a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մարդիկ սովոր չէին, որ նախարարը կարող է քննադատել իր իսկ գործունեությունը. Վրաստանի մշակույթի նախարար

IMG_6172

Վրաստանի ֆինանսների նախարարության հարցման համաձայն, վրացիները կարծում են, որ պետական բյուջեից ամենաքիչ ֆինանսավորումը պետք է տրամադրվի մշակութային ոլորտին: Այս հարցումների արդյունքները մտահոգել են Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեին, ով իր առջև նպատակ է դրել գոնե մի քանի աստիճանով բարելավել մշակութային ոլորտի դիրքը` հասցնելով աղյուսակի միջնամաս:

Իր մտահոգությունների և այդ ուղղությամբ տարվելիք աշխատանքների մասին այսօր Մ. Գիորգաձեն խոսեց Երևանում անցկացվող «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի ժամանակ. «Մեծ հաճույքով ընդունեցի այս կոնֆերանսին մասնակցելու հրավերը, քանի որ սա շատ կարևոր իրադարձություն է. այստեղ մշակութային քաղաքականության առաջնային հարցեր են քննարկվելու: Քննարկումը կնպաստի մեր ազգերի առավել մերձեցմանը և մեծ դերակատարություն կունենա պատմական հարաբերությունների ամրապնդման համար: Ուրախ եմ, որ մասնակցում եմ այս կոնֆերանսին և ձեզ հետ կարող եմ կիսվել մեր փորձով»,- նշեց Մ. Գիորգաձեն և ներկայացրեց Վրաստանի «Մշակութային ռազմավարություն 2025» ծրագիրը:

Վրաստանի մշակույթի նախարարը նշեց, որ իր համար հատկանաշական են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի` մշակույթի մասին ունեցած պատկերացումները. «Միշտ որպես օրինակ եմ բերում այս պատմությունը: Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Չերչիլի հաստատմանն են ներկայացնում երկրի բյուջեն, նա տեսնում է, որ զինված ուժերին բնականաբար մեծ գումարներ են հատկացված, իսկ մշակույթը գրեթե անտեսված է: Այդ ժամանակ նա ասում է՝ եթե մենք չֆինանսավորենք մշակույթը, ապա էլ ինչի՞ համար ենք պայքարում, ի՞նչն ենք պաշտպանում»,- հիշեց նա` ընդգծելով, որ սա  մշակույթի արժևորման բարձրագույն օրինակ է:

Մ. Գիորգաձեն հավատացած է` եթե մշակույթի զարգացման երեկարաժամկետ ռազմավարություն չկա, ապա հնարավոր չէ ոչնչի հասնել: Այդ իսկ պատճառով էլ մշակույթի նախարար նշանակվելուց հետո անցել է այդ ռազմավարության մշակմանը. «Մենք չորս ամիս աշխատեցինք ԵՄ փորձագետների հետ և մշակեցինք մշակութային ռազմավարության քարտեզ, որը հստակ մատնանշում է , թե որոնք պետք է լինեն կառավարության և հասարակության գործողություններն այս ոլորտում: Քարտեզի հիմքում նախևառաջ դրեցինք երեք սկզբունք` հանրայնություն, թափանցիկություն և ներառականություն: Այնուհետև կառուցվածքային փոփոխություններ կատարվեցին նախարարության կազմում, ներքին համակարգման խումբ ստեղծեց»,- ներակացրեց նախարարը` հավելելով, որ պարբերաբար այցելել են երկրի տարբեր տարածաշրջաններ, խնդրել են մարդկանց հնարավորինս բաց ներկայացնել իրենց տեսլականը մշակույթի զարգացման ուղղությամբ. «1000-ից ավելի մարդ է մասնակցել այս գործընթացին, բայց երբ ամառվա ընթացքում կուենանք փաստաթղթի սկզբնական նախագիծը, կրկին կշրջենք շրջաններում և ավելի կհստակեցնենք դրա դրույթները»:

Նախագծի քննարկման գործընթացում, բանախոսի ներկայացմամբ, ոլորտի ամենատարբեր մասնագետների լայն շրջանակ է ընդգրկվել: Արձագանքը դրական է եղել, քանի որ, Մ. Գիորգաձեի խոսքով, մարդիկ սովոր չէին, որ նախարարը շրջի, լսի իրենց խնդիրների մասին, ծանոթանա իրենց առաջարկություններին. «Մարդիկ սովոր չէին նաև, որ նախարարը կքննադատի իր կառավարության և հենց իր իսկ գործունեությունը»,- շեշտեց նա` հավելելով, որ բացառիկ փորձառության մյուս օրինակն այն էր, որ քննարկման մեջ ընդգրկել են նաև քաղաքական դաշտի ընդդիմադիր ներկայացուցիչներ. «Նամակներ ուղարկեցինք բոլոր նրանց, ովքեր ներգրավված չէին ուղղակի հանդիպումներում, և խնդրեցինք իրենց կարծիքը ներկայացնել խնդրի շուրջ. այդ հանդիպումները դեռևս ընթացքի մեջ են: Թափանցիկությունը ապահովելու համար նաև համացանցային կայք ենք ստեղծել, որտեղ ցանկացած անձ կարող է ծանոթանալ բոլոր փաստթաթղթերին, հետևել ընթացող գործընթացին և իր առաջարկություններն անել»:

Վրաստանի մշակույթի նախարարի խոսքով, այս ողջ գործընթացի ժամանակ եկել են այն եզրակացության, որ ամենամեծ բացն այն էր, որ մարդիկ չգիտեն մշակույթի արժեքը, իսկ ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ կարողացան ինչ-որ չափով բարձրացնել մշակույթի դերի վերաբերյալ մարդկանց իրազեկվածությունը. «Հարցրեք ցանկացած մշակույթի նախարարի, և նա կասի, որ մշակութային ոլորտին բավարար ֆինանսավորում չի հատկացվում: Բոլոր մշակույթի նախարարներն էլ գիտեն` առանց մասնավոր ներդրումների, կարճ ժամանակահատվածում դժվար է մեծ ապագա ապահովել այս ոլորտում: Այդ իսկ պատճառով մենք հիմա բարեգործության մասին օրենք ենք մշակում, որը կնպաստի մշակութային ոլորտում ներդրումների աճին, քանի որ մարդիկ շահագրգիռ կլինեն ոլորտում ներդրումներ անելու և փոխարենը հարկային առավելություններ ստանալու հարցում»,- ասաց Մ. Գիորգաձեն` ընդգծելով, որ թոշակի գնալու ժամանակ այս բարեփոխումը համարելու է իր կարիերայի ամենամեծ ձեռքբերումը:

«Ուզում եմ նաև հիշեցնել, որ Վրաստանի 30 տոկոսն այժմ գրավված տարածք է, և ուզում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ու ԵՄ-ի ուշադրությունը գրավել այս հարցի վրա: Կոչ եմ անում այդ տարածքը մշտադիտարկման ենթարկել և գնահատել տեղանքում մշակութային ժառանգության իրական վիճակը»,- շեշտեց Վրաստանի մշակույթի նախարարը:

Մինչ կոնֆերանսը` լրագրողների հետ զրույցի ժամանակ, հարց ուղղեցինք նախարարին, թե ինչպես կգնահատի Վրաստանում հայկական մշակութային կոթողների վիճակը: Հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ իր հետ կոնֆերանսին մասնակցելու է եկել Վրաստանի պատմական հուշարձանների պահպանության դելեգացիան. «Նրանք այստեղ կհանդիպեն իրենց հայ գործընկերներին և կքննարկեն մեր երկրների տարածքներում հուշարձանների պահպանության հարցը: Հպարտ եմ, որ մեր երկրների միջև տարաձայնություններ, խնդիրներ չկան այս առումով: Այս երկու օրերին մեր ներկայացուցիչները մասնագիտական քննարկումներ կծավալեն իրենց հայ գործընկերների հետ և հստակ գործողությունների ծրագիր կմշակեն, որը կներկայացվի մեզ` նախարարներիս, հաստատման համար: Ըստ այդմ էլ կշարունակենք մեր աշխատանքները»,- հավաստիացրեց նա:

Հուլիսի 11-13-ը Երևանում կանցկացվի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանս` նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին: Կոնֆերանսին կմասնակցեն տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների 45 պատվիրակներ: Այս օրերին տեղի կունենան «Մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015թ. օրակարգից հետո. նոր իրականություն և հեռանկարներ» խորագրով լիագումար և «Մշակույթի ապագան. ապագայի մշակույթը» եզրափակիչ նիստերը, ինչպես նաև թվով 3՝ «Մշակութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբման և հոգևոր հաղորդակցման գործոն», «Մշակութային բազմազանությունը միջմշակութային երկխոսության և կայուն զարգացման երաշխիք», «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը փոփոխվող աշխարհում» թեմատիկ քննարկումները:

Անի Ռափյան (Culture.AM)

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0