a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
18/11/2014

«Երբեմն թագավորներն այնքան ահարկու չեն, որքան իրենց կարճաձեռ սպասավորները»

IMG_4975

Չեխիայում բնակվող, ծնունդով արցախցի գեղանկարիչ ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ պարբերաբար ցուցահանդես է ունենում Չեխիայում, Հայաստանում, Արցախում: Նրա կտավները մոդեռն ռեալիզմի ժանրում են, թեև ասում է, որ իրականում դժվար է բնորոշելը: Աշոտ Առաքելյանը Չեխիայի նկարիչների միության և Չեխիայի պրոֆեսիոնալ նկարիչների կազմակերպության, ինչպես նաև Հայաստանի և Արցախի նկարիչների միության անդամ է: Երկար տարիներ դասախոսել է Երևանի մանկավարժական համալսարանում, այժմ պատմության ամբիոնի պատվավոր անդամ է: Հանդես է գալիս նաև հրապարակախոսությամբ, արծարծում հատկապես Ցեղասպանությանը վերաբերող խնդիրներ:
-Ցեղասպանության 100-րդ տարելիցին սպասվում է հզոր արշավ: Ի՞նչ է նախատեսում Չեխիայի հայ համայնքը:
-Չեխիայում տեղի հայկական հասարակական-քաղաքական կազմակերպությունները, հայկական դեսպանությունը կազմակերպելու են տարբեր միջոցառումներ, նաև մեկնարկելու է բողոքի երթ Պրահայի կենտրոնից դեպի թուրքական դեսպանատուն:
-Իսկ չեխերն ինչպե՞ս են արձագանքում պատմական այդ իրողությանը:
-Ապրիլի 24-ին թերթերում, հեռուստատեսությամբ թռուցիկ կարգով նշվում է, որ Հայոց ցեղասպանության տարելիցն է, զոհ է գնացել այսքան մարդ: Ես մի առիթով խոսում էի Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, ասացի, որ Սլովակիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ դուք` ոչ: Նա ասաց` գիտեք, Հայաստանի կառավարությունը պաշտոնապես չի ընդունել Ցեղասպանությունը, կարծում եմ, միայն այդ դեպքում կարող ենք ընդառաջ գնալ հայերի ցեղասպանության ընդունմանը: Խորհրդային տարիներին հասկանալի է, բայց վերջին քսան տարիներին մեր կառավարությունը, իհարկե, խոսում է տարբեր ամբիոններից, բայց պաշտոնապես ՄԱԿ-ին, Եվրախորհրդին և Եվրադատարանին պահանջատիրության հայց չի ներկայացրել: Բացի այդ, եվրոպացին ունի իր խնդիրները, դրսի հարցերն իրեն չեն հուզում, մինչև որ խնդիրը պաշտոնապես չբարձրացվի:
-Ապրիլքսանչորսյան միջոցառումներին, հայ համայնքի հիշատակի և բողոքի երթին ինչպե՞ս են արձագանքում Թուրքիայի դեսպանատունը, տեղացի թուրքերը: Միջադեպեր չե՞ն լինում:
-Չեզոք դիրք են գրավում, որ անաղմուկ անցնի երթը և ավելորդ ուշադրություն չգրավի: Որոշակի արձագանք լինում է զբոսաշրջիկների կողմից: Անցյալ տարի երթի ժամանակ մի կին ու մի տղամարդ տարբեր տեղերից հայհոյանքներ էին նետում:
-Դուք հաճախ եք Հայաստան գալիս, ի՞նչ փոխոխություններ եք նկատում:
-Քաղաքաշինական գործընթացներ են, բարեկարգվում է մայրաքաղաքը, փողոցները, բայց ժողովրդի վիճակն է շատ ծանր, օրհասական: Այդքան առաջընթացին զուգահեռ կա հուսալքություն, Հայաստանը դատարկվում է, միջոցներ ձեռք չեն առնում, մարդու ինքնասիրությունը ոտնահարվում է: Այնպիսի բաներ են կատարվում, որ ուղղակի ցավ ես զգում: Պետական հոգատարություն չկա, ժողովրդի և պետության կապը, չեմ կարող ասել, կտրված է, բայց ամուր էլ չէ: Մի անգամ ասել եմ, որ ամերիկյան այդ հզոր տնտեսության համարյա կեսը հենված է միջին և մանր բիզնեսի վրա, իսկ Հայաստանում մանր և միջին բիզնես չկա, 50-100 հոգի կենտրոնացրել է ամբողջ տնտեսությունն իր ձեռքին, վերածելով ճորտերի և ճորտատերերի երկրի:
Չեխիայի, առհասարակ եվրոպական երկրների տնտեսության 30-40 տոկոսը պետական շրջանակին է պատկանում: Եթե Հայաստանի ատոմակայանը, մոլիբդենը, պղինձը, ոսկին, կոնյակի գործարանը ոչ թե մասնավորի ձեռքին լինեին, այլ պետական բյուջե մտնեին, Հայաստանն իր պարտքը երկու-երեք տարում կմարեր, և աշխատավարձի կտրուկ բարձրացում կլիներ: Իսկ այդ ամենը գնում է որոշ մարդկանց գրպանը: Հայաստանի, ու ոչ միայն, Ասիայի, Աֆրիկայի ցանկացած պետական պաշտոնյա այնքան գումար ունի, որ եվրոպական երկրների բոլոր նախագահները միասին վերցրած այդքան գումար չունեն:
-Մեզ մոտ «հեղինակությունները» հիմնականում չեն վայելում ժողովրդի վստահությունն ու հարգանքը, ոմանք նաև ոչ վայել մականուններ են կրում: Հետաքրքիր է, այդ առումով, ինչպիսի պատկեր է Չեխիայում:
-Անդրանիկն ասում էր` գլուխդ բարձին դնելուց առաջ պետք է մի քիչ էլ խորհես ազգիդ մասին: Իհարկե, բիզնեսը ազգություն չի ճանաչում, բայց Չեխիայում այլ է, ազատ շուկայական հարաբերություններ են տիրում այնտեղ: Ցավալի է, որ մեր պետական պաշտոնյաները մականուն ունեն, պատիվ չեն բերում նրանց խոսելու ձևը, վերաբերմունքը: Ֆրանսիական խոսք կա, որ երբեմն թագավորներն այնքան սարսափելի չեն, որքան իրենց կարճաձեռ սպասավորները: Կան խոշոր պետական գործիչներ, որ եթե իրենք չէ, իրենց հարազատները հաճախ ժողովրդի հետ վարվում են թշնամու պես` պետությանը պատիվ չբերող միջոցներ ձեռնարկելով: Ամեն ինչ կենտրոնացնում են իրենց ձեռքում` շուրջբոլորը տրորելով, ճզմելով:
-Կարելի է կարծել, որ Եվրոպայում դրախտային բարքեր են տիրում: Չեխիայում իրավախախտումներ, չարաշահումներ չկա՞ն:
-Իհարկե կան, բայց Չեխիայում որակ չեն կազմում, քանակ են կազմում, և խախտումների բացահայտման դեպքում բոլորն էլ պատժվում են:

Մանրամասները՝ Irates.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0