a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Մշակութային ոլորտը փակ համակարգ է, որի դռներից ներս սողոսկելը շատ դժվար է նորեկների համար». Վահան Արծրունի

Vahan Arcruni Culture.AM

«Արվեստում և նույնիսկ առօրյայում տարբեր արժեհամակարգերի բախում է տեղի ունենում: Կան մի զանգվածի կողմից ընդունելի արժեհամակարգեր և կան արժեհամակարգեր, որոնց դավանում է այլ զանգված: Միշտ էլ նախասիրությունների հսկայական տարբերություն կա: Մտքերի համադրումը, իրական արժևորումը, այդ արժեհամակարգերի համակարգումը, լինելիությանը բնութագիր տվողը ոչ թե հանդիսատեսն է կամ ինքը` ստեղծագործողը, այլ քննադատը: Այդ ինստիտուցիան հենց վերոնշյալի համար է ստեղծված»:

Երգիչ, երգահան Վահան Արծրունու հետ մեր զրույցը սկսեցինք անդրադարձ կատարելով մասնագիտական քննադատությանը: Նա ընդգծեց, որ իր խոսքը քննադատության իդեալական տեսակի մասին է` բանիմաց, գրագետ, լայն տեսադաշտ ունեցող քննադատության, որը կարող է ստեղծագործական երևույթն ընկալել իր էությամբ, ոչ թե շարժվել մոդայի, պահանջարկ-առաջարկ սուտ թեզի կտրվածքով կամ նեղ լրագրողական դիտանկյունից, այլ դուրս գալ դրանից, խոսել արվեստին բնորոշ տերմինաբանությամբ:

«Մեր երաժշտական միջավայրն այսօր չի էլ ենթադրում քննադատական հարթակի գոյություն: Չկա քննադատ, որ իրազեկ լինի երաժշտության բնագավառի նորություններին, չկա քննադատ, որ հավասարակշռված, օբյեկտիվ դատողություններ ներկայացնի, և դրա բացակայությունն ի վերջո հանգեցնում է նրան, որ հանրությունն անհաղորդ է մնում արվեստին: Հանդիսատեսը կարող է չընկալել, չհասկանալ ստեղծագործությունը, իսկ քննադատը հանրության համար հասկանալի է դարձնում այն արժեհամակարգը, որը դրված է ստեղծագործության հիմքում»,- նշեց Վ. Արծրունին:

Դառնալով մշակութային ոլորտին` երգահանը կարծիք հայտնեց, որ մեզ մոտ այն փակ համակարգ է, որի դռներից ներս սողոսկելը շատ դժվար է նորեկների համար. «Սա լայն, համակարգային կառավարման, պետական դոկտրինի, ազգային ծրագրի բացակայության խնդիրն է, որը հանգեցնում է հանրության անհաղորդությանը, պատկերացումների խեղաթյուրմանը: Մարդիկ գնում են թատրոն, խեղկատակային շոու են նայում և կարծում են՝ թատրոն են տեսել, իսկ թատրոնը լրիվ ուրիշ բան է: Մշակութային բոլոր ոլորտներում իմացության մեծագույն խնդիր ունենք»,- նշեց նա` համոզմունք հայտնելով, որ այս ամենի հիմքում ընկած է թերի կրթության խնդիրը. «Յուրաքանչյուր հասարակություն ինքնակրթվելու ներքին մեծ պահանջ ունի. մարդու էությանը բնորոշ է հոգևոր տարածքը լայնացնելու, իմացություններով հարստացնելու ցանկությունը: Եվ եթե պետությունն իր բոլոր լծակներով աշխատում է այդ ուղղությամբ, ստանում ենք կիրթ հասարակություն, բայց երբ ընդհակառակն է տեղի ունենում, ստիպված ենք լինում համակերպվել անկիրթ հանրություն ունենալու մտքի հետ»:

Վ. Արծրունին վերջին 22 տարիներին տեսնում է մի վեկտոր, որն աշխատում է ազգի բնական ցանկության դեմ. «Հայ ազգը սիրում է ինքնակրթվել, սովորել, բայց երբ տեսնում ենք, որ այն կառույցները, որոնք պետք է նպաստեն այդ ներքին մղմանը, փլուզված են, հասկանում ենք, որ պետությունը, որն ազգի հոգևոր զարգացման երաշխավորն է, պարզապես ձեռքերը լվանում է այդ գործառույթներն իր վրա վերցնելուց: Այս պարագայում չենք կարող սպասել, որ հանրությունը որևէ այլ ինքնադրսևորում կունենա, քան ունի. հանրության ինքնադրսևորվելու ներքին ռեսուրսը զսպանակվում է պետության անգործունեությանը»,- ասաց նա` շեշտելով, որ ինչ-որ տեղից պետք է սկսել փոխել իրավիճակը. «Երբ այն ատյանները, որոնք օրենսդրորեն պատասխանատու են ազգի մշակութային և հոգևոր զարգացման համար, չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը, իրենց ուսերից նետում են այդ բեռը, հասարակությունն ինքը պետք է վերահսկի նրանց գործունեությունը և ստիպի ազգային քաղաքականություն մշակել»:

Քաղաքացիական հասարակությունը, երգահանի խոսքով, հնարավոր է և չգիտակցի խնդրի լրջությունը: Ահա այս պարագայում է, որ հսկայական կարևորություն ունի անհատի դերակատարությունը, որը կբարձրացնի այս հարցերը և կդարձնի հասարակության սեփականությունը: Պարզապես մի հարց է ծագում` անհատի ձայնը լսելի և ընկալելի կլինի՞, թե՞ ոչ:

Անի Ռափյան (Culture.AM)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0