a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ֆրանկոֆոն երկրների մարզամշակութային խաղերից Հայաստանը վերադարձել է մրցանակներով

Francophonie

Հուլիսի 21-30-ը, Աբիջան քաղաքում (Կոտ դ’Իվուար) անցկացվել է Ֆրանկոֆոնիայի 8-րդ մարզամշակութային խաղերը, որին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի գլխավորությամբ: Հայաստանյան պատվիրակությունը խաղերին մասնակցել է հետևյալ կազմով և մրցակարգերում. «Երգ» (Անի Սարգսյան), «Պար» (Արփինե Բալայան և Գեղամ Հակոբյան), «Քանդակագործություն» (Հայկ Ղազարյան), «Նկարչություն» (Արարատ Մինասյան), «Լուսանկարչություն» (Անուշ Բաբաջանյան), «Գրականություն» (Աննա Բաղդասարյան), «Հեքիաթ» (Մերի Գալստյան):

Անուշ Բաբաջանյանը «Լուսանկարչություն» անվանակարգում արժանացել է Արծաթե մեդալի, իսկ Աննա Բաղդասարյանը «Գրականություն» անվանակարգում՝ Հատուկ մրցանակի և Լիոն քաղաքում պատմավեպի հրատարակության հրավերի:

Ֆրանկոֆոն երկրների մարզամշակութային խաղերի մյուս կարևոր բաղադրիչը սպորտն է: Այս տարի նույնպես հայաստանյան պատվիրակության մարզիկներն արժանացան բարձր պարգևների՝ Ոսկե, Արծաթե, Բրոնզե մեդալների: Ազատ ոճի ըմբշամարտում հանդես եկած Խաչատուր Պապիկյանն իր քաշային կարգում արժանացել է Ոսկե մեդալի և դրամական խրախուսանքի, նույն ոճի տարբեր քաշային կարգերում Մարզպետ Գալստյանը, Վարուժան Կաջոյանը և Մխիթար Գրիգորյանն արժանացել են Արծաթե մեդալների, իսկ Վաղինակ Մաթևոսյանը և Աշոտ Վելիցյանը՝ Բրոնզե մեդալների։ Ձյուդո մարզաձևում Բրոնզե մեդալի է արժանացել Գրիգոր Սահակյանը:

Կոտ դ’Իվուարի Հանրապետության Ֆրանկոֆոնիայի 8-րդ միջազգային խաղերի պատասխանատու՝ նախարար Ռոբերտո Բեյուգրե Մամբիի հրավերով ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը հուլիսի 22-ին և 23-ին մասնակցել է նաև ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների 4-րդ համաժողովին: «Մշակույթը՝ որպես մարդկության կայուն զարգացման գործոն» թեմատիկ քննարկման ընթացքում նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով և ներկայացրել Հայաստանում մշակույթի ոլորտի ռազմավարական ու կարևոր ուղղությունները: Ա. Սամուելյանը ներկաներին հիշեցրել է նաև, որ 2018 թվականի հոկտեմբերին Հայաստանում կկայանա Ֆրանկոֆոն երկրների գագաթաժողովը: Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների հաջորդ համաժողովը տեղի կունենա 4 տարի հետո՝ Քվեբեկում:
Համաժողովի ավարտին ստորագրվել է հուշագիր:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հիմնադրվել է 1970 թվականին, որի մեջ ընդգրկված են 57 լիիրավ, 3 ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող 20 պետություններ: Ֆրանկոֆոն երկրների մարզամշակութային խաղերն անցկացվում են չորս տարին մեկ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0