a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
28/04/2015

Պոլիսյան օրագիր. «Մենք շատ ենք հայի նման»

Culture.AM Pol

Hraparak.am -ի փոխանցմամբ երբ BBC-ի նախկին ղեկավարներից մեկը՝ Գրեգ Դայքը, Թոնի Բլեյերի կառավարության հետ ծագած խնդիրների արդյունքում հրաժարական էր ներկայացրել, BBC-ում իր հրաժեշտի արարողության մասին պարբերականներից մեկը գրել էր. «Արտասվում էին կանայք, արտասվում էին տղամարդիկ, արտասվում էին նույնիսկ լրագրողները»: Չմոռացվող դիտարկում է, որովհետեւ իսկապես հազվադեպ, շատ հազվադեպ կարող է պատահել, որ հանրային որեւէ իրադարձությունից լրագրողն այնքան հուզվի, որ համարյա արտասվի: Անձամբ ես միայն մեկ անգամ, Հին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Տիրոջ օծման քարի առջեւ հնչող հայերեն խոսքից ու մեր հոգեւորականների երգեցողությունից էի այդքան հուզվել: Մինչդեռ Պոլսում երեք հաջորդական երեկոների՝ ապրիլի 22, 23, 24-ին, եղան միջոցառումներ, որոնց ընթացքում անհնար էր հուզմունքին դիմանալ:
Ինչպես արդեն ասվել է, ապրիլի 22-ի երեկոյան, Պոլսի ամենամեծ հանդիսասրահում՝ Istanbul Congress Center-ում կայացավ համերգ՝ նվիրված 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալված եւ աքսորում մահկանացուն կնքած հայ մտավորականների հիշատակին: Բացման խոսքն ազդեցիկ էր, խորը ու տպավորիչ: Այն ընթերցվում էր թուրքերենով, անգլերեն թարգմանությամբ գրվում էկրանին, իսկ միջոցառման տպագիր ազդագրից հասանելի էր նաեւ հայերեն: Մեջբերում եմ խոսքի եզրափակիչ հատվածը. «Որպէս մտաւորականներ, գրողներ, արուեստագէտներ, որոնք կ’ուզեն հայրենիք մը, ուր իւրաքանչիւր անձ հաւասարապէս ապրի իր տարբերութիւններով հանդերձ, ուր իշխէ իրաւունքը, ուր ազատութիւնները մշտապէս չթողուին սպառնալիքներու առջեւ՝ ամէն օր աւելի կը զգանք 1915-ին իրագործուած յանցագործութիւններու հետեւեանքներն ու այս երկրին մէջ հայերը կոսնցուցած ըլլալու դատարկութիւնը: Այդ զգացումն ու ամօթը, զոր կը զգանք կատարուածներուն դիմաց, մեզ աւելի պատասխանատու կը դարձնեն, մեզի աւելի ուժ կը պարգեւեն՝ իրենց եւ մեր երկրին համար արդարութիւնը որոնելու ճանապարհին: Յարգանքով կը խոնարհինք յիշատակին առջեւ հայ մտաւորականներուն, որոնք մեզ կ’առերեսեն մեր իրականութեան հետ, մեզի կը պատմեն մեր պատմութիւնը»: Պատկերը շատ հուզիչ էր, Պոլսի լեփլեցուն կենտրոնական հանդիսասրահ, մի քանի հազար հանդիսատես` մտավորականներ, դիվանագետներ, լրագրողներ, հանրային-քաղաքական գործիչներ, արվեստագետներ… մթության մեջ բեմի էկրանին վառվող մոմ… հնչող ու գրվող բացման խոսք, որի ավարտից ու դահլիճի թնդացող ծափահարություններից հետո բեմ է բարձրանում Արսինե Խանջյանը եւ հայերեն ընթերցում է Դանիել Վարուժան… «Անդաստան»:
Ավելին՝ Hraparak.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0