a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Մենք պառալիզացրել ենք միայն Բաղրամյան պողոտան, իսկ նրանք` ամբողջ հայկական տնտեսությունը, գիտությունն ու մշակույթը». Գագիկ Գինոսյան

Karin hamuyt

«Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը համոզված է` մարդիկ ճիշտ պայքարի են դուրս եկել, և անկախ այն բանից, թե ովքեր են կազմակերպիչները, նա ուղղակի հիացած է տեղի ունեցածով. «Մեր մեջ ձևավորվում է ինչ-որ ազնվական մետաղ, որը սկսել է դերակատարություն ունենալ երիտասարդության հոգիների մեջ, և դրա շնորհիվ ավելի ու ավելի ազնվականացում է գնում»,- Բաղրամյան փողոցում կայացած մեր զրույցի ընթացքում նշեց նա` կարծիք հայտնելով, որ պետք է մեկ քայլ առաջ կատարել, քան էլեկտրաէներգիայի թանկացման որոշման չեղարկումն է. «Նախևառաջ ամբողջ հանձնաժողովը, ով ստորագրել է թանկացման հրամանագիրը, առաջին մարդուց մինչև վերջին մարդը, պետք է աշխատանքից ազատվի և քրեական գործ հարուցվի` պարզելու համար, թե ինչի հիման վրա, ինչ իրավունքով, առանց որևէ բացատրություն տալու ժողովրդին, կատարվեց այդ քայլը: Հետո պետք է պահանջել նաև, որ մենաշնորհային որևէ բան չլինի Հայաստանում, զրկել բոլոր տեսակի կազմակերպություններին մենաշնորհային դիրքում լինելուց` սկսած շաքարավազի ներկրումից մինչև էլեկտրաէներգիա»:

Գ. Գինոսյանի խոսքով, մենաշնորհային մոտեցումը պառալիզացրել է Հայատանի հոգևոր, մտավոր, գաղափարական, տնտեսական ողջ դաշտը. մեր մարմինը սնուցող բոլոր երակները պառալիզացված են: Մտավորականը մեկ ելք է տեսնում` զրկել մենաշնորհից էլեկտրաէներգիայի բոլոր տեսակի կազմակերպություններին` Բիբին կլինի, թե մեկ ուրիշը. «Պետք է պետական դոտացիա տալ արևային էներգետիկայի զարգացմանը և մրցակցության հնարավորություն ստեղծել, որպեսզի որևէ մեկն իր քամահրանքով, իր «ջիպազգի ներկայացուցիչներով» նման խնդիրներ չառաջացնի»,- ասաց նա և հավելեց. «Մենք պառալիզացրել ենք միայն Բաղրամյանի պողոտան, իսկ նրանք պառալիզացրել են ամբողջ հայկական տնտեսությունը, գիտությունն ու մշակույթը»:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ հնարավոր է որոշ քաղաքական կամ հասարակական կազմակերպություններ փորձեն օգուտներ քաղել ստեղծված իրավիճակից, Գ. Գինոսյանը կարծում է, որ եթե անգամ պետությունը չկարողացավ սադրել կամ համոզել տղաներին, որ գնան բանակցությունների, որևէ մեկը չի կարողանա. «Հույսս ոչ թե քաղաքական ուժերի վրա է, որ չեն գնա նման քայլերի, այլ վստահ եմ, որ տղաներն ավելի խոհեմ կգտնվեն»:

Իմ այն հարցին, թե ճիշտ էր արդյոք անգամ ուղիղ եթերի ապահովմամբ չգնալ նախագահի հետ հանդիպման, Գ. Գինոսյանն ասաց, որ ճիշտ է համարում այդ որոշումը, քանի որ հստակ ձևակերպված պահանջ կար, որը պետք էր կատարել նախևառաջ. «Իշխանությունը, կառավարությունը, ԱԺ-ն, նման որոշում կայացրած հանձնաժողովը մտածելու համար 4-5 օր ժամանակ ունեին: Հարցը ավելի քան հստակ էր` կա´մ թանկացման հրամանը չեղյալ եք համարում, կա´մ ոչ: Թող գոնե ասեին, որ միառժամանակ կասեցնում են այդ որոշումը, մինչև բանակցելը, այսինքն` մենք կասեցնում ենք, դուք էլ եկեք` քննարկենք, լուծում գտնենք: Բայց նրանք չեն կասեցնում, հետո ասում են` եկեք խոսենք»,- շեշտեց նա:

Անի Ռափյան (Culture.AM)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0