a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Համշենահայերի վերաբերյալ երկու փաստաթուղթ է գտնվել թուրքական արխիվում

Culture.AM Docs

Թուրք հետազոտող  Էրոլ Քեթենջին Ստամբուլում  կառավարության օսմանյան արխիվում Համշենի և համշենահայերի վերաբերյալ կարևոր տեղեկություններ պարունակող երկու փաստաթուղթ է գտել:

1913 թվականի հունիսի 1-ով թվագրվող փաստաթղթերից մեկը Օսմանյան բանակի գլխավոր շտաբի կողմից  Ներքին  գործերի նախարարությանը ուղարկված փաստաթուղթ է: Ըստ «Ակօս» շաբաթաթերթի՝ փաստաթղթում նշվում է, որ «Համշենի շրջանի գյուղերի (անունները մեկ առ մեկ հիշատակվում են փաստաթղթում) Համշեն անունով հայտնի բնակչությունը հայկականությունից հեռացած մահմեդականներ են»: Երկրորդ փաստաթուղթը (1913 թվականի հունիսի 3) Ներքին գործերի նախարարության կողմից Տրապիզոնի նահանգապետարան ուղարկված պաշտոնական գրություն է, որի մեջ մեկ առ մեկ նշված են գյուղերի անուններ, որոնց բնակչությունը «ծագումով հայեր են, բայց կրոնափոխ են եղել»:
Հակիրճ ներկայացնելով փաստաթղթերի բովանդակությունը՝ «Ակօս»-ը գրում է, երկու փաստաթղթի  հիմնական նպատակը չթողնել, որ համշենցիները «միամտության և անփորձության պատճառով  տեղի տան միսիոներների խաբեություններին»:

«Ակօս»-ի խնդրանքով փաստաթղթերի  մասին կարծիք է հայտնել Երևանի Պետական Համալսարանի հայագիտության և բանասիրության ֆակուլտետի դասախոս Հայկազուն Ալվրցյանը:

Նա հայտնել է, որ Համշենի և համշենցիների շուրջ վերջին շրջանում հետաքրքրությունը մեծացել է և գիտական աշխատությունների կողքին  կան նաև պատվերով գրված աշխատություններ: Վերջինները, ըստ մասնագետի, հիմնականում միտված են իսլամացված համշենցիների պատմությունն ամբողջապես խեղաթյուրելուն: Հիմնականում համշենահայերը ներկայացվում են որպես թուրքական ծագում ունեցող տարր: «Չնայած համշենցիները իրենց երբեք թուրք չեն ներկայացրել, բայց նրանց մեծամասնությունը վախից կամ այլ գործոնների պատճառով չեն բարձրաձայնել իրենց հայկական ինքնության մասին»,-ասել է Ալվրցյանը: Նրա կարծիքով վերոնշյալ փաստաթղթերը  գիտական բացահայտումներ են ներկայացնում, որոնք  նա մեկնաբանեց 4 կետով.

1. Հերքվում են  Թուրքիայի իշխանությունների և նրանց ուղղորդմամբ «գիտական պնդումներ» առաջ քաշող շրջանակների մեկնաբանությունները, թե համշենցիները հայեր չեն:

2.Փաստաթղթերում տեղ գտած «համշենցիների միամիտ և անփորձ լինելու պատճառով այնտեղ միսիոներների գործունեությունը շատ հեշտ կլինի» արտահայտությունը ուշագրավ է:  Հետաքրքիր է, որ  արմատներով հայ, սակայն կրոնափոխ ներկայացվող համշենցիների հարևանությամբ նաև մահմեդական լազեր են բնակվում, սակայն վերջիններս համար չեն վախենում, որ կարող են միսիոներների թակարդը ընկնել: Միգուցե փաստաթղթի հեղինակները «միսիոներ» անվան տակ հայերին են նկատի ունեցել:
3․ Ըստ փաստաթղթերից  ստացած տեղեկության համշենահայերի իսլամացումից անցել է 200 տարի, սակայն իշխանությունները վախենում էին որ համշենահայերը կարող են վերադառնալ իրենց հայկական ինքնությունը և նախահայրերի կրոնին:
4․ Վերջապես փաստաթղթերը շատ կարևոր հարց են օրակարգ բերում. Ո՞վ, ե՞րբ և ինչո՞ւ են համշենահայերի պատմությունը ցանկացել աղավաղել:

Իսկ Էրոլ Քեթենջին ասել է, որ փաստաթղթերի հայտնաբերումը ցույց է տալիս, որ որևէ բան հավերժ գաղտնի չի կարող մնալ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0