a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
18/11/2014

Մարդիկ, ճորտ լինելով, չեն երազում ազատություն, երազում են ճորտատեր դառնալ

4761641416316649

Yerkir.am-ի զրուցակիցն է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը:

-Երբ եկաք նվագախումբ, մոտիվացիան այն ժամանակ ո՞րն էր և ո՞րն է հիմա:
-Այն ժամանակ երաժիշտներն ինձ ուղղակի խնդրեցին գալ ու ղեկավարել նվագախումբը, և երբ ես վերադարձա /ի դեպ, շատ վաղուց Հայաստանում չէի եղել/, պարզվեց’ նվագախմբի կեսն իմ մանկության ընկերներն են, մյուս կեսն այն մարդիկ, ովքեր ինձ տեսել են 6-7 տարեկանում այս նվագախմբի հետ նվագելիս: Հասկացա, որ նրանք, իրոք, ղեկավարի կարիք ունեն, որոշեցի համաձայնել: Այդ ժամանակ ես ուզում էի’  նվագախումբը մենակ չմնար, քանի որ երբ ինձ հրավիրեցին, արդեն 6-7 ամիս էր’ նվագախումբն առանց գեղարվեստական ղեկավարի էր աշխատում, իսկ դա հավասար է մահի: Հիմա մոտիվացիան այն է, որ ես տեսնում եմ’ նվագախումբն օրեցօր աճում է, և ես հետաքրքրված եմ տեսնել, թե այսպես մինչև ո՞ւր կարող ենք գնալ:

-Երբ փոխվում է նվագախմբի ղեկավարը` նվագախմբի գույնն էլ է փոխվում: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում, եւ արդյո՞ք նվագախումբն այն գույնն է ստացել, որը կուզեիք տեսնել:
-Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը նվագախմբի մայրենի լեզուն է: Երբ նվագախումբն այդ լեզվով լավ խոսում է` նշանակում է, որ ղեկավարն իր ֆունկցիան կատարում է: Բայց, մյուս կողմից, նվագախումբը որքան շատ այլ լեզուներով խոսի, այնքան ավելի կհարստանա, այդ պատճառով էլ շատ հաճախ ես հրավիրյալ դիրիժորներ եմ բերում: Շատ ուրախ եմ այսօր, քանի որ սկսել եմ ստանալ այն, ինչ իմ գլխում և ականջներում է: Նվագախումբը հասկացել է իմ ցանկությունները և բավականին առաջ է գնացել, հիմա աստիճաններով վերև բարձրանալու ժամանակն է:  Սա միայն իմ կարծիքը չէ, մենակատարները, ովքեր տարիներ առաջ համերգով էին հանդես եկել նվագախմբի հետ և հիմա նորից համագործակցում են մեզ հետ, ասում են, որ նվագախումբն անճանաչելի է’ թեկուզ նախորդ տարվա համեմատ: Մենակատարները, ովքեր մեկ անգամ համերգով են հանդես եկել նվագախմբի հետ, ցանկություն են հայտնում համագործակցությունը շարունակել, իսկ դա նշան է, որ ամեն ինչ կարծես թե լավ է ընթանում:

-Սկզբում, երբ եկաք, նվագախմբում թյուր պատկերացում կար` հրավիրյալ դիրիժորների հետ աշխատելու հետ կապված: Բացի այդ` շատերը չարախոսում էին, թե էլ ի՞նչ ղեկավար, եթե տարվա կեսը նվագախմբի կողքին չի լինելու: Հիմա նվագախումբն արդեն հարմարվե՞լ է հրավիրյալ դիրիժորների հետ աշխատելուն:
-Այո, Հայաստանում սովոր չէին աշխատել այդ սկզբունքով, այստեղ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը ղեկավարում էր 100 տոկոսով, և հազվադեպ էին հրավիրյալ դիրիժորներ այցելում: Ես դրան սովոր չեմ, դրսում գեղարվեստական ղեկավարները 50 տոկոսից ավելի համերգներ չեն ղեկավարում: Հասկանո՞ւմ եք` մենք անթերի չենք, աշխարհի ամենատաղանդավոր մարդն էլ ինչ-որ թերություն ունի, և նվագախումբը, երբ մարդուց վերցնում է տաղանդը, վերցնում է նաև թերությունները: Այդ իսկ պատճառով էլ նվագախումբը պետք է զանազան մարդկանց հետ համագործակցի, որ բոլորից լավը վերցնի: Իրենք սկզբում, այո, սովոր չէին, վախենում էին, չգիտեին’ կստացվի՞, թե՞ ոչ, բայց փորձը ցույց տվեց, որ շատ լավ էլ ստացվում է, իրենք կարողանում են ուրիշից վերցնել այն, ինչ ես իրենց չեմ տալիս: Նվագախումբը գործում է, պլանավորված քանակից ավելի համերգներ է տալիս, որակն էլ գնալով բարձրանում է այնքանով, որ արտերկրից գալիս ու ձայնագրություններ են ուզում անել նվագախմբի հետ:

-Այն, ինչ կատարվում է  երաժշտական աշխարհում, բավարարո՞ւմ է Ձեզ’ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք հաճախ եք երկրից դուրս գալիս,  առնչվում եք Ֆրանսիայի մշակութային կյանքին, թեեւ համեմատել չենք կարող:
-Շատ, շատ դժվար կլինի համեմատել: Ցավալին այն է, որ մեզ մոտ երաժշտական կյանքը, դեպքերը տեղի են ունենում կոլեկտիվի մեջ: Մենք չունենք գլոբալ ազգային երաժշտության ծրագիր: Տեսեք` եթե մեր նվագախումբը ջանք չթափի, որ համերգներ ունենանք, շատ բան չի կատարվի, այսինքն’ ոչ ոք չի հոգա այդ մասին: Ես անձամբ եմ մեր հյուրախաղերի, համերգների համար գնում և բանակցում այս կամ այն կազմակերպության հետ: Ճիշտ է, երբեմն-երբեմն մշակույթի նախարարությունը մեզ աջակցում է գնալ-գալու տոմսերով, բայց հիմնականում այդ աշխատանքը մենք ինքներս ենք անում: Կարծում եմ’  երաժշտին ավելի շատ ուշադրություն պետք է դարձնել, քանի որ երաժիշտներն ապրում են իրենց աշխատավարձով’ 60-70 000 դրամով, այդքան գումարով արտասահմանում քեզ վրա անգամ չեն էլ նայի: Դրսում երաժշտի միջին աշխատավարձը 2500-3000 եվրո է:

-Այստեղ արդարանում են, թե դրսում ծախսն էլ է շատ:
-Դա միայն թվում է: Այսօր Հայաստանում ապրելն ավելի թանկ է, այստեղ մի կիլոգրամ խնձորն ավելի թանկ է, քան Փարիզում, սրճարանում  մեկ բաժակ սուրճն ավելի թանկ է, քան Փարիզում… Իսկ նման պայմաններում ուղղակի անհնար է, որ երաժիշտը կարողանա միայն իր աշխատավարձով ապրել: Իսկ արվեստագետի համար պարզապես մահ է այլ աշխատանքով զբաղվելը, բայց շատերը ստիպված են, որովհետև ընտանիք են պահում: Եթե կոնսերվատորիայի պրոֆեսորն ամսական 30 000 դրամ է ստանում’ ի՞նչ եք ուզում, որ փոխվի: Պետք չէ մոռանալ, որ այն մարդը, ով ընտրել է երաժշտությունը, արդեն փակել է բոլոր դռներն իր առջև: Երաժիշտը, բացի տաքսի քշելուց, ուրիշ ոչ մի բան անել չի կարող, քանի որ գործիքը պահանջում է, որ օրական 10 ժամ զբաղվեն իրենով:

-Խնդիրը միայն երաժիշտների’ քիչ վարձատրվելու մե՞ջ է, արդյոք:
-Հիմքը սխալ է դրված’  արդեն մի քանի տարի: Սկսենք սկզբից’ երաժշտական դպրոցները չեն գործում այնպես, ինչպես սովետական շրջանում, բայց դա ո՛չ ուսուցիչների և ո՛չ էլ երաժշտական դպրոցների մեղքն է: Ծնողները տեսնում են, որ երաժիշտը լավ չի ապրում, պարզ է, չէ՞, եթե իմ երեխան պետք է դառնա երաժիշտ ու լավ չապրի, ես նրան այլ դպրոց կտանեմ, լեզուներ կսովորեցնեմ, որ հետո կարողանա գումար վաստակել: Եթե երաժիշտը լավ ապրեր’ երաժշտական դպրոցները կլցվեին, և այդ պայմաններում ընտրություն անելու հնարավորություն կունենայինք, իսկ այսօր դաշտում նրանք են, ովքեր ուզում են դառնալ երաժիշտ, ոչ թե նրանք, ում ընտրել ենք: 2013-ին մեր նվագախմբում երեք երաժշտի տեղ ունեինք, և մրցույթ հայտարարեցինք, 15 հոգի եկավ, և, բարեբախտաբար, մենք կարողացանք նրանցից երեքին ընտրել, բայց եթե մեզ չորրորդը պետք լիներ’ արդեն փաստի առաջ էինք կանգնելու: Այսօր կարելի է կոնսերվատորիան ավարտել և որևէ երաժշտական գործիք նվագել չիմանալ: Ի դեպ, սա միայն Հայաստանի խնդիրը չէ:   -Բայց դրսում գոնե ինչ-որ կայուն վիճակ եղել է, ինչ-որ բանի հասել են,  հետո նոր է  մշակութային կյանքն սկսել անկում ապրել, իսկ մենք, կարծես, միայն իջնում ենք: -Բայց սովետական շրջանում մենք շատ լավ վիճակում էինք, այդ տարիներին Փարիզից, Մոսկվայից գալիս էին` Երևանի կոնսերվատորիայում սովորելու: Անկեղծ ասած’ եթե ինձ ասեին’ վերադարձիր` Հայաստանում ապրելու, չէի գա: Գամ, 60 000 դրամ աշխատավարձով ինչպե՞ս ապրեմ, իսկ արտասահմանում ինձ գնահատում են, այսինքն’ իմ չափով գնահատում են:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0