a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Իրինա Բոկովան մեջբերել է Հ․ Թումանյանի «Հայոց լեռներում» բանաստեղծության տողերը

Culture.AM Concert 7

Օրերս Փարիզում կայացավ Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության այցելությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան: Պատվիրակության կազմում էին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը:

ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայության տեղեկության համաձայն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում պատվիրակությանը ողջունեց կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ով նշեց Հայաստանի ակտիվ մասնակցությունը կազմակերպության ծրագրերին:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն ու գործունեությունը և անդրադարձավ գործունեության 70 տարիների ընթացքում կազմակերպության հիմնական ձեռքբերումներին՝ մշակութային ժառանգության պահպանման և կրթական ծրագրերի իրականացման ոլորտներում:
Նա նշեց, որ միջազգային լարվածության, հակամարտությունների սրացման պայմաններում կազմակերպության գործունեությունն առանձնահատուկ դերակատարում է ստանձնում, հատկապես` չճանանչված պետություններում և հակամարտությունների գոտիներում մշակութային ժառանգության պահպանման և կրթական ծրագրերին աջակցության առումով: «ՄԱԿ-ի համակարգի մասնագիտացված կառույցների հիմնական առավելությունը` դրանց ապաքաղաքական, մասնագիտացված գործունեությունն է: Չափազանց կարևոր է պահպանել այդ ապաքաղաքական մոտեցումը և առկա խնդիրների լուծումներ փնտրել մասնագիտական փորձագիտական դաշտում»,-նշեց Վիգեն Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնելով Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ իրականացված ծրագրերի համար, հակիրճ անդրադարձավ համագործակցությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաների շրջանակներում, կարևորեց ազգային զեկույցների նախապատրաստման ընթացքում ակտիվ փոխգործակցությունը կազմակերպության փորձագետների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ: 2013-2014 թթ. Հայաստանը նախատեսված հինգ ազգային զեկույցից ներկայացրել է չորսը` միջազգային իրավական պարտավորություններով:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շեշտադրեց չճանանչված պետություններում կրթության իրավունքի լիարժեք ապահովման անհրաժեշտությունը` հղում կատարելով Բոլոնյան գործընթացի երևանյան նախարարական համաժողովի կողմից ընդունված Երևանյան հռչակագրին:
Նույն օրը՝ երեկոյան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի լիագումար նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Երիտասարդությունը հանուն խաղաղության» համերգաշարի ամփոփիչ համերգը:

Համերգի մեկնարկից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով խորին շնորհակալություն հայտնեց միջոցառմանը մասնակցելու հրավերի համար և հավելեց, որ մեծապես ոգեշնչված է մինչ այժմ իրականացված աշխատանքնե­րով և գիտակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը համաշխարհային ժառան­գության հավաքագրման, դասակարգման, ցուցակագրման և պաշտպանության գործում, ապա նրան հաջորդեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ով իր խոսքում նշեց․ «Այսօր աշխարհը լի է ատելության ձայներով և բաժանարար գծերով: Մենք ունենք այն աղջիկների և տղաների ձայների կարիքը, ովքեր կկանգնեն հանուն խաղաղության՝ առաջ մղելու այն արժեքները, որոնք միավորում են մեզ՝ որպես մեկ միասնական ընտանիք: Սա ինձ հիշեցնում է հանճարեղ Հովհաննես Թումանյանի «Հայոց լեռներում» բանաստեղծության տողերը. «Տանում ենք հնուց մեր գանձերն անգին, մեր գանձերը ծով, ինչ- որ դարերով երկնել է, ծնել մեր խորունկ հոգին»:  Երիտասարդները, տիկնայք և պարոնայք, առաջ են տանում մարդկության գանձերը, և մենք պետք է սատարենք նրանց ամեն կերպ»:

Համերգային ծրագրում ընդգրկված էին բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (Կոմիտաս, Արամ Խաչատուրյան, Տիգրան Մանսուրյան, Ալեքսանդր Հարությունյան և այլք): Համերգի ընթացքում հայ կատարողական արվեստը ներկայացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, թառահար Միքայել Ոսկանյանը, «Կատուներ» ջազ-բենդը՝ Վահագն Հայրապետյանի գլխավորությամբ, Ինգա և Անուշ Արշակյանները,դուդուկահարներ՝ Գևորգ Դաբաղյանը, Կամո Սեյրանյանը, պատանի քանոնահար Նարեկ Կազազյանը, դուդուկահար Թաթուլ Համբարձումյանը և այլք:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դահլիճում էին այդ կազմակերպությունում և Ֆրանսիայում հավատարմագրված բազմաթիվ երկրների դիվանագետներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի աշխատակիցներ, Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների պատգամավորներ, ֆրանսիացի և սփյուռքահայ մտավորականներ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0