a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սիմպոզիում Ռումինիայի Դումբրավեն քաղաքում

Culture.AM Dubraven

Օրեր առաջ Ռումինիայի Դումբրավեն քաղաքի նորաբաց մշակույթի տանը տեղական իշխանության, Ռումինիայի Հայոց միության մասնաճյուղի, Կլուժի Բաբեշ Բոյայի համալսարանի պատմության թանգարանի և Տրանսիլվանիայի Հայոց թանգարանի կազմակերպմամբ անցկացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սիմպոզիում, այս մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը։

Սիմպոզիումին ներկա էին և ելույթ ունեցան Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն:

Տրանսիլվանիայում իշխան Միհայ Ապաֆիի օրոք հայերի հաստատման, Օսմանյան կայսրությունում հայկական կյանքի և Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտական զեկուցումներով հանդես եկան Բաբեշ Բոյայի համալսարանի գիտաշխատողներ Յոզեֆ Լուկաշը, Տիբերիու Յորդանը, Քրիստինա Սընտըմարիանը և Օանա Հաբորը:

«Որևէ առանձին ազգ կամ ժողովուրդ չի կարող միայնակ պայքարել համամարդկային չարիքների դեմ: Երեկ այդպես էր ֆաշիզմի դեպքում, այսօր այդպես է արմատական ծայրահեղականության և միջազգային ահաբեկչության դեպքում», – իր խոսքում նշեց դեսպան Գասպարյանը: «Մինչդեռ մենք մոռացության, անտարբերության և անգիտության պատճառով գրեթե 100 տարի մենակ ենք թողել հայ ժողովրդին իր խոր ցավերի ու վիթխարի կորուստների դեմ-հանդիման: Այսօր հայերի պատմական հայրենիքում մնացել են սոսկ բռնի իսլամացած հայերի ժառանգներ և հատուկենտ հուշարձաններ, որ հիշեցնում են հայոց անցյալը: Այսօր Ցեղասպանությունից հրաշքով վերապրածների ժառանգները ցրված են աշխարհով մեկ` զուրկ իրենց պատմական հայրենիքի և ժառանգության նկատմամբ իրավունքներից: Այսօր իր պատմական տարածքների սոսկ մի փոքր մասի վրա ծվարած Արևելյան Հայաստանը գերագույն ջանքեր է գործադրում` գոյատևելու ու զարգանալու հարևան Թուրքիայի կողմից իրեն պարտադրված տնտեսական և քաղաքական շրջափակման պայմաններում: Այս վիճակն անհանդուրժելի է և պահանջում է միջազգային հանրության համախմբումը: Խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, այլև ողջ Հարավային Կովկասի ու հարակից շրջանների անվտանգությանն ու կայունությանը: Առանց այս հարցերը լուծելու, առանց հաշտության եզրեր գտնելու Թուրքիայի և Հայաստանի, թուրք և հայ ժողովուրդների միջև, դժվար է պատկերացնել Եվրոպայի ապահով ապագան նույնպես», – շեշտեց դեսպանը:

Ռումինիայի Հայոց միության Դումբրավենի մասնաճյուղի նախագահ Իոն Կալինեսկուի և Վասիլե Հաբորի ջանքերով կազմակերպված միջոցառման շրջանակում սիմպոզիումի մասնակիցներն այցելեցին նաև Տրանսիլվանիայի Հայոց թանգարան և 250-ամյա Սուրբ Եղիսաբեթ հայ կաթողիկե եկեղեցի, ուր երեկոյան տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0