a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Շիրա´զ, օր դու գրած էղնեիր, հիմի խելռած կեղնեիր». Ֆռունզիկը` Հովհաննես Շիրազին

watermarked-IMG_0582

«Շիրա´զ, օր դու գրած էղնեիր, հիմի խելռած կեղնեիր». Ֆռունզիկը` Հովհաննես Շիրազին

Ո՜վ մարդ, մի բանի պիտի հավատաս,

Թեկուզ ունայնի, որ ահ ունենաս:

Մի հոգեձայնի պիտի հավատաս,

Որ քեզ հայր լինի, միշտ մանուկ մնաս:

Մի անսասանի պիտի հավատաս,

Որ քեզ սասանի` չգազանանաս:

Մի բարի բանի պիտի հավատաս,

Որ չարդ վանի, որ բարի մնաս:

Մի երկնայինի պիտի հավատաս,

Որ քեզ ահ լինի, որ էլ մահ չտաս:

Մի աստվածայնի պիտի հավատաս,

Մի խղճի ձայնի, որ գեթ մարդանաս:

Մի հավիտյանի պիտի հավատաս,

Որ մարդը լինի` երբ էլ աշխարհ գաս:

Ո՜վ մարդ, մի բանի պիտի հավատաս`

Մարդուց վեր բանի, որ աստվածանաս:

Թեկուզ չլինի` պիտի հավատաս,

Որ աստված լինի, որ գեթ մարդ մնաս…

 

Հատվածը Հովհաննես Շիրազի «Թոնդրակեցիները» պոեմից է. հենց այս տողերն են սովորաբար զետեղվել Շիրազի հատորների մեջ` որպես առանձին բանաստեղծություն, իսկ ամբողջական պոեմը` առանձին գրքով, լույս է տեսել միայն 2014թ. նոյեմբերին` Շիրազի զավակների նախաձեռնությամբ և Գյումրիի քաղաքապետարանի օժանդակությամբ:

«Թոնդրակեցիները» գրվել է ավելի քան 60 տարի առաջ: Պոեմում Շիրազը շատ հետաքրքիր ձևով է ներկայացնում մեր պատմության այդ էջը` Թոնդրակյան շարժման իրական դեպքերը, թե ինչպիսի աղետ էր դա մեր ազգի համար և ինչ վնասներ ենք կրել այդ ժամանակաշրջանում:

Հովանես Շիրազի հուշատուն-թանգարանում գիրքն ինձ ներկայացրեց թանգարանի էքկուրսավար  Նարինե Խաչատրյանը, ով Շիրազի քրոջ` Գոհարի թոռն է: Ն. Խաչատրյանը միշտ ոգևորությամբ է հիշում` ցեղի միակ աղջիկն է, ում թե´ նշանդրեքին, թե´ հարսանիքին ներկա է եղել մեծ բանաստեղծը:

«Էլի կան անտիպ ստեղծագործություններ, սպասում ենք, որ հովանավորներ լինեն, տպենք: Շուրջ չորս հազար նամակ կա, որ ուսումնասիրման և տպագրման կարիք ունեն: Ինչքանով տեղյակ եմ, Շիրազի զավակները Մշակույթի նախարարության հետ դրանք տպելու պայմանավորվածություն ունեն»,- ասաց զրուցակիցս և հավելեց. «Դանթեականն» էլ, թեև ամբողջական է համարվում, բայց դեռ երկու հարյուր տող պակաս է: Եթե լինի մեկը, ով կստանձնի «Դանթեականի» տպագրությունը, պետք է նաև ներառի այդ երկու հարյուր տողը, որ կա ձեռագրում»:

Գրականագետ Սամվել Մուրադյանը Շիրազին նվիրված հինգ հատորյակ պիտի գրի. դեռևս առաջին հատորն է տպագրվել: Ն. Խաչատրյանի խոսքով, նա ավելի շուտ ներկայացնում է Շիրազի մարդ տեսակը, անցած ուղին, քան ստեղծագործությունները. հատորները լինելու են Շիրազի մասին:

