a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկում է “Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության” համաշխարհային երթը

Culture.AM Dolls

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության ՅՈՒՆԻՄԱ-ի ազգային կենտրոնները ներկայացնող գործիչները, ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի նախաձեռնությամբ հունիսի 1-7-ը կհավաքվեն Հայաստանում՝ ազդարարելու «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթի մեկնարկը՝ նվիրված Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի Կազմակերպության  /ՅՈՒՆԵՍԿՕ/ հիմնադրման 70-ամյա հոբելյանին:Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։ Երթի նպատակն է առաջ մղել և տարածել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՅՈՒՆԻՄԱ-ի որդեգրած գաղափարներն ու արժեքները՝ ձայն բարձրացնելով հանուն կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում միջազգային համագործակցության խրախուսման, հանուն խաղաղության և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման, խտրականության և բռնության բոլոր ձևերի և միջոցների մերժման ու դատապարտման, ընդդեմ պատերազմների և մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների:
Համաշխարհային երթի մեկնարկը տալով Հայաստանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, ՅՈՒՆԻՄԱ-ի 95 ազգային կենտրոններին կոչ է արվելու իրենց երկրներում միանալ համաշխարհային երթին՝ անցկացնելով թատերականացված երթեր, տիկնիկային թատրոնների փառատոներ, տոնախմբություններ և այլ միջոցառումներ՝ դրանցում շեշտադրելով խաղաղության, բարեկամության, հանդուրժողականության և մշակույթների երկխոսության գաղափարները: Երթի մեկնարկը հանդիսավոր արարողությամբ կտրվի Երևանում, հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Տեղի կունենան մեկշաբաթյա միջոցառումներ, տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն, իսկ հունիսի 3-ին` հինգ մայրցամաքներից բերված հող ու ջրով Երևանի կենտրոնում կտնկվի «Խաղաղության ծառը»:
Երթը կավարտվի սեպտեմբերի 21-ին՝ Խաղաղության միջազգային օրը և ՀՀ անկախության օրը, Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի առջև տեղի ունենալիք մեծ տոնախմբությամբ և հանդիսավոր միջոցառումներով, որոնց կմասնակցի նաև խաղաղության երթի նախաձեռնող ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը:
Համաշխարհային երթի մեկնարկի մասնակիցները կողջունեն ՅՈՒՆԻՄԱ-ի մայր կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյա վաստակը` խաղաղության համար պայքարում: Նրանք նաև հարգանքի տուրք կմատուցեն 100 տարի առաջ նահատակված, որբացած և հայրենազրկված հայ մանուկների, ինչպես նաև այն երեխաների հիշատակին, ովքեր մեր ժամանակներում` Մերձավոր Արևելքում և այլուր, զոհ են դառնում ծայրահեղականության, անհանդուրժողականության, կրոնական մոլեռանդության նորահայտ դրսևորումներին և ցեղասպանական ոճրագործություններին:
Համաշխարհային երթի հայաստանյան մեկնարկը, որն ընդգրկված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ցանկում, կանցկացվի ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Երևան են կժամանեն ՅՈՒՆԻՄԱ-ի գլխավոր քարտուղարը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ, տիկնիկային թատերական արվեստի հանրահայայտ գործիչներ և տիկնիկային թատրոններ` աշխարհի տարբեր երկրներից:
Ս. թ. մայիսի 29-ին, «Նյութ» մամուլի ակումբում` «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արտաշես Առաքելյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի գլխավոր մասնագետ Լիլիա Նիկոյանը, ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի նախագահ Արմեն Սաֆարյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0