a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«1991-ից Հայաստանում լիքը բան սխալ ուղղությամբ է գնում՝ կրթության մակարդակն է իջել, կինոյի որակն էն չի, երաժշտական կյանքում շատ բան իրար է խառնվել».«1to3» