a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/11/2014

Նկարիչ Սամվել Պողոսյան. «Ամեն մարդ ի՛ր հեքիաթը պիտի ունենա»

samvel poghosyan_0

Գյումրեցի նկարիչ Սամվել Պողոսյանի կտավներում գերիշխում են կանայք՝ մարմնի լիքը ուրվագծերով, հյութեղ ու ոչ երկրային դիմագծերի մեղմիկ արտահայտությամբ: Հին հունական լեգենդներից ու անտիկ դիցաբանությունից ազդված նկարիչն ապրում է իր իսկ վրձնած հեքիաթում: «Ամեն մարդ ի՛ր հեքիաթը պիտի ունենա,- ասում է Սամվել Պողոսյանը,- ես իմ հեքիաթը վաղուց եմ գտել: Իմ կտավներում ագրեսիա չկա, կա սեր, համերաշխություն ու բարություն»:

Արվեստանոցում կտավների մի մասը կախված են, մյուսները՝ շարված գետնին՝ դեմքով դեպի պատը: Շուրջբոլորս նայելուց հետո հասկանում եմ, որ տարածքը հնարավորինս կոկիկ տեսքի է բերված՝ այցիս հետ կապված: Ամեն դեպքում նկարիչներին բնորոշ խառնաշփոթը բացակայում է: Սամվելը հերթով ցուցադրում է կտավները՝ սկսելով գրաֆիկական աշխատանքներից, որոնցում գերակշռում է միստերիան: «Սամվել Պողոսյանի աշխատանքներում նկատվում է փախուստ իրականությունից,- մի առիթով նկատել է արվեստաբան Արաքսյա Մարգարյանը,- նա կարծես «երեխա» լինի, ով դեռ չի կշտացել հեքիաթներից, ով շարունակում է ապրել ոչ մերօրյա, այլ գրքային կյանքով ու կերպարներով»:

Նկարչի յուղաներկով աշխատանքներում մինասյան գույների ազդեցությունն եմ զգում՝ հյութեղ կարմիրը միախառնված կապույտի երանգներին: «Իմ համար հայ նկարիչներից թիվ մեկ մեծություններ են Մինաս Ավետիսյանն ու Երվանդ Քոչարը, իսկ օտարազգիներից՝ Ռաֆայելը»,- խոստովանում է զրուցակիցս: Արվեստանոցում նկատում եմ նաեւ աշխատանքներ կերամիկայից: «Ես ինձ հիմնականում համարում եմ գրաֆիկ եւ խեցեգործ, թեպետ զբաղվում եմ նաեւ գեղանկարչությամբ եւ քանդակով»,-ցածրաձայն տեղեկացնում է զրուցակիցս՝ շարունակելով դասավորել արվեստանոցում առկա կտավները դիտելիության առումով առավել հարմար բարձրության վրա:

Սամվել Պողոսյանը նկարել սկսել է երեք տարեկանից: Մանկապարտեզի դաստիարակչուհին ծնողներից շուտ էր նկատել երեխայի շնորհքը եւ նկարչության դասերին ամեն անգամ երկու մեծ թուղթ էր տալիս Սամվելին՝ նկարազարդելու համար: Մանկապարտեզը Գյումրու Լոկոմոտիվային դեպոյի դիմաց էր գտնվում եւ պատուհանից երեւում էին անցնող գնացքները: Սամվել Պողոսյանը լավ է հիշում՝ առաջին մանկական «լուրջ» աշխատանքը շոգեքարշի մատիտանկարն էր:

Հետո արդեն՝ նկարչական դպրոց, այնուհետեւ՝ Գյումրու գեղարվեստի ուսումնարանի խեցեգործության բաժին, շուրջ կես տարի՝ ազատ ունկնդրի կարգավիճակ Սանկտ Պետերբուրգում (Լենինգրադում), հետո՝ ուսումնառության տարիներ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժնում: Ստացել է ակադեմիական կրթություն: Համոզված է՝ ցանկացած նկարիչ պետք է ստանա բազային այդ կրթությունը, որը կոչվում է ակադեմիական: «Դրանից հետո արդեն կարող ես ընտրություն կատարել, թե որ ուղղությամբ ես ցանկանում շարունակել՝ աբստրակտ, կլասիկա եւ այլն: Եթե հիմք չունես, որոշ ժամանակ անց մեկ է, դեմ ես առնելու պատի»,- ասում է զրուցակիցս:

Լենինգրադից վերադառնալուց հետո որոշում է աշխատանքի անցնել Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայում, որպես նկարիչ-ձեւավորող: «Պլակատներ էի գրում՝ «Փառք ՍՄԿԿ», «Հնգամյակը չորս տարում», «26-րդ համագումար» եւ այլն, էն տարիներին մինչեւ ինստիտուտ ընդունվելը ստաժ էր պետք,- Սամվելը ծիծաղում է,- բայց երկար չաշխատեցի: Մի օր գործարանի տնօրենը կանչեց ինձ ու ընկերոջս, թե ձեզ գործ ունեմ հանձնարարելու, պիտի կանգառի տրուբեքը ներկեք: Պարզվեց աշխատանքից ազատել է ներկարարներին ու որոշել, որ էդ գործը մենք պիտի անենք: Ես ու ընկերս դիմում տվեցինք, դուրս եկանք: Որովհետեւ այդ պարագայում ավելի հեշտ էր դիմում գրելը, քան էդ մարդուն մալյարի ու նկարչի տարբերությունը բացատրելը»:

Սամվել Պողոսյանը վերջին 13 տարին Գյումրու Գեղարվեստի ակադեմիայում դասավանդում է «Գծանկար, գունանկար եւ կոմպոզիցիա» առարկան: Չի կարողանում համակերպվել ներկա սերնդի ալարկոտության հետ: Հիշում է, թե ինչպես էին 1987-88 թթ.-ին երեք ընկերով Գյումրիում առանձին բնակարան վարձել, որտեղ օրեր, ժամեր շարունակ նկարում էին, երազում, վիճում, ձգտում առավելագույնն անել: Ինտերնետային այս դարում ինչ-որ մի բան հաստատ այն չէ, նկատում է զրուցակիցս ու հավելում, որ գուցե այս նոր սերունդն է ավելի ճիշտ, գուցե իր սերունդն է սխալ ապրել:

Սամվելը կեսկատակ-կեսլուրջ պատմում է, թե ինչպես էին լուծում մերկ բնորդ գտնելու հարցը ուսումնարանում սովորելու տարներին: «Մեր բնորդները Գյումրիում գործող հասարակական բաղնիքի այցելուներն էին: Մոլբերտը դնում էինք թեւերիս տակ ու վազում բաղնիք: Գնում էինք «օբշչի զալը»՝ ընդհանուր սրահ, որտեղ մենակ դուշեր (ցնցուղ) էին, մեջտեղում՝ ազատ տարածք, ու կարող էինք ոչ մեկին չխանգարելով նստել-նկարել: Չնայած լինում էր դեպքեր, որ վռնդում էին: Մարդ կար, ասում էր, դե լավ, ի՞նչ է էղել, էրեխա են, թող մնան, նկարեն, բայց կային, որ չէին հանդուրժում մեր ներկայությունը, երեւի ամաչում էին: Մոռացա ասել, բնականաբար, տղամարդկանց բաժին էինք մտնում ու էն էլ մեծ դժվարությամբ»,- նկարչի աչքերում չարաճճի կայծեր են հայտնվում:

Դիցաբանական պատկերների շարք ստեղծելու գաղափարը մտահղացել է դեռեւս ուսանողական տարիներին: Առաջին կուրսում, երբ կուրսային աշխատանքն էր պատրաստում, հարազատ ծննդավայրը ծածկվեց փլատակներով: Ողբերգական դեպքերը ստիպեցին Սամվելին փոխել որոշումը եւ շատ կարճ ժամանակում ներկայացնել մեկ այլ աշխատանք՝ ազդված 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ողբերգությունից:

«Հանձնաժողովը աշխատանքիս հետ կապված բաժանվել էր երկու մասի: Մի կեսն ուզում էր ինձ 2 գնահատել, մյուս կեսը՝ 5,-Սամվելը 26 տարով հետ է գնում,- իրանց ապշեցրել էր այն դինամիկան, որ կար իմ կտավում: Պատկերներ չկային, բայց կար այն ամբողջ ցավն ու ողբը, որ տեսել էի այդ օրերին ու այդ ամենը շարժման մեջ էր ներկայացված: Հետո, արդեն երկրորդ կուրսից, տարվեցի հին հունական լեգենդներով, սկսեցի նկարել այն ամենն ինչ կարդում էի ու պատկերացնում: Դա էլ հենց դարձավ իմ այցեքարտը գրաֆիկայի աշխարհում: Մեկ-մեկ էլ մտածում եմ, կարո՞ղ է նախկին կյանքում հույն եմ եղել»:

Տեղափոխություները, երկրներ այցելելը, տարբեր մշակույթների հետ շփվելը անչափ կարեւորելով հանդերձ՝ զրուցակիցս ինքն էլ ներկայում ունի այդ բացը լրացնելու կարիք: Շատ կուզենար լինել Հունաստանում եւ Աֆրիկայի հասարակածային գոտու պետություններում: Աֆրիկյան մայրացամաքը նկարչին ձգում է բնության անաղարտությամբ:

«Ես խղճում եմ իմ ուսանողներին, որ բավարարվում են տուն-ակադեմիա, ակադեմիա-տուն գնալ-գալով: Մեր ժամանակ էլի լավ էր, Մոսկվա էինք գնում, Լենինգրադ, հիմա շատ քիչ կան երիտասարդ նկարիչներ, որ կարողանում են եվրոպական երկրներ այցելել: Գումարների հարց է, որովհետեւ վստահ եմ, որ բոլորն էլ ցանկության դեպքում կուզենային դուրս գնալ: Տարին մեկ, երկու անգամ ուսանողներիս տանում եմ Երեւանի պետական պատկերասրահ, բերանները բաց նայում են: Գյումրիում 20 տարի է՝ մի պատկերասրահ չունենք, որ ուսանողը գնա, նստի կտավներից կոպիաներ անի, որ էլի շատ կարեւոր է: Չկա մի տեղ, որտեղ գյումրեցի նկարիչներն իրենց գործերի ցուցադրությունը կազմակերպեն»,- մտահոգվում է զրուցակիցս:

Մի քանի ցուցահանդեսների Սամվել Պողոսյանն իր աշխատանքներով մասնակցել է, ունեցել է նաեւ անհատական ցուցադրություն: Ստեղծագործությունները վաճառելիս, եթե իր սիրելի կատվներն են, դժվարությամբ է բաժանվում: Լինում են դեպքեր, երբ նվիրում է ոչ միայն կտավներից, այլեւ կերամիկական աշխատանքներից:

«Եղել են դեպքեր, որ տեղ են հրավիրել, մտածել եմ իմ գործերից նվիրեմ, տարել եմ ու հետո հասկացել, որ գուցե էն խռուստալից վազը, որ չէի առել, որպես նվեր, ավելի տեղին կլիներ,- Սամվելը բարեհոգի ժպտում է,- մի անգամ մեկին կերամիկայից պատրաստած գործերիցս նվիրեցի, հաջորդ օրը, երբ հանդիպեցինք, ասեց՝ էս հետ վերցրու, չեմ ուզում, ես էլ ասի՝ սիրով: Սկզբում մտածեցի գետնին խփեմ կոտրեմ, հետո էլ բարկությունս արագ անցավ, նույնիսկ ուրախացա: Մարդը չէր կարողացել գնահատել իրեն տվածը, հիմա ինչ կարող ես անել, իրանցը խռուստալն ու մադոննա սերվիզն է»:

Երկու զավակներից աղջիկն ընտրել է իր ճանապարհը: Զավակի մասնագիտության ընտրության հարցում արգելք չի հանդիսացել: Միակ ցանկությունն այն է, որ աղջիկը կարողանա ճիշտ քայլերով առաջ գնալ: «Հիմա երիտասարդները շատ են ձգտում ժամանակակից արվեստ կոչվածին՝ մերժելով դասականը,- նկատում է Սամվել Պողոսյանը,- կոմունիստների ժամանակ դա չկար: Իմ կարծիքով այն արհեստականորեն ներմուծված է, որ քայքայեն մեր ունեցածը: Ի՞նչ է նշանակում վերցնել մի հատ պռովոլկա, ծռել ու ասել սա արվեստի գործ է: Երբ վեճ է լինում, արտ-արվեստի կողմնակիցները դասական նկարչությունը համարում են հնացած: Ես շատ եմ ջղայնանում նման կարծիքներ լսելուց: Ախր դասականն էնքան նոր արվեստ է… Քանի տարի է անցել Վերածննդի դարաշրջանից, բայց ինքը շարունակում է շնչել, ապրել, մարդկանց դաստիարակել, ինչու ոչ, նաեւ՝ ապշեցնել: Դասական նկարչությունը չի կարող հին լինել»:

 

 

Աղբյուրը՝www.hetq.am

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0