a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայ փաստաբան Սելինա Օզուզուն Դողանը հարցազրույց է տվել թուրքական «Հյուրիյեթ» պարբերականին

Culture.AM Melina

“Թուրքիայում հայ լինելը չափազանց բարդ է”։ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից պատգամավորության թեկնածու, ազգությամբ հայ փաստաբան Սելինա Օզուզուն Դողանը հարցազրույց է տվել թուրքական «Հյուրիյեթ» պարբերականին։ Այս մասին տեղեկացրել է Hayernaysor-ը։ Հայ լինել նշանակում է ամեն օր քաղաքականությամբ զբաղվել, քանի որ այս հողերում «հայ» բառը որպես հայհոյանք է ընկալվում։ Երբ Թուրքիայում խոսում ես որևէ մեկի հայկական արմատների մասին, նա քեզ դատի է տալիս։ Չմոռանանք նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի դեպքը։ Չէ՞ որ նա էլ դատի տվեց այն պատգամավորին, որը համարձակվել էր հայտարարել, որ Գյուլի մայրը հայկական ծագում ունի։

Սակայն միայն հայերի համար չէ, որ դժվար է այս երկրում։ Թուրքիայում ինչպես հայ, այնպես էլ հրեա կամ հույն լինելը բավականին բարդ է։ Պետք չէ որևէ մեկին առանձնացնել, առհասարակ, շատ դժվար է փոքրամասնությունների համար», – ասել է Դողանը։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Սելինան իրեն հայկական արմատներով թուրք է համարում, պատգամավորության թեկնածուն այսպես է պատասխանել. «Նախընտրում եմ չասել պարզապես հայ, ես Թուրքիայի քաղաքացի հայ եմ»։

Սելինա Օզուզուն Դողանը նաև խոսել է իր ընտանիքի մասին։

«Ամուսինս փաստաբան Էրդալ Դողանն է, որը Հրանտ Դինքի սպանության գործով զբաղվող փաստաբաններից է։ Նա հայ չէ, ալևի է։ Ամուսնուս տատը հայ է եղել, սակայն մենք այդ մասին չենք խոսում։ Մեր երեխան 17 տարեկան է, որը երկու մշակույթների դաստիարակություն է ստանում», – եզրափակել է Սելինան։

Նշենք, որ Սելինա Դողանը ծնվել է 1977 թվականին Ստամբուլում: Ավարտել է ֆրանսիական լիցեյը, սովորել է Գալաթասարայի իրավաբանության ֆակուլտետում, ապա նաև Բիլգի համալսարանում: Այժմ մասնավոր մի ընկերությունում որպես իրավաբան է աշխատում: Նա տիրապետում է հայերենի, թուրքերենի, ֆրանսերենի և անգլերենի: Հայրը Երվանդ Օզուզունն է, որը եղել է Ստամբուլի Բաքըրքյոյի նախկին փոխքաղաքապետը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 4 հայ թեկնածու, բոլորն էլ պայքարելու են Ստամբուլում: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայ լրագրող, գրող Մարգար Եսայանի, իսկ ընդդիմադիր քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը Սելինա Օզուզուն Դողանի թեկնածություններն են առաջադրել: Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համամասնական ցուցակներում երկու հայ թեկնածու կա՝ Կարո Փայլանն ու Մուրադ Մըհչըն:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0