a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սիպիլի և Անդրե Սիմոնյանի նոր երգը՝ հայրենադարձության ադզակ

sibil

«Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրի նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ «Սինեմա սթար» կինոթատրոնում տեղի ունեցավ պոլսահայ երգչուհի Սիպիլի և “The beautified project” ռոք խմբի հիմնադիր և մեներգիչ Անդրե Սիմոնյանի «Քեզ եմ երգելու» երգի տեսահոլովակի շնորհանդեսը։ Երգի հեղինակն է Հասմիկ Հախվերդյանը, տեսահոլովակի ռեժիսորը՝ Դավիթ Այվազյանը։ Նախաձեռնությանն աջակցել են նաև հոլանդական «Բրուններա» հիմնադրամը և «Տերյան» մշակութային կենտրոնը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Շնորհանդեսի մեկնարկին ելույթ ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա մասնավորապես նշեց. «Սիպիլը եզակի երգչուհի է, քանի որ նա Թուրքիայի պետական բեմերում հայերեն երգելու իրավունք ունի, նրա երգերը հնչում են թուրքական հեռուստաընկերություններով, մեծ տարածում են վայելում: Այսպիսով՝ մենք, ի դեմս Սիպիլի, Թուրքիայիում ունենք մի հզոր դեսպան, ում արվեստը կարող է մեղմացնել այն բոլոր բացասական տրամադրությունները, որոնք առկա են Թուրքիայում հայ համայնքի նկատմամբ: Եվ այս ամենը Սիպիլի թովիչ ձայնի և նրբաճաշակ երգացանկի շնորհիվ է: Սիպիլը արդեն տասը տարի ճանաչում էր վայելում Ստամբուլում, երբ պատահաբար նրան ներկայացրին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Այդ հանդիպումը-զրույցը այնքան էր ոգևորել նախարարին, որ նա երգչուհուն հրավիրեց Հայաստան, և դա շրջադարձային եղավ Սիպիլի կյանքում: Այս երգչուհին մեզ համար բացառիկ է, և այդ բացառիկությունը առավել ընդգծվեց Անդրե Սիմոնյանի համագործակցության արդյունքում, երբ շունչ ստացավ այս հրաշալի երգը: «Քեզ եմ երգելու» ստեղծագործությունը Հայրենիք վերադարձի կոչ լինելուց բացի հաղորդակցություն է օտար եզերքներում ապրող հայերի սրտերի միջև: Սա զրույց է հոգու հետ, երբ մարդու մեջ արթնանում է ինքնության գիտակցությունը»:

Այնուհետև երգի կատարողներ Սիպիլը և Անդրե Սիմոնյանը ներկայացրին Հայրենիքի հետ կապված իրենց պատմությունները և երգի ստեղծման ուղին: «Ես առաջին անգամ Հայաստան եկա 1996 թվականի սեպտեմբերին: Անկախության օրվա նախապատրաստություններն էին ընթանում, Հանրապետության հրապարակում երիտասարդներ էին հավաքված, իսկ Երևանը մթության մեջ էր: Ինձ թվում է՝ ես հենց այդ օրը սիրահարվեցի Հայրենիքիս: Պապիկս երազում էր, որ իր թոռներից մեկը Հայաստանում ապրեր: Ես իրագործեցի իր երազանքը, և ահա արդեն 11 տարի է՝ այստեղ եմ ապրում: Այս ընթացքում միշտ ցանկանում էի մի հայրենասիրական երգ երգել, և երբ լսեցի «Քեզ եմ երգելու» երգը, կարծես այն իմ հայրենադարձության պատմությունը լիներ: Արդյունքը եղավ իմ ու Սիպիլի այս համագործակցությունը, որը նախևառաջ հնարավորություն էր արտահայտելու իմ հայրենասիրությունը»,-նշեց Անդրե Սիմոնյանը:

Երգչուհի Սիպիլը իր խոսքում ասաց. «Իմ մանկությունը անպատասխան հարցերով է անցել, քանի որ չէի հասկանում՝ ինչու դրսում չէր թույլատրվում հայերեն խոսել, ինչու հեռուստատեսությամբ հայկական երգ ու երաժշտություն չէր հնչում և այսպես շարունակ: Սակայն երբ հետագայում պատմությունն ուսումնասիրեցի, իրականությունը իմացա, սկսեցի ավելի ամուր լարերով կապել հայ մշակույթին, մասնավորապես՝ հայ երգարվեստին: Տարիներ շարունակ երգում էի եկեղեցական երգչախմբում, սակայն երազում էի իմ երգերը, մտքերը լայն լսարանին հասցնել: Այդպես թողարկեցի իմ առաջին «Սիպիլ» ալբոմը, և այն մեծ արագությամբ հասավ Հայաստան ու տարածվեց Սփյուռքում: Իսկ ահա «Քեզ եմ երգելու» երգը լսեցի դեռևս մեկ տարի առաջ և շատ հավանեցի: Ես միշտ երախտապարտ կմնամ երգի հեղինակին՝ Հասմիկ Հախվերդյանին, այս երգն ինձ ու Անդրեին նվիրելու համար»:

Այնուհետ հանդիստեսին առաջին անգամ ներկայացվեց «Քեզ եմ երգելու» երգի տեսահոլովակը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0