a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Համշեներենը`«բացահայտ վտանգի տակ գտնվող» լեզուների շարքում

11198563_802747773108453_1853168996_n

UNESCO-ի հրապարակած «Վտանգի տակ գտնվող լեզուների ատլասը» ցույց է տալիս, որ 18 լեզու Թուրքիայում վերացման վտանգի տակ է: Համշեներենը տեղ է գտել «բացահայտ վտանգի տակ գտնվող» լեզուների շարքում:

Այս մասին տեղեկացնում է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թուրքերենի բաժնի ղեկավարՄԵԼԻՆԵ ԱՆՈՒՄՅԱՆԸ, նշելով, որ ներկայումս համշենցիների ամենամեծ խնդիրը լեզվի և մշակույթի պահպանումն է, քանի որ համշենահայերենը հետզհետե անհետանում է. «Մեր կատարած ուսումնասիրությունները ևս ցույց տվեցին, որ համշենահայերի նոր սերունդը, ցավոք, արդեն գրեթե չի կարողանում հաղորդակցվել համշենահայերենով: Դրա պատճառները մի քանիսն են. ուրբանիզացիան, գլոբալիզացիան, ինչպես նաև զուտ սուբյեկտիվ գործոնը, երբ բազում համշենահայ ծնողներ իրենց զավակների հետ միտումնավոր չեն խոսել համշենահայերեն, որպեսզի նրանք կարողանան «ավելի լավ յուրացնել պաշտոնական լեզու թուրքերենը և լավ կրթություն ու աշխատանք ունենալու հնարավորություն ունենան»:

«Լեզուն ազգային ինքնագիտակցության և ինքնության ձևավորման, թերևս, ամենաորոշիչ գործոններից մեկն է,- նշում է ԵՊՀ դոցենտ, հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչության բաժնի վարիչ ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ:- Չբավարարվելով կրոնափոխությամբ և հասկանալով լեզվի էթնոտարբերակիչ դերը՝ օսմանյան և հանրապետական Թուրքիայի իշխանությունները խիստ կարևորել են իրենց ենթակայության տակ գտնվող ժողովուրդներին թուրքախոս դարձնելը` ամբողջացնելով նրանց ձուլման գործընթացը»: Լուսինե Սահակյանը փաստում է սակայն, որ Արդվինի նահանգի Խոփա և Բորչկա գավառների համշենցիները կարողացել են պահպանել հայերենի` Համշենի բարբառի իրենց տեղական խոսվածքը և դեռ գործածում են իրենց առօրյա խոսակցականում. «Ինչպես ցույց են տալիս մեր կատարած ուսումնասիրությունները, այսօր Խոփայի և Բորչկայի գավառների համշենցի­ների թիվը՝ մոտավորապես 25-30,000 է։ Սակայն երիտասարդ սերունդն արդեն մոռանում կամ չի գործածում իր տեղական խոսվածքը և առավել մեծ տեղ է տալիս թուրքերենին։ Միաժամանակ նշենք, որ նրանք հայերեն տառերը չգիտեն, բացառու­թյամբ մի քանի մտավորականների, ովքեր գիտաճանաչողական նպատակներով սովորում են մեսրոպյան տառերը: Շնորհիվ հայերենի Համշենի բարբառի տեղական խոսվածքի պահպանման՝ այս շրջանների համշենցիների մի մասն ընդունում է իր հայկական ծագումը։ Չնայած թուրքական քարոզչությանը, նրանք շատ լավ հասկանում են, որ իրենց խոսակցական լեզուն թուրքերեն չէ»:
Իսկ ահա Ռիզեի նահանգի համշենցիների շրջանում,  թուրքագետի հավաստմամբ` թուրքա­ցումն առավել խոր արմատներ է գցել. «Ռիզեի համշենցիները մոռացել են իրենց մայ­րենին՝ հայերենը, և խոսում են թուրքերեն։ Ոմանք, թեև ընդունում են իրենց հայկա­կան ծագումը, սակայն անմիջապես հավելում են, որ արդեն թուրքացել են։ Նրանց միջավայրում շրջանառվում է այն տեսակետը, որ նրանք սերվել են թյուրքական ցեղերից»:
Լուսինե Սահակյանն ընդգծում է`  իսլամացման քաղաքականությունը պետք է գնահատել որպես ցեղասպանության դերսևորման մի ձև, որին ենթակվեց հայության այս հատվածը՝ բռնի կտրվելով իր արամատից ու հեռանալով իր ազգային ակունքներից և  մշակույթից:

 

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0