«Գյումրին ցուրտ քաղաք է. հունվար, փետրվար ամիսներին շատ ցուրտ է այստեղ, և այցելու քիչ է լինում, բայց եթե տարվա կտրվածքով խոսենք, անցած տարի մեր թանգարան է այցելել 10180 մարդ: Պատկերացրեք, թե դա ինչ թիվ է Գյումրի քաղաքի և անհատի թանգարանի համար: Գիտե՞ք, գյումրեցին հիմա այնքան վատ է ապրում, որ մշակութային հաստատությունները նրան այդքան էլ շատ չեն ձգում. հիմնականում, եթե հյուրեր են ունենում, նրանց են թանգարան բերում: Բայց մեր հոգսաշատ գյումրեցիները Թանգարանային գիշերը լավ էլ գալիս են մեզ հյուր. տպավորություն է, որ քաղաքի կեսն այդ օրը գալիս է թանգարան: Միայն այդ մի օրը 3-4 հազար այցելու ենք ունենում, և նրանց 90 տոկոսը գյումրեցիներ են»,- ասաց թանգարանի էքսկուրսավարը:

Բացի սոցիալական դժվարություններից, ֆինանսական անբավարար միջոցներից (Գյումրիում այս և գրեթե բոլոր մյուս թանգարաններն անվճար են` հանգանակություններով), Ն. Խաչատրյանն այլ խնդիր էլ է տեսնում. «Եթե Երևանում մարդիկ երեկոյան զբոսանքի դուրս գալու կամ, ասենք, սրճարան գնալու բարդույթ չունեն, ապա Մեր Գյումրիում ընտանիքի մարդիկ ժամը 21-ից, 22-ից հետո էլ դուրս չեն գալիս տանից: Իսկ Թանգարանային գիշերը մի օր է, որ մարդը կարող է հանգիստ ժամը 22-ին, 23-ին դուրս գալ և գնալ թանգարան: Չեմ կարող մոռանալ. երկու տարի առաջ էր, ժամը 00:20-ին եկավ մի ընտանիք` տատիկը, պապիկը, տղան, հարսը և երեք թոռնիկները: Ես ինչպե՞ս կարող էի նրանց ասել, որ օրը վերջացել է… Նորից, մեծ սիրով թանգարանը ներկայացրինք այդ ընտանիքին»:

Այս տարի ողջ հայությունը միավորվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ, բայց քչերը գիտեն, որ Հովհ. Շիրազն առաջիններից մեկն է եղել Սովետական Հայաստանում, որ բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին:

«Քանի՜ անգամ են նրան տնային կալանք տվել Ցեղասպանության թեմայով գրված բանաստեղծությունների համար: Առաջին բանաստեղծությունը «Եղեռնի եղևնին» է` ընդամենը Նոր տարվան նվիրված մի բանաստեղծություն, որում Շիրազն ասում է, որ եղևնին կտրել ու տարել են, և հիմա նա, կտրված մայր հողից, մտածում է իր հողի և ընկերների մասին: Նա գրել է` «Ով Հայոց վշտով ինձ պես է տարվում, իմաստնանում է կամ խելագարվում»»,- բանաստեղծի խոսքը մեջբերեց Ն. Խաչատրյանը և հիշեց մի դեպք. «Ցեղասպանության 50-րդ տարելիցին, երբ ժողովուրդը ոտքի կանգնեց և պահանջեց իշխանություններից կառուցել Ծիծեռնակաբերդը, այդ ամենի ղեկավարներից մեկն էլ` թե´ ֆիզիկական մասնակցությամբ, ելույթներով, առաջարկներով, թե´ ստեղծագործություններով`  Շիրազն էր: Այդ պատճառով նրան տնային կալանքի տակ էին վերցրել, սակայն Շիրազին հաջողվում է համոզել հսկող ոստիկանին, տուն տանել, հարբեցնել և փախչել: Ինչպես տատս կասեր, անթել հեռախոսով խաբարը հասնում է հրապարակի միտինգավորներին, թե Շիրազը դուրս է եկել ու գալիս է իրենց միանալու: Միտինգավորներն էլ գնում են նրան ընդառաջ, բայց մինչ կհանդիպեին, ոստիկանները Շիրազի թևերը ոլորում են, մտցնում են մեքենան ու տանում: Ոստիկանների ղեկավարներից մեկն ասում է. «Ա´յ Շիրազ ջան, ախր ի՞նչ է ուզածդ, վերցնենք սարը, տանք քեզ, ի՞նչ ես անելու»: Շիրազն էլ պատասխանում է. «Կկանգնիմ Մասիսի գագաթին ու կթքեմ ձեր նման հայի ու թուրքի ճակտին»»:

Մյուս հիշարժան պատմությունը կապված է Շիրազի և մեր մեծագույն դերասաններից մեկի` Մհեր Մկրտչյանի հետ:

«Մի անգամ Ֆռունզիկը «Դանթեականը» ձեռագիր վիճակում կարդալուց հետո հանդիպում է Շիրազին ու հարցնում` «Շիրա´զ, կըսեն դու ես գրել, հա՞, Դանթեականը», Շիրազն էլ պատասխանում է, թե «հա բը, ես եմ գրե»: Ֆռունզիկը հակաճառում է` «չէ, չի կրնա պատահի` դու գրած էղնիս»: Շիրազը բարկանում է ու «ի՞նչխ թե ես չեմ գրե, ես եմ գրե» գոռալով հարձակվում է Ֆռունզիկի վրա, բայց էդ պահին Ֆռունզիկն ասում է` «Շիրա´զ, օր դու գրած էղնեիր, հիմի խելռած կեղնեիր», Շիրազն էլ թե` «հա, խելռել եմ, նոր եմ գրե»,- պատմեց Ն. Խաչատրյանը:

Հովհ. Շիրազին ժամանակին կնքել են որպես Համայն հայության երկրորդ բանաստեղծ: Ն. Խաչատրյանը վստահ է, որ եթե Հովհ. Թումանյանն իր ժամանակի Ամենայն հայոց բանաստեղծն է եղել, ապա Շիրազն էլ` իր:  «Նրա խոսելու ցավը բոլորինն է… Երբ ջահել էի և կարդում էի «Հուշարձան մայրիկիս» բանաստեղծությունների շարքը, այլ կերպ էի ընկալում դրանք, երբ մեծացա, մայր դարձա, փոխվեց ընկալումս, իսկ երբ մորս կորցրեցի, դրանք սկսեցին լիովին այլ զգացողություններ  առաջացնել: Ինձ թվում է, որ դա ոչ թե Շիրազն է գրել, այլ ես եմ ասել, իմ միտքն է Շիրազը գրել: Ես անկախ ինձանից արդեն սիրում եմ Շիրազին, որովհետև  խոսում է իմ սրտից: Իզուր չէ, որ նրա ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով»,- ասաց մեր զրուցակիցը և ընդգծեց նաև նրա հոգատարությունն իր ընտանիքի, իր զավակների նկատմամբ. «Շիրազը շատ հետաքրքիր բան էր անում.  երբ անգամ Երևանից Գյումրի էին գալիս, երկու-երեք տաքսի էր վերցնում և երեխաներին առանձին տաքսիներով էր ուղարկում: Մի անգամ մայրը սրտացավությամբ հարցրեց, թե ինչու է այդպես վարվում, այդքան գումար ծախսում, եթե հնարավոր է միասին, ավելի էժան տարբերակով հասնել Գյումրի:  Շիրազը ապատասխանեց, որ այդպես ավելի անվտանգ է` եթե անգամ տաքսիներից մեկին մի բան լինի, մնացած երեխաներն անվնաս կմնան»:

watermarked-IMG_0491 watermarked-IMG_0503 watermarked-IMG_0508 watermarked-IMG_0522 watermarked-IMG_0549 watermarked-IMG_0551 watermarked-IMG_0553 watermarked-IMG_0580 watermarked-IMG_0582 watermarked-IMG_6863 watermarked-IMG_6864 watermarked-IMG_6872 watermarked-IMG_6892 watermarked-IMG_6896 watermarked-IMG_6897 watermarked-IMG_6907 watermarked-IMG_6908 watermarked-IMG_6910

Նյութը՝  Անի Ռափյանի (Cultrue.AM)

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0