a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
13/07/2015

ՀՀ մշակույթի նախարարությունը խոչընդոտներ էր ստեղծում Օձունի վերականգնման համար. բարերար

default (1)

Մոսկվայում ապրող գործարար, բարերար Մովսես Ձավարյանը, ով ֆինանսավորել է Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնումը, Հայ-ռուսական տեղեկատվական անկախ կենտրոնին է պատմել «Օձունի նոր կյանքը» ծրագրի իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրների մասին:

Օձունի Սբ. Աստվածածին VI դարի եկեղեցին 2010 թվականին փլուզման առջեւ էր հայտնվել: 5 ճաք՝ գմբեթից մինչեւ հիմք, սպառնում էին սրբավայրի գոյությանը: 2011 թվականին, Համացանցում տեսնելով սրբավայրի վերքերի լուսանկարները, մեր հայրենակիցը ստանձնում է դրա վերականգնումը, որը տեւում է 4 տարի:

Աշխատանքների արժեքը կազմեց մոտ 750 հազ. ԱՄՆ դոլար:

Այսօր, երբ Օձունին արդեն վտանգ չի սպառնում, Մովսես Ձավարյանն ասում է, որ ծրագիրն ամբողջությամբ չի արդարացրել իր սպասումները, մասնավորապես՝ Հայաստանում պետության եւ բարեգործների համագործակցությունը չափազանց անարդյունավետ է, տեղական էլիտան անտարբեր է հուշարձանների ճակատագրի հանդեպ, իսկ հանրության ուշադրության կենտրոնում այլ խնդիր է՝ գոյատեւման պայքարը:

Ներկայացնում ենք Մովսես Ձավարյանի հարցազրույցը.

Որքանո՞վ է Հայաստանում կազմակերպված բարերարների եւ պետության համագործակցությունը:

Այն ուղղակի կազմակերպված չէ: Միտում կար դիտարկելու Օձունի վերականգնումը իբրեւ պիլոտային ծրագիր՝ ապագայում Հայաստանի այլ հուշարձաններ եւս վերականգնելու համար՝ մտահոգ մարդկանց ներգրավելով: Սակայն մենք ստիպված էինք գրեթե մեկ տարի սպասել «վերականգնման թույլտվությանը»: Առանց կողմնակի միջամտության մենք այն հաստատ չէինք էլ ստանա, ուստի ստիպված եղանք միացնել կապերն ու ընկերներին իշխանության բարձրագույն օղակներում: Եվ սա ընդամենը նրա համար, որ հարցը լուծվեր հօգուտ եկեղեցու վերականգնման: Ցանկանում եմ նշել, որ վերականգնման ողջ ընթացքում որեւէ հանդիպում չեմ ունեցել մշակույթի նախարարի եւ եկեղեցու ներկայացուցիչների հետ: Չնայած, բազմիցս հանդիպել եմ փոխնախարարին: Ինձ հազիվ թե դա պետք է, սակայն չեմ կարծում, որ մշակույթի նախարարության դռները չեն դիմանում պատմական հուշարձանները անշահախնդրորեն վերականգնել ցանկացող մարդկանց ճնշումից: Կարելի է ամփոփել, որ իշխանությունները մտահոգված են այլ խնդիրներով, իսկ հուշարձանների վերականգնումը եւ պոտենցիալ բարերարների հետ համագործակցությունը թողնված է Աստծո հույսին:

Ի՞նչ խոչընդոտների հանդիպեցիք «Օձունի նոր կյանքը» ծրագրի իրականացման ընթացքում: Վանո՞ւմ են արդյոք նմանատիպ խնդիրները Հայաստանում իրենց նախաձեռնությունները իրականացնել ցանկացող բարերարներին:

Ես արդեն անվանեցի մեկ խոչընդոտ. մշակույթի նախարարության ոչ պաշտոնական հորդորով մենք չէինք ստանում շինթույլտվություն գյուղապետի կողմից: Մշակույթի նախարարի դիրքորոշումն ինձ հասկանալի է, քանի որ աշխատանքներն իրականացնելու մրցույթը հաղթել էր ընկերություն, որն իր «ֆավորի» մեջ չէր, սակայն ինձ համար անհասկանալի է տեղական եւ մարզային իշխանությունների դիրքորոշումը: Խոչընդոտ էր նաեւ անբան-կազմակերպությունը, որը կազմել էր նախագիծը /կամ փոխել էր տարեթվերը անցյալ դարի 80-ական թվականներին կազմված նախագծում/ եւ միաժամանակ պատասխանատու էր ճարտարապետական վերահսկողության համար /կրկին ողջույն մշակույթի նախարարությանը/:

Խոչընդոտ էին եկեղեցու եւ հասարակության ոչ կոմպետենտ այն ներկայացուցիչները, ովքեր իրենց առաքելությունը տեսնում էին միայն իրականացվող աշխատանքները ոչ պրոֆեսիոնալ հայացքով քննադատելու եւ հնադարյան եկեղեցին ժամանակակից բիզնես-կենտրոնի վերածելու «բարի խորհուրդներ» տալու մեջ: Սակայն նրանք, չգիտես ինչու, չէին փորձում ներգրավել հասարակությանը հուշարձանի վերականգնման գործում: Իրական խնդիր դարձան նաեւ մարդիկ, ովքեր լիազորված էին աջակցել նախագծի իրականացմանը, եւ դրա համար գումար էին ստանում:

Ես լիահույս եմ, որ նման խոչընդոտները որեւէ մեկին չեն կանգնեցնի: Ես չէի հանրայնացնի այս տեղեկատվությունը, սակայն չեմ ուզում, որ այլ բարերարներ եւս «կանգնեին նույն փոցխի վրա», իսկ իշխանություն ունեցողները գոնե սկսեն մտածել իրենց առաքելության մասին:

Կարելի՞ է պնդել, որ այլ հուշարձաններ եւս վերականգնելու Ձեր նախագծերը չիրականացան Օձունի վերականգնման ընթացքում առաջացած խնդիրների պատճառով:

Ես հուսով եմ, որ ամեն բան դեռ առջեւում է: Լինեն հնարավորություններ, եւ որ հայրենակիցները չխանգարեն, չյուրացնեն միջոցներն ու արհեստականորեն չխոչընդոտեն:

News.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0