a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վիքիպեդիան հարստացել է Մեծ եղեռնին առնչվող հոդվածներով

Wikipedia_logo_red

«Ներկայումս  Հայերեն վիքիպեդիայում (ՀՎՊ) կա Հայոց ցեղասպանությանն այս կամ այն կերպ առնչվող 1000-1500 հոդված: Վերջին ամիսներին ՀՎՊ-ն հարստացավ այդ թեմայով բազմաթիվ հոդվածներով»,- այս մասին տեղեկացնում է  վիքիխմբագիր Արտաշես Թադևոսյանը՝ նշելով, որ, մասնավորապես, 2014 թվականի մարտ և ապրիլ ամիսներին կայացած միամսյակի ընթացքում վիքիպեդիա են տեղափոխվել Ցեղասպանությանը և Հայկական հարցին նվիրված «Հայկական հարց» հանրագիտարանի բոլոր հոդվածները (մոտ 900 հոդված): Հոգեբույժ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանն իր հեղինակած «Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ» գիրքը անվարձահատույց նվիրաբերել է ՀՎՊ-ին: Այդ գրքի նյութերով ստեղծվել են Մեծ եղեռնին զոհ դարձած հայ բժիշկների կենսագրությանն ու գործունեությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ:

Վերջին ամիսներին զգալիորեն հարստացել են «Գրական գործեր Հայոց ցեղասպանության մասին‎» և «Հայոց ցեղասպանության հուշարձաններ‎» կատեգորիաները: Առաջինում այժմ կա 70 հոդված, երկրորդում, որտեղ ներկայացված են աշխարհի տարբեր երկրներում կանգնեցված Մեծ եղեռնին նվիրված հուշարձանները` 110:

«Մի քանի խմբագիրների ջանքերով էականորեն բարելավվել է «Հայոց ցեղասպանություն» հոդվածը, որը ապրիլի 24-ին լինելու է ՀՎՊ-ի գլխավոր էջի օրվա հոդվածը: Ապրիլի 10-ից սկսած գլխավոր էջի «Օրվա հոդված» խորագրում բացառապես ներկայացվում է Մեծ եղեռնին առնչվող հոդվածներից որևէ մեկը»,- ընդգծեց վիքիխմբագիրը:
«ՀՎՊ-ում հանդիպո՞ւմ են Ցեղասպանությանը վերաբերող հայատյաց նյութեր, թե՞ կա վերահսկում» մեր հարցին ի պատասխան` Արտաշես Թադևոսյանն ասաց, որ հայատյաց նյութեր ՀՎՊ-ում լինել չեն կարող, քանի որ բոլոր նոր ստեղծվող հոդվածները և վերջին փոփոխությունները ակտիվ խմբագիրների և ադմինիստրատորների հսկողության տակ են, և նման դեպքեր եթե նույնիսկ լինեն, անմիջապես կկանխվեն. «Վերջին ամիսներին հազվադեպ պատահում են դեպքեր, երբ ադրբեջանցի կամ թուրք մասնակիցներ փորձում են կեղծ տեղեկություններ ներմուծել մեր վիքիպեդիա, սակայն այդպիսի խմբագրումներն անմիջապես հետ են շրջվում»:
Ի դեպ,  հաքերային հարձակումներ նույնպես չեն լինում: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ ՀՎՊ-ի գլխավոր էջում վանդալություններ էլ  չեն կարող լինել, որովհետև էջը պաշտպանված է:

Հավելենք, որ այս պահին ՀՎՊ-ում կա մոտ 157500 հոդված, որը բոլոր լեզուներով վիքիպեդիաների մեջ 40-րդ արդյունքն է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0