a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պատմական արդարություն և թուրքական հիստերիա. Վատիկանում “հայկական օր” էր

Vatican Culture.am

12.04.2015: Պատմական նշանակության  տարեթիվ.օր, երբ Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից  Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ հայոց  Մեծ Եղեռնի անմեղ զոհերին: Նմանօրինակ միջոցառում դեռ երբևէ չէր եղել: Իր տեսակով ու կայացրած խելացի որոշումներով հայտնի Հռոմի պապին նման որոշումը հաստատելու համար չէր “խանգարել” անգամ Թուրքիայի “ջանքերը”. ավելին, թուրքական կողմն  այս փառահեղ պատարագից հետո անգամ սկսել է պարզաբանումներ պահանջել  Վատիկանից ու ետ կանչել  իր դեսպանին: Աստված իրենց հետ: Թո՛ղ գոռան, թո՛ղ ետ կանչեն, կանչեն ու պահեն իրենց ներկայացուցչին: Բայց պատմության անիվը ետ պտտել ու իրենց համար արդեն սովորական դարձած պատմության էջերից ջնջել կարևորագույն օր , այս անգամ նրանց հաստատ չի հաջողվի: Տեսնես ի՞նչ անհեթեթ հարցեր են տվել նաև Անկարայում Վատիկանի դեսպանին, որին պատարագից անմիջապես հետո կանչել են Թուրքիայի ԱԳՆ: Բայց, դա՝ մի կողմ:

Մինչ այժմ, իհարկե, Հռոմի Պապը (նաև նախորդները) կատարել էին միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Սա արդեն մեկ քայլ առաջ է: Եվ բացի այդ, Հռոմի Պապի պատրաստած ելույթում, ի տարբերություն դիվանագիտական “մեծությունների”, ասենք, օրինակ ԱՄՆ նախագահի, ով շարունակաբար ետ է պահում իրեն ԱՅԴ բառը  օգտագործելուց, Պապը վստահորեն արտաբերեց ԱՅՆ. “Անցած դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է զանգվածային և աննախադեպ երեք ողբերգություն։ Դրանցից առաջինը, որը մեծապես համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, հարվածել է ձեր հայ ժողովրդին”, և հետո էլ  “Անհրաժեշտություն և պարտք է պատվել նրանց հիշողությունը, քանզի երբ հիշողությունը մարում է, դա նշանակում է, որ «չարը թույլ է տալիս, որ վերքերը թարախակալեն” … Ավելացնե՞լ, ոչինչ պետք չէ: Մեզանում, մեր օրերում բավական տարածված  մի խոսք է դրվել “շրջանառության” մեջ. “Երևի թուրքը նայում ու ծիծաղում է մեր վրա”: Իսկ հիմա՞: Կատարյալ դրական զգացողություններ գիտակից մարդկության և “ֆիասկո” թուրքական կողմում: Է թող էլի կանչեն իրենց ներկայացուցչին: Քավ լիցի:

Հետո “հերթը” մեր հոգևոր առաջնորնդներինն էր: Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ-ի բավական գրագետ խոսքին եկավ հաջորդելու…ու ինչ արեց Կիլիկիո Տան առաջնորդ Արամ Ա-ն: Երանի թե Աստված նրան երկար տարիների կյանք տա, պահի ու պահպանի մեզ բոլորիս համար: Իր վճռական խոսքում, իր պահանջատիրական ու վստահ խոսքում նա բարձրացրեց Ցեղասպանության “դրոշակը”, ավելին, լինելով բազմակողմանի կիրթ, բանիմաց ու զարգացած մարդ, ճիշտ պատրաստվելով այդ օրվան, իր հայեցի խոսքը վերափոխեց “անգլերեն բառերով”՝ անմիջականորեն լսելի դարձնելով իրողությունն ինչպես ներկաներին, այնպես էլ միլլիոնավոր անգլիախոս հեռուստադիտողներին, որոնք հեռուստաէկրաններից այն կողմ ուղիղ հեռարձակմամբ հետևում էին պատարագին: Սրտից բխող խոսքեր, ճշմարտությունը վեր հանող արտահայտություններ ու վերջում՝ շնորհակալական ուղերձ Հռոմի պապին: Հպարտանալ կարելի է: Աշխարհն իմացավ, որ մենք ամենևին էլ փոքրիկ երկրի փոքրիկ ազգ չենք՝ սեփական Ես-ը պարսկականին կամ թուրքականին խառնած: “Հայ դատը արդարության դատ է, իսկ բոլորը գիտեն՝ արդարությունը մարդը չի իրականացնում, այլ Աստված: Հետևաբար Արդարության դեմ գործած հանցանքը Աստծո դեմ գործած մեղք է…”: Սա մի հռետորի ուղերձ էր, որով անգամ եկեղեցում գտնվող ներկաներն արժանացրին Արամ Ա-ին ծափողջույնների:

Օրն իրոք նշանակալից էր: Այս ամենն ամբողջացավ նաև այն փաստով, որ  մարդկության պատմության բոլոր ժամանակների փառահեղ արձակագիրներից  Գրիգոր Նարեկացին  սրբադասվեց և հռչակվեց Տիեզերական եկեղեցու Վարդապետ: 36-ից մեկը: “Ու թե բոլորը կարողացան գրել ու մեծարել Աստծուն, Գրիգոր Նարեկացին խոսեց հենց Աստծո հետ”:
Եվ հետո, պատմության մեջ առաջին անգամ  Սուրբ Պետրոս տաճարում հնչեց հայկական դուդուկի հնչյունները, բացի այդ, հայ Կաթողիկե եկեղեցու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի երգչախումբն էլ հիանալի կերպով ներկայացրեց հայ շարականները…Չհպարտանալ՝ առնվազն կնշանակի չհարգել սեփական ժողովրդին ու ինքդ քեզ…
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Հայաստան ապրիլի 12-ի երեկոյան:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0