a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
15/10/2014

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի կենտրոնում պիտի լինի աչք, որը հավերժ հետևում է. կարծիքներ

ca_0

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի՝ ծաղկի տեսքով խորհրդանիշ անմոռուկի կենտրոնում աչքը պիտի լինի այնտեղ, որտեղ կրակն է, որպեսզի դատարկ չլինի: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Անդին» ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը՝ անդրադառնալով խորհրդանիշին, որը սոցիալական ցանցերում լայնորեն քննադատվում է:

Մերուժան Տեր-Գուլանյանն առանձնապես հիացած չէ լոգոյով, սակայն ասաց, որ այն հետաքրքիր է, մտածված է արված։ Նա առաջարկում է՝ քանի դեռ ժամանակ կա, լոգոյի կենտրոնը լրացնել աչքով, քանի որ այդ աչքի պակասության զգացողություն ունի:

«Եվ կենտրոնի աչքն է կարևոր, որ հետևում է, ոչինչ չի մոռացվել … Կենտրոնում աչքը պիտի լինի այնտեղ, որտեղ կրակն է, որպեսզի դատարկ չլինի… Մնացածն ինքնին հետաքրքիր է: Բայց կենտրոնը մութ է, դատարկ է, պետք է աչք լինի, աչք, որը հետևում է, աչք, որը չի մոռացել, աչք, որը հավերժ պետք է հետևի: Աչք է պետք կենտրոնում և հրեական բանի հետ կապ չունի, ինչպես նաև՝ դոլարի… Բոլորովին, սա այն աչքն է, որը մենք ամբողջ ազգովի հետևում ենք, որ պիտի հասնենք այսինչ բանին»,-ասաց նա:

Մերուժան Տեր-Գուլանյանը նաև չթաքցրեց, որ եթե լիներ հանձնաժողովում, նախապատվություն կտար ավելի հանդուգն տարբերակի. «Օրինակ՝ մեր ամսագրի 4-րդ համարում մեր Արտակ Բաղդասարյանը հետաքրքիր բան էր արել՝ Սիս ու Մասիսի խորհրդանիշի դիմաց սուր էր կանգնեցրել, ես մի քիչ ավելի հակված եմ այդօրինակ բաների… որի մեջ կա չասեմ՝ ռազմատենչ, ագրեսիա, այլ ավելի հանդուգն, չնայած սուրը նույն խաչն է՝ նայած, թե որ կողմից ես բռնում: Եթե վերևից ես բռնում, սուր է, ներքևից՝ խաչ է»:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն է լինելու անմոռուկ ծաղիկը, իսկ կարգախոսը՝ «Հիշում եմ և պահանջում»: Երկու փուլից կազմված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվել էր «Շարմ» ընկերության կողմից ներկայացված խորհրդանիշը: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ ընտրվել էր հատկապես այդ խորհրդանիշը, քանի որ անմոռուկը գրեթե բոլոր լեզուներում ունի նույն իմաստը՝ հիշելու, չմոռանալու, իսկ խորհրդանիշի վրա գրաֆիկական պատկերի միջոցով պատկերված է Ծիծեռնակաբերդի 12 սյուների պատկերը:

Ըստ այդմ՝ ծաղկի վրայի սև գույնը Ցեղասպանության խորհրդանիշն է, մանուշակագույնը՝ ներկան ու ապագան, իսկ 5 թերթիկներն այն մայրցամաքներն են, որոնցում հայ գաղթականները հայտնվեցին Ցեղասպանությունից հետո և ստեղծեցին հայկական համայնքներ:

Tert.am-ի հետ զրույցում «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Երևանի քաղաքային կոմիտեի անդամ, պատմաբան Բագրատ Եսայանն այս առնչությամբ ասաց, որ պետք չէ ամեն ինչի հետ կապված դժգոհության ալիք բարձրացնել ու դրանով էժանացնել հասարակական դժգոհության արժեքը:

«Ամեն հարմար ու անհարմար առիթով նման աղմուկ բարձրացնելը ճիշտ չեմ համարում։ Ում մտքով ինչ անցնում է, որ պետք է աղմուկ բարձրացնել, սկսում է աղմուկ բարձրացնել: Լոգո է, ներկայացվել է, անունը անմոռուկ է…»,- ասաց Բագրատ Եսայանը:

«Շարմը» շատ ճիշտ էր ասել՝ դուրներդ չի գալիս լոգոն, ուրիշն առաջարկեք»,-նկատեց Բագրատ Եսայանը, ով ասաց, թե մի այլ հանձնաժողովում լոգո հաստատելու ծանր փորձ է ունեցել:

«Ու երբ մի բան առաջարկվեց, ահագին մարդ դժգոհ էր, ասացի՝ դե մեկ շաբաթ ժամանակ, չենք հաստատում, մեկ շաբաթից ով ինչ ուզում է, թող ներկայացնի: Մեկ շաբաթն անցավ, ոչ ոք ոչ մի բան չներկայացրեց»,- պատմեց պատմաբանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի խոսքով՝ ներկայացվել էր մոտ 20 առաջարկ, որոնք անանուն կարգով կուտակվել էին քարտուղարությունում: Պատմաբանի խոսքով՝ չնայած մոտ 2 տարի առաջ մրցույթի մասին հայտարարվել էր մամուլի բոլոր միջոցներով, շատ քիչ առաջարկներ եղան:

«Հիմա դուր գալ-չգալու հետ կապված… ես, իհարկե, ընդունում եմ նաև քննադատություն, կարող է՝ ճաշակի զգացման հարց է … Չեմ ուզում ասել նաև, որ դա գլուխգործոց է, ուղղակի մենք ընտրեցինք եղածի մեջ լավագույնը՝ կոնցեպտուալ առումով, իսկ մնացած առաջարկներն ուղղակի ունեին պատկեր»,-ասաց Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով՝ չնայած այլ լոգոների խրախուսական մրցանակներ տրվել են, սակայն եղել են այնպիսիք, որոնք ուղղակի ոչ միայն ոչ ներկայանալի, այլև՝  սարսափելի են եղել՝ գանգեր, մեռած մարդիկ:

Հիշեցնենք, որ համացանցում անմոռուկի տեսքով խորհրդանիշը քննադատվում է այլ լոգոների հետ նմանության պատճառով։ Իսկ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել էր, որ Ցեղասպանության անմոռուկի լոգոն «պարզ գրագողություն է»։
Աղբյուր` www.tert.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0