a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Շիրակյան էսքիզներ՝ ազգային պարի ոգով

Shiraki esqizner

Շիրակ աշխարհն ու Գյումրին հարուստ պարային ավանդույթներ ունեն. պարարվեստի գյումրիական դպրոցն իր բարձունքին էր հատկապես խորհրդային տարիներին, ազգային պարի շիրակյան ձեռագիրն էլ առանձնանում էր պարի առաջին վայրկյաններից. քաղաքի մշակութային կարպետի խիտ գույների մեջ էսքիզները պարային էին:

Անկախ հանրապետության առաջին տարիներին երկրի մշակույթի առջև ծառացած դժվարությունները չշրջանցեցին նաև պարարվեստի ոլորտը. Գյումրիում մինչև այսօր գործող ու կայացած խմբերի մեծ մասն ստեղծագործում է մեղմ ասած անբարենպաստ պայմաններում: Այստեղ կատակով ասում են՝ եթե «Բերդի» երկրորդ հարկի տղաները կարողանում են ուղիղ կանգնել, ուրեմն պարասրահը այնքան էլ վատը չէ: Պայմանները, սակայն, կոտրել պարարվեստի ոգին երբեք ի զորու չեն եղել. Գյումրիում և առհասարակ Շիրակում, առանց դադարի, տասնամյակներ շարունակ կենսագրություն են գրում խմբեր ու պարային համույթներ, որոնք մեկ անգամ չէ, որ իրենց որակն ապացուցել են հանրապետական ու միջազգային պարային ստուգատեսներում: Հերթական հարթակը մարզում գործող խմբերի ու համույթների համար «Շիրակի էսքիզներ» պարային փառատոնն է, որի մեկնարկը մեկ ամիս առաջ տրվեց Շիրակի հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ: Արդյունքում՝ մայիսը Շիրակում պարային-փառատոնային է լինելու:

«Շիրակի էսքիզներ» փառատոն-հեռուստանախագիծը նպատակ ունի մի կողմից բացահայտել մարզում գործող լավագույն պարային համույթներին ու խմբերին, մյուս կողմից՝ նպաստել ազգային պարարվեստի զարգացմանն ու պրոպագանդմանը՝ այդ նպատակին ծառայեցնելով նաև հեռուստատեսության հնարավորությունները:

Ըստ նախագծի ձևաչափի՝ հեռուստաընկերության կողմից որպես նախագծի փորձագետներ ընտրվել են մարզում հայտնի, պարարվեստի ոլորտում իրենց ուրույն տեղն ու ձեռագիրն ունեցող պարուսույցներ, ովքեր էլ փառատոնի առաջին փուլից՝ մայիսի 14-ին կայանալիք համերգից հետո կընտրեն շիրակյան խմբերի լավագույն եռյակին: Հաղթողի անունը կբացահայտվի ուղիղ եթերում՝ թոք-շոուի ընթացքում, լավագույն խմբերն ու համույթները միմյանց կշնորհավորեն ու հանդիսատեսին ևս մեկ պարային հրավառություն կպարգեւեն մայիսի 29-ին՝ նախագծի գալա-համերգի ժամանակ:

-Լավագույններին բացահայտելուց ու սկսնակ խմբերին իրենց արածը ներկայացնելու հարթակ տրամադրելուց բացի, մենք կարծում ենք՝ ստեղծվող մրցակցային դաշտն էլ խիստ կարևոր է մասնակից խմբերի զարգացման համար: Բացի այդ, փառատոնն ակամա համախմբում է բոլորին մեկ գաղափարի շուրջ՝ այն է ազգային պարարվեստի զարգացումը, որովհետեւ խմբերը «Շիրակի էսքիզներ» -ին մասնակցելու են միայն հայկական ժողովրդական ու ազգագրական պարերով,-մանրամասնում են ծրագրի ղեկավարներն ու վստահեցնում, որ «Շիրակի էսքիզներ»-ը կարող է նաեւ համագործակցության նոր հեռանկարներ բացել մարզում գործունեություն ծավալող պարային կոլեկտիվների համար: Վերջիններս նաև չեն բացառում ծրագրի շարունակական լինելը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0