a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կամո Նիգարյան. Շիզոպոլիս․ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կբացվի ցուցահանդես

11903930_10153228740139563_9090541004847151657_n

Ս․թ․ սեպտեմբերի 19-ից դեկտեմբերի 20-ը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կբացվի Կամո Նիգարյանի աշխատանքների ցուցահանդեսը: «Կամո Նիգարյան. Շիզոպոլիս» խորագրի ներքո կներկայացվեն Կամո Նիգարյանի  տասնութ աշխատանքներ։ Այս մասին տեղեկանում ենք արվեստի կենտրոնի ֆեյսբուքյան էջից:

«Իշխանության և բռնության հարաբերության թեման համակցում են Կամո Նիգարյանի այն տասնութ աշխատանքները, որոնք առաջին անգամ միասին ներկայացվում են այս ցուցադրությունում (համադրող՝ Վիգեն Գալստյան)։
1970-ականներին արված դիզայներական իր առաջին գործերից սկսած` Նիգարյանը քննադատական դիրք ուներ պետական ու մասսայական մշակույթի գաղափարաբանությունների հանդեպ:
Որպես սովետական ռեժիմի վերջին տասնամյակներին ասպարեզ իջած այլախոհ արվեստագետ` նա խորապես մտահոգ էր մարդկային էության մեջ սաղմնավորված բռնության եւ իշխելու` բոլորիս ծածուկ ցանկությունից:
Ազդագրային ու թանգարանային ձեւավորումից մինչեւ գեղանկարչություն ու լուսանկարչություն` Նիգարյանի արվեստը զննում է հասարակական ու քաղաքական համակարգերի ենթաշերտային տեռորը: Ցուցահանդեսը քարտեզագրում է նրա համարձակ փորձարկությունները էքսպրեսիոնիզմի, սյուրռեալիզմի ու փոփ-արվեստի ավանդույթների հետ, որոնց միջոցով արվեստագետը փորձում էր արտաբերել արդի քաղաքակրթության ճգնաժամի հանդեպ իր տագնապը:
Ինչպես սարսափների մի դահլիճ` «Կամո Նիգարյան. Շիզոպոլիսը» ցուցադրությունը հնարավորություն է տալիս դիտարկելու իրականության «նեգատիվ» կողմը ու մտորելու մեր առօրյայի մեջ արմատակալած անգիտակից խելագարության մասին»,- նշում է աղբյուրը։

Կամո Նիգարյանը ծնվել է 1950 թվականին Ադրբեջանի Հելենդորֆ քաղաքում։ 1973 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Երաժշտությունը եղել է նրա ինքնարտահայտման և որոնման ձևերից մեկը և 1970-ականներին Նիգարյանը հիմնել է «Սարդեր» ռոք խումբը։
Ձևավորել է Գյումրու Մերկուրովի թանգարանը, «Ձիթողցենց տունը», Երևանի «Մոնումենտի», «Հեղափոխության», Եղիշե Չարենցի թանգարանները։Նիգարյանը համարվում է ֆիգուրատիվ արվեստի կամ տրանս-ավանգարդիա շարժման հայաստանյան ներկայացուցիչ։ Շարժումը ներառում է բոլոր այն արվեստի գործերը, որոնք պահպանում են իրականության հետ նմանությունը։Կամո Նիգարյանը մահացել է 2011 թվականի դեկտեմբերի 23-ին:
Նշենք, որ 2012 թ. դեկտեմբերի 11-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել էր Նիգարյանի «Նախակերպեր» ցուցահանդեսը, որի համադրողն էր Սիդնեյի համալսարանի դոկտորանտ, արվեստաբան Վիգեն Գալստյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0