a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ես «կիթառի մանյակ» չեմ». «Կիթառի սատանա» բնորոշումը ստացած երաժիշտը ելույթ ունեցավ Երևանում

dyakov

«Կիթառը դժվար գործիք է. դրա վրա վերահսկողություն ունենալը մեծ ջանքեր է պահանջում: Միևնույն ժամանակ, այն շատ զգացմունքային գործիք է. կարող ես այն քեզ հետ տանել ուր ասես և կատարել ամեն տեսակի երաժշտություն՝ սկսած բարոկկո ոճից մինչև մոդեռն երաժշտություն: Իհարկե, ես ավելի շատ դասական երաժշտություն եմ սիրում, և ինձ համար հաճելի է, որ կարողանում եմ վերահսկողության տակ վերցնել կիթառի ձայնը, որը բնորոշ է միայն ու միայն իրեն»,- Դավիթ Դյակով:

Դավիթ Դյակովը ծնվել է Բելգիայում: Նա իր սերնդի ամենակարկառուն կիթառահարներից է: Սկսել է նվագել ութ տարեկանից և իր առաջին համերգը նվագախմբի հետ տվել է տասը տարեկանում` կատարելով Ջուլիանիի կոնցերտը: Ինը տարեկանում Կյուստենդիլում կայացած Միջազգային կիթառի փառատոնին ստացել է իր առաջին մրցանակը: Մինչև 13 տարեկանը նա արդեն երիտասարդ արվետագետների վեց միջազգային մրցանակների դափնեկիր էր:

Հուլիսի 8-ին նա «Երևանյան միջազգային կիթառի փառատոն 2015»-ի շրջանակում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ելույթ ունեցավ նաև հայ հանդիսատեսի համար:

Համերգի ընթացքում Դ. Դյակովը նշեց, որ Երևանի միջազգային կիթառի փառատոնի գեղարվեստական ղեկավար Ժորա Սարգսյանն իրեն հարցազրույցներից մեկի ժամանակ անվանել է «Կիթառի սատանա» (demon of guitar), և այդ պատաճառով էլ որոշել է կատարել մի գործ, որը ներառված չէր համերգային ծրագրում (Մարիո Կաստելնուովո-Տեդեսկոյի «Դյավոլսկոյե կապրիչո»-ն (Дьявольское каприччио)). «Վաղուց չեմ կատարել այս գործը, բայց կարծում եմ, որ կստացվի»,- ասաց նա:

Հանդիսականների շարքում էր նաև մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը` իր դստեր և թոռնիկների հետ: «Ֆանտաստիկ երաժիշտ է»,- մեր զրույցում նշեց մաեստրոն` հավելելով, որ շատ է սիրում կիթառ. «Թե´ դասական կիթառն է լսելի, թե´ իսպանական, ժողովրդական կատարումները»:

Համերգից հետո՝ մեր զրույցի ընթացքում, հարցրի Դ. Դյակովին, թե ինչ կարծիքի է` ինչո՞ւ են իրեն «Կիթառի սատանա» անվանում, մանավանդ որ դա միայն Ժ. Սարգսյանի բնորոշումը չէ:

«Ճիշտն ասած, չգիտեմ, բայց ինչ ինձ սկսել են այդպես անվանել, ես այդպես եմ զգում ինձ, սովորել եմ դրան»,- կատակեց երաժիշտը և հավելեց. «Կիթառը բավականին «դանդաղ» գործիք է, և դժվար է դրանով արագ ու վիրտուոզ նվագել: Գուցե հենց դա էլ նկատի ունեն, որ ինձ այդ բնորոշումն են տվել, քանի որ ես բավականին արագ եմ կատարում»:

Երաժիշտն իրեն «Կիթառի սատանա» չի համարում: Նրա խոսքով, ինքը պարզապես մի երաժիշտ է, ով սիրում է կիթառային երաժշտությունը և սիրում է իր երաժշտության միջոցով մարդկանց հաճույք պատճառել. «Ինչ որ կյանքում ապրել եմ, կարողանում եմ փոխանցել կիթառի միջոցով, և հենց դրանում է երաժշտության կախարդանքը` հաղորդել զգացմունքներ, որոնք հնարավոր չէ փոխանցել բառերի միջոցով»,- շեշտեց նա:

Կան երաժիշտներ, որոնց համար այն երաժշտական գործիքը, որով նվագում են, ամեն ինչ է: Դ. Դյակովն իրեն «կիթառի մանյակ» չի համարում. կիթառը նրա կյանքում կարևորագույն դերակատարություն ունի, բայց նրա աշխարհը միայն կիթառով չի սահմանափակվում. շատ այլ հետաքրքրություններ և հոբբիներ կան:

Սա Դ. Դյակովի առաջին այցն էր Հայաստան, և նա հույս ունի, որ վերջինը չի լինի: Կիթառահարը մեծ հաճույքով է ընդունել հրավերը և մասնակցել առաջին անգամ Հայատանում տեղի ունեցող կիթառի փառատոնին. «Այստեղ մարդիկ շատ ջերմ են, տաք և էմոցիոնալ: Երևանն էլ ճարտարապետական ունիկալ քաղաք է, մշակույթն էլ է այստեղ զարգացած, մարդիկ մեծ հետաքրքրություն ունեն երաժշտության հանդեպ: Այդ ամենն ինձ մեծ հաճույք պատճառեց այստեղ գտնվելուս ութ օրերի ընթացքում»,- ասաց նա և, անդրադառնալով իր անցկացրած վարպետության դասերին, հավելեց. «Լավ դպրոց կա այստեղ, տաղանդավոր ուսանողներ, ուսուցիչներն էլ հասնում են այն մակարդակին, որ կա Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: Հայ կիթառահարներն առաջ գնալու մեծ հնարավորություններ ունեն»:

Ֆոտոշարքն ու նյութը՝ Անի Ռափյան (Culture.AM)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0