a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի «Հայոց խաչքար» ցուցահանդեսը

khachqar

Այսօր՝ հուլիսի 3-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի Ճապոնացի պրոֆեսոր և արվեստագետ Կունիտո Նագաոկայի «Հայոց խաչքար» խորագիրը կրող ցուցահանդեսը։
«Հայոց խաչքար»՝ այսպես է կոչվում ճապոնացի պրոֆեսոր և արվեստագետի հնգամյա նախագիծը՝ ձեռագործ դրոշմատիպերի ընտրանին:
2012-ից ի վեր, ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ, Նագաոկան Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների ու Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանային բաժնի հետ համատեղ սկսեց պատճենել Նորատուսի և Նորավանքի իր կողմից ընտրած որոշ խաչքարեր` Տակու–Հոն դրաշմատպման եղանակով:
Ձեռագործ դրոշմատիպեր ստեղծելու համար արվեստագետը կիրառում է ավանդական չինական Տակու-Հոն տեխնիկան, որին հիմնականում տիրապետում են ճապոնացիները: Դրաշմատպման համար անհրաժեշտ է բարակ, բայց ամուր թուղթ (բնական թելատու բույսերից պատրաստված) և համապատասխան ստվերաներկ (տուշ): Հայաստանում արվեստագետն օգտագործում է ճապոնական «տանգո» տիպի թուղթ, որը պատրաստվում է հատուկ պատվերով: Յուրաքանչյուր ձեռագործ դրոշմատիպը համարվում է բնօրինակ և արվեստագետի ստորագրությունն է կրում:
Նագաոկան Երևանի ցուցահանդեսի հետ կապված մի մտադրություն ունի․ «Ուզում եմ կենդանացնել և փաստագրել հին խաչքարերի առաքելությունը, վերադարձնել նրանց ժամանակակից աշխարհին իբրև քարե դրոշմատիպեր` իրենց ձևերի ամբողջ հարստությամբ և փորագրությունների նրբությամբ։ Ես հիանում եմ հայերի մշակութային, հոգևոր ավանդույթներով»։
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը:
Կենտրոնը ստեղծվել է 2011-ին՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի և Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնի միավորմամբ:
Կենտրոնի հավաքածուն (մոտ 10.000 առարկա) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները: Հավաքածուի բացառիկ ցուցանմուշները ցուցադրվել են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Ավստրիայում, Չինաստանում, Իրանում, Սիրիայում և այլուր:
Նշենք, որ ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հուլիսի 24-ը։

Խաչքարը հայկական ճարտարապետական հուշարձանի տեսակ է: «Խաչքար» բառը զուտ հայկական է՝ կազմված «խաչ» և «քար» բառերից: Այն հիմնականում ստեղծվում է հրաբխային բազալտից կամ տուֆից: Խաչքարի ներքևի մասում փորագրվում է արևի (հավերժության) խորհրդանիշը, որի կենտրոնում պատկերվում է խաչը` Քրիստոսի խաչելության խորհրդանիշը: Խաչքարը շրջեզրվում է 5 նախշով կամ խաղողի ու տերևների զարդաքանդակներով, որոնք խորհրդանշում են Քրիստոսի հարությունը:
Խաչքարերը ծառայել են որպես տապանաքար, տեղադրվել կարևոր իրադարձությունների առթիվ, ինչպիսիք են ճակատամարտերում հաղթանակները, եկեղեցիների, տաճարների, ջրատարների կառուցումը: Դրանք տեղադրվում էին սրբավայրերում, գերեզմանատներում, ճամփեզրերին, ինչպես նաև բլուրների ու ժայռերի վրա: Որոշ դեպքերում, օրինակ Գեղարդում, որն անկրկնելի ժայռափոր վանք է, խաչքարերը տեղադրված են պատերի վրա: Խաչքարերը համարվում էին սուրբ քարեր, և այն վայրերը, որտեղ տեղադրված էին դրանք` սրբատեղիներ: Խաչքարեր մեծ քանակությամբ քանդակվել են 12-13-րդ դարերի ընթացքում. բոլոր ժամանակների մեծ վարպետներ Մոմիկն ու Պողոսը խաչքարեր են արարել հենց այդ դարերում:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0