a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/11/2014

Թ. Թորամանյան 150-ամյակ. Երևանում անցկացվում է «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողովը

toromanyan_0

Ավարտին է մոտենում ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև 2011 թ. ապրիլի 6-ին ստորագրված «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար» տեխնիկական համաձայնագրի շրջանակներում իրականացվող համագործակցային ծրագիրը: Ծրագիր, որը խիստ արժեքավոր ներդրում է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության, դրանում երիտասարդության նեգրավվածության մեծացման, ոլորտը միջազգային լավագույն փորձի հիման վրա զարգացնելու գործում:

Ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել ծրագրի արդյունքում տարբեր պետական կազմակերպությունների հիմքի վրա մշակութային ժառանգության վերականգնման մի շարք լաբորատորիաների հիմնադրումը:

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հիմքի վրա ստեղծվեցին որմնանկարների, Հայաստանի ազգային պատկերասրահում՝ կտավի/պաննոյի վրա արված նկարների, Հայաստանի պատմության թանգարանում՝ մետաղի, փայտի, խեցեղենի վերականգնման արհեստանոց-լաբորատորիաներ: Նոր ուժով սկսեց գործել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական առարկաների վերականգնման լաբորատորիան:

Ծրագրի շրջանակում Հայաստան են բերվել հուշարձանների ուսումնասիրման և վերականգնման գործում կիրառվող բազմաթիվ գործիքներ ու սարքավորումներ, որոնք ծրագրի ավարտին կհատկացվեն տեղական հաստատություններին:

Ծրագրի կարևորագույն առաքելություններից էին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական ու Միլանի պոլիտեխնիկական համալսարանների համագործակցությամբ ընթացող վարպետության դասընթացները, որոնց մեջ առանձնահատուկ են վերականգնող-ճարտարապետների, ինչպես նաև շինհրապարակի ղեկավարների` աշխղեկների վերապատրաստման դասընթացները:

Ծրագրի ավարտը կնշանավորվի 2014 թվականի հունիսի 4-6-ը, Երևանում կայանալիք «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողովով՝ նվիրված հայազգի ականավոր ճարտարապետ Թ. Թորամանյանի 150-ամյակին: Հատկանշական է, որ մեծանուն ճարտարապետի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2014-2015 թթ. Հոբելյանական միջոցառումների օրացույցում: Գիտաժողովում անպայմանորեն անդրադարձ կարվի ծրագրի արդյունքներին, կամփոփվեն հաջողություններն ու ձեռքբերումները, կնախանշվեն հետագա համատեղ ծրագրերի իրականացման նոր ուղիները:

Գիտաժողովի շրջանակներում կքննարկվեն ծրագրում ընդգրկված հետևյալ թեմաները.

◆ Վերականգնումը Հայաստանում՝ անցյալը, ներկան և ապագան,

◆ Նորամուծություններ և կրթական ծրագրեր Հայաստանում ճարտարապետական ժառանգության պահպանության ոլորտում,

◆ Ուսումնասիրություններ` նվիրված Թորոս Թորամանյանին,

◆ Արուճի վերաբերյալ ուսումնասիրություններ և նախագծեր,

◆ Ուսումնասիրություններ Տաթևի վանքի վերականգնման վերաբերյալ,

◆ Որմնանկարների վերականգնում,

◆ Միջազգային նախագծեր մշակութային ժառանգության պահպանման ոլորտում,

◆ Հայկական ճարտարապետական ժառանգություն,

◆ Հնագիտություն,

◆ Պատմամշակութային ժառանգության պահպանման միջազգային կազմակերպություններ,

◆ Արդի ժառանգություն,

◆ Ստրուկտուրալ ամրակայման նախագծեր Հայաստանում և արտերկրում,

◆ Մշակութային ժառանգության դերը զբոսաշրջության զարգացման գործում:

Գիտաժողովին կմասնակցեն հեղինակավոր մասնագետներ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Եգիպտոսից, Հունաստանից, Պորտուգալիայից:

Գիտաժողովում ներգրավված են նաև ժառանգության պահպանության ոլորտում ընդգրկված ու բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական և այլ կազմակերպություններ:

Գիտաժողովի պաշտոնական լեզուներն են հայերենը և անգլերենը:

Գիտաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել պաշտոնական կայք` http://chp2014.restauroarmenia.org/:

Ս. թ. հունիսի 4-ին, ժամը 10:00-ին, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի դահլիճում «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողովի բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջիովանի Ռիչուլլին, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, ԼՂՀ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, «Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման բնագավառում» կրթական ծրագրի ղեկավար, ճարտարապետ Գայանե Կազնատին:

Գիտաժողովի աշխատանքները կազմակերպել և համակարգել է, ինչպես նաև պաշտոնական բացման արարողությունը վարում էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Աղբյուրը՝ www.mincult.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0