a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սարոյանի տան աճուրդի միակ թեկնածուն և Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսի քայլերը

saroyan62

Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյի տան աճուրդը կայանալու և փակվելու է այսօր: Մեծանուն գրողի տան վաճառքով հետաքրքրվել է մեկ գնորդ: Շուտով տունը նորը սեփականատեր կունենա:

Այս մասին Culture.AM-ին տեղեկացրեց Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի ներկայացուցիչ Լուսինե Թանոսյանը, նշելով, որ Պերճ Աբգարյանը դիմել է տեղի քաղաքապետարանի ներկայացուցիչներին` Վիլյամ Սարոյանի տունը տուն-թանգարանի վերածելու թույլտվություն ստանալու համար: Որից հետո կբանակցեն սեփականատիրոջ հետ: Հավելյալ գումար վճարելու դեպքում հնարավոր կլինի տունը վերագնել:
Իսկ եթե նոր սեփականատերը չհամաձայնի՞ վաճառել տունը:
Մեր այս հարցին ի պատասխան Լուսինե Թանոսյանն ասաց, որ սեփականատերը ամերիկացի է, նրա համար Սարոյանի տունը նույն արժեքը չունի, ինչ-որ հայ համայնքի համար: Բանակցություններ դեռ չեն եղել, բայց սեփականատերը տեղյակ է, որ Ֆրեզնոյի հայ համայնքը  հետաքրքրված է ու մտահոգ տան համար:

Պերճ Աբգարյանի  հավաստմամբ` Սարոյանի տան համար վճարվել է  150 հազար դոլար:  Եվս 25 հազար դոլար է պետք` վերագնելու համար: Տունը անմխիթար վիճակում է, վերանորոգման համար անհրաժեշտ է շուրջ 50 հազար դոլար, ևս 25 հազար` այն տուն-թանգարանի վերածելու համար:
Լուսինե Թանոսյանը նշեց, որ Սարոյանի տան խնդիրը անհանգստացնում է Ֆրեզնոյի հայությանը. «Բազմաթիվ զանգեր ենք ստանում, հետաքրքրվում են` ի՞նչ եղավ, ինչո՞վ կարող են օգնել: Մի քանի բարերարներ ներդրում կատարելու պատրաստակամություն են հայտնել:»

Հիշեցնենք, որ Սփուռքի նախարարությունը և Հայաստանի գրողների միությունը օրեր առաջ կոչ էին արել հայ բարերարներին գնել Վիլյամ Սարոյանի վաճառքի հանված տունը և այն վերածել տուն-թանգարանի:

Լ. Թանոսյանն ընդգծեց, որ խնդրով ներկայումս զբաղվում է  հյուպատոսարանը, իրենք  որոշակի ներդրում անելու են, բայց չեն կարող միայնակ լուծել խնդիրը:

Հ.Գ. Ցավալի է, որ մեծահամբավ գրողի տունը հետաքրքրել է մեկ գնորդի ու այն էլ ամերիկացու, ում համար այդ տունը ոչ ավել, ոչ պակաս անշարժ գույք է: Մենք կարող ենք հպարտանալ, որ Սարոյան ունենք… բայց փոխարենը չունենք պետական մշակութային քաղաքաղականություն` խնդիրը ճիշտ ժամանակին լուծելու, կամ գոնե մեկ մեծահարուստ, ով կմասնակցեր աճուրդին ու ձեռք կբերեր պատմական արժեք ունեցող տունը:
Հավելենք, որ Culture.AM-ը , Հայ մշակույթի, գիտության և կրթության հիմնադրամի հետ համատեղ օնլայն դրամահավաք-ակցիա կազմակերպեց Սարոյանի տունը «տուն վերադարձնելու համար»: Սակայն մեզանում ավելի շատ արմատավորվել է «գնա մեռի, նոր կտեսնեմ կարելի է սիրել, թե չէ»-ն, քան «մինչև դանակը ոսկորը հասնելը» բժշկի դիմելը:

 

Հ.Գ.Գ.- Ավելորդ չէ նշելը, որ ՀՀ մշակույթի նախարարությունը   չեզոք դիրք է գրավել: Սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության` բարերարներին ուղղված կոչով կարծես հարցը փակվում է: Իսկ աճուրդի` հավանական գնորդի մասին տեղեկություններն էլ  ստացել ենք  Ֆրեզնոյում ՀՀ հյուպատոսարանից:
Սփյուռքի նախարարությունից ի պատասխան մեր զանգերին և «ինչ լուր կա» հարցին  պատասխանել են` «տեղեկություն իմանալու դեպքում` կզանգենք» խոստումով: Եկավ ու մայիսի 5-ն անցավ, իսկ իրենց հեռախոսահամարներից  հետադարձ զանգեր՝ այդպես էլ չստացվեց:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0