարվածը. «բավական չի տիրացել են մեր հողին ու տանը, այժմ էլ խանգարում են իրենց Աստվածների հետ հաղորդակցվելուն…»: Գործին միջամտել էր ոստիկանությունը: Այս տարի նրանք վստահաբար, տիրոջ իրավունքով, կրկին այցելելու են հայոց Հին Աստվածներին: Անցյալ տարի Թուրքիայի Ազգային Մեծ Մեջլիսում 36 հոգանոց պատգամավորական խումբ ունեցող Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծ է ներկայացրել: Հեղինակներից մեկն էլ ազգությամբ թուրքմեն է, երկար տարիներ քաղբանտարկյալ էր, մասնագիտությամբ կինոռեժիսոր է, ունի Հին Աստվածների մասին վավերագրական ֆիլմ:

Ավելին՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0