a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մենք մեր արվեստով կընդդիմանանք պատերազմին. Համայակ Դուրգարյան

hmayak_durgaryan

Արվեստում երկար ճանապարհ անցած Համայակ Դուրգարյանն աշխարհի կենտրոնն ու իր միակ տունը համարում է հարազատ Գյումրին: Ամեն տարի Համայակ Դուրգարյանին հայրենի Գյումրի է բերում նաեւ մշակութային կյանքի վերածնունդը խորհրդանշող «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը. երաժիշտը մեծ սիրով ու պատրաստակամությամբ է սպասում ապրիլ ամսին: Սակայն այս տարի ոգեւորությունը կոտրվեց ղարաբաղաադրբեջանական սահմանին սանձազերծված որքան որ սպասելի,նույնքան էլ անսպասելի մեծամասշտաբ պատերազմը: Մեզ հետ զրույցում պարոն Դուրգարյանը չէր կարողանում զսպել հուզմունքը,պատմեց, թե ինչ հոգեվիճակով է հասել Հայաստան.

- Մոսկվայում էի,երբ իմացա այդ մասին,անչափ ծանր էր,շտապեցի ժամ առաջ հասնել հայրենիք: Ճանապարհի ամբողջ ընթացքում հիշում էի անցած տարի Ղարաբաղում ունեցած մտորումներս:  Համերգի էինք,դահլիճում նստած էին 18-20 տարեկան զինվորներ,նայեցի նրանց ու լցվեցի մեծ երախտիքով,մտածեցի,որ նրանք են մեր այսօր այստեղ ապահով համերգ տալու ու ապրելու երաշխավորները,նրանք են մեր պարծանքները:Երբ հասա Հայաստան, շտապեցի բժիշկ ընկերոջս մոտ,խնդրեցի,որ գոնե արյուն վերցնի ինձանից (չի կարողանում զսպել արցունքները,-խմբ.), սակայն ընկերս ասաց,որ այնքան համախմբված են գործել մեր երիտասարդները, որ իմ տարիքի մարդկանց անգամ հերթ էլ չի հասնի արյուն հանձնելու:

Հ. Դուրգարյանը վստահորեն նշում է ՝ «Մենք մեր արվեստով կընդդիմանանք պատերազմին ու վայրագությանը,հայ տեսակը միշտ էլ հաղթող է,ոչինչ չի կոտրել մեզ,մենք ուժեղ ու միասնական ենք»:

Վերջում անվանի ջութակահարը  հույս հայտնեց, որ հաջորդ այցին քաղաքում հայրենակիցների դեմքերին վերականգնված կտեսնի ժպիտն ու ապրելու ու արարելու մեծ կամքը:

ՀՀ վաստակավոր արտիստ, մանկավարժ, դիրիժոր, Օվյեդոյի (Իսպանիա) կոնսերվատորիայի և համալսարանի պրոֆեսոր Համայակ Դուրգարյանը վարպետության դասեր է անցկացրել Եվրոպայի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Իսպանիայում: Երկար տարիներ հանդես է եկել «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի կազմում որպես ջութակահար և դիրիժորի ասիստենտ:

Աննման Մինասյան (հատուկ Culture.AM-ի համար)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0