a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ֆորս-մաժորային վիճակը Օպերայում հաշվի չէր առնվել

Opera

Այն, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները բավական հագեցած էին ու արված գեղեցիկ, երկու կարծիք լինել չի կարող: Նախ՝ ապրիլի 23-ին, ֆորում, հետո Էջմիածնում սրբադասման արարողությունը, երեկոյան SOAD-ի փառահեղ համերգը, հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին,  արդեն առավոտյան պատվավոր հյուրերի հետ այցելություն Ծիծեռնակաբերդ, փոքրիկների ուղեկցությամբ նախագահները ծաղիկներով լրացրեցին խորհրդանիշ անմոռուկը, նախագահների ելույթները, իսկ երեկոյան արդեն համաշխարհային նվագախմբի համերգը Հանրապետության հրապարակում…բայց՝ չկայացավ այն հրապարակում:

Համերգից մի քանի ժամ առաջ հայտարարություն տարածվեց, որ համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային  ակադեմիական թատրոնում ու ժամը 21:00-ին ու՝ մուտքն ազատ է: Եղանակի տեսությունը ցույց էր տալիս, որ երեկոյան անձրև, համենայն դեպս, նախորդ օրվա “ջրհեղեղից” չէր սպասվում: Բայց, կազմակերպիչները որոշեցին այն տեղափոխել փակ տարածություն: Ինչ եղավ նախորդ օրվա “ջրհեղեղի” ժամանակ, բոլորիս պարզ է. ժողովուրդը հրապարակից չհեռացավ, մնաց ու երգեց…Իհարկե,հասկանալի է, որ ակադեմիական երաժշտության ունկնդիրները ռոքի խենթ ու խելառ հանդիսատեսից հաստատ տարբերվում են, բայց որ Հայաստանում ակադեմիական երաժշտության նվիրյալ ունկնդիրներ էլ կան, դրան գումարած նաև հրավիրյալ հյուրերը, ապա կարելի է ենթադրել, որ “24/04″-ի համերգին սպասողներ, համենայն դեպս, քիչ չեն լինի: Իսկ ի՞նչ եղավ: Ժամը 20:00-ից Օպերայի  և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի բակում սկսեցին հավաքվել մարդիկ, իսկ դռներն այդպես էլ չէին բացվում: Հետո կես ժամ անց բացվեցին ու իսկական “հրմշտոցը” սկսվեց:

Հայտարարությունը, որ համերգի մուտքն ազատ է, իրականում այդպես էլ չհամապատասխանեց իրականությանը: Խուճապն ու լարված վիճակը սկսեց տիրել Ազատության հրապարակում: Դռան մոտ կանգնած մարդիկ այդպես էլ չէին կարողանում կառավարել վիճակը, միայն լսվում էր “թող առաջ գան հրավիրատոմսերով մարդիկ”: Տիտանիկի խորտակումը հիշեցնող տեսարան էր. մարդիկ, անկախ նրանից, ունեին հրավիրատոմսեր,թե՞ չէ,  շտապում էին դեպի բաղձալի դուռը, բայց, մի րոպե, ի՞նչ հրավիրատոմս,որտեղի՞ց:  Հանրապետության հրապարակում հաստատ հրավիրատոմս պետք չէր լինելու, ապա որտեղից դա: Փորձեցինք հետաքրքրվել և ստացանք մի քանի պատասխաններ. “ընգերսա տվել”, “ֆորումում են տվել”, “որտեղի՞ց, բա հայ չենք, ճարել ենք”: Ենթադրաբար ֆորումն ամենահավանական տարբերակն էր, բայց թե ֆորումից հետո ոնց էր հայտնվել “ընգերոչ” մոտ, այդ դա մնաց հարցական: Խեղճ ժողովուրդը չգիտեր իր անելիքը: Սա էլ հո ռոք համերգ չէ, որ տաքարյուն երիտասարդներ լինեն: Շվարած, կանգնած սպասում էին, երբ պետք է թույլատրեն մտնել: Իսկ համերգն արդեն մեկնարկում էր: Բեմի հակառակ կողմում՝ այսինքն դռների մոտ՝ դրսի կողմից, մեկնարկել էր այլ բան. սկսեցին խոսակցություններ տարածվել, որ ներս են մտնում նաև  ծանոթ-բարեկամ-խնամի “անցաթղթով”:

Ժողովուրդը սկսում էր նյարդայնանալ: Մայրեր կային իրենց երեխաներով անգամ գոռում, բղավում էին, որ հստակ պատասխանեն, ախր չունեն հրավիրատոմս, եկել են, որ երաժշտություն լսեն, կարդացել են հրապարակ, հետո փոխվել է օպերա, ու մուտքն ազատ,  հիմա էլ ի՞նչ հրավիրատոմս: Մենք չալարեցինք ու թակեցինք բոլոր դռները, բացեցին ամենավերջինը: Մեր այն հարցին, թե եթե  մարդիկ չունեն հրավիրատոմս, մտնելու՞ են,  թե՞ չէ, մեզ պատասխանեցին “ախր դահլիճը լիքնա արդեն, ոնց մտնեն”: Դե հա, պարզ է, մոտ 1000 տեղանոց դահլիճը հո հրապարակ չէ, որ 50 000 մարդ տեղավորի (մեր դեպքում դրսում կանգնած 500 մարդ էլ չկար), բայց չէ՞ որ նման մեծամասշտաբ միջոցառումներին պետք է ու պարտավոր են “ֆորս մաժորային” պլաններ կազմեն: Մենք հո Բրազիլիայում չենք, որ անգամ ձյուն չգա:Ավելին, տարի է եղել, որ ապրիլի 24-ին անգամ ձյուն է եկել: Դե հա, հասկանալի է նաև, որ դասական երաժիշտները ռոք երաժիշտներ չեն, ու չեն կարող սառած մատներով նվագել, մինչդեռ  SOAD- կիթառներից երեկ ջուր էր “չռում”, իսկ երաժշտությունը շարունակում էր հնչել: Այ դրա համար մարդիկ ստեղծել են “ֆորս մաժոր” տերմինը: Վերջին դռան աշխատակիցը մեզ ասաց, որ “ինչ անենք, ախր…”: Բա մենք ինչ անենք, որ տեղից էլ ցուրտ պայմաններում մեկուկես ժամից ավել կանգնել ու ոչ ոք, ոչ մի հստակ բան չի ասում: Դրա համար, երբ արագ “տեղափոխվում” է համերգը, գոնե մեծ լեդ էկրաններ կարելի էր փակցնել օպերայում, շատ արագ , որպեսզի մարդիկ գոնե արհամարված չզգային իրենց: Գոնե հայտնեին, որ չէ , մարդիկ, մուտքը հրավիրատոմսերով է, չգաք, եթե չունեք, չգաք, որ չմրսեք: Բայց անգամ շատ-շատերը, ովքեր  նույնիսկ ունեին հրավիրատոմսեր, մնացին “չունեվորների” կողքին հավասար կանգնած:

Ամենևին էլ չուզենալով “ցեխ շպրտել” միջոցառումների վրա, մանավանդ, որ հոդվածի սկզբում անգամ նշվել էր, որ  գեղեցիկ է ամեն բան, բայց և այնպես, իսկական տան տիրոջ նման, տան ներսում առաջացած բացթողումներն ու սխալները հարկ ենք համարում բարձրաձայնել, որպեսզի հաջորդ անգամ , նմանօրինակ խնդիրների առաջացման դեպքում  լուծումը լինի ճիշտ ու երկկողմ արդարացված: Հայտարարությունները լինեն օբյեկտիվ ու մարդկանց չգցեն թյուրիմացությունների մեջ:  Այլ ոչ թե մարդիկ գան ժամը 19:30-ից, համեստորեն կանգնեն, լռեն, ու 21:40-ին կողքներին  կանգնած “պլանշետով հարուստ” երիտասարդից իմանան, որ համերգը վաղուց սկսվել է, իսկ իրենք միևնույն է, չեն էլ հայտնվելու ներսում:

Հ.Գ. Համերգն , իրոք, հիանալի էր (online հետևոմ էինք): Արժեր նայել, մանավանդ, որ դրսում կանգնած արտասահմանյան հեղինակավոր շարժական կայանները փայլուն ձևով  հեռարձակեցին իր տեսակով յուրօրինակ ու բացառիկ համերգը:
Opera (1)watermarked-20150424_211222_LLS

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0