
14/04/2017
|
Ապրիլ-մայիս ամիսներին նախատեսված է 140 «Մշակութային կանգառ»

Այսօր Գյումրու Աճեմյան թատրոնը Վանաձորի Աբելյան թատրոնի բեմում «Հրեշը լուսնի վրա» ներկայացմամբ կնշանավորի Հայաստանի մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի 100-րդ միջոցառումը: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը:
Ծրագիրը համակարգող Գարիկ Նազարյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ որոշակիորեն երևացել է մշակութային ենթակառուցվածքների ոչ բարվոք վիճակը կամ ընդհանրապես դրանց բացակայությունը՝ սկսած տոմսավաճառից մինչև մշակութային հաստատություն։ Ըստ նրա՝ պարզ է դարձել, որ այդպիսիք պետք է ստեղծել, վերազինել, վերակառուցել և վերանորոգել:
Գյումրու Աճեմյան թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ մարզերում մարդիկ մշակութային քաղց ունեն, սիրում են արվեստը, հասկանում արվեստից, բայց, օրինակ, եղել են դեպքեր, երբ հյուրախաղերով բացվել են 1970-ականներից չբացված դահլիճներ ( հեռավոր մի գյուղում ցուցադրված վերջին ֆիլմը 30-40 տարի առաջվա «Վիրաժառուն» է եղել), 15-20 տարեկանները շատ տեղերում առաջին անգամ են մեծ էկրանով ֆիլմ դիտել: Դահլիճ կար, ուր էլեկտրական հոսանքը բերել են հարևանի տանից, դահլիճ էլ կար՝ գյուղապետի օգնությամբ բերել են հավուր պատշաճի։
-Իրենք մեղավոր չեն, որ մայրաքաղաքում չեն ծնվել. մեր հոգու պարտքն է՝ գնալ իրենց մոտ։
Ձմեռային եղանակի պատճառով մինչ օրս մշակութային 100 նման «կանգառ» է իրականացվել, բայց ապրիլ-մայիսին նախատեսված է 140-ը։
Տիգրան Վիրաբյանի կարծիքով՝ հաջորդ տարիներին էլ պետք է շարունակել ծրագիրը.
-Հանրային պահանջը շատ մեծ է։ Արդեն իսկ ծրագրվածից ավելի ներկայացումներ տալիս ենք։
-40 տարի Սունդուկյան թատրոնը ելույթ չէր ունեցել Ստեփանակերտում,-ավելացրել է Գարիկ Նազարյանը, -ապրիլի 6-ին ունեցավ, հաջորդ օրն էլ էին ուզում տեղացիները, բայց այդ օրը նրանց արդեն Կապանում էին սպասում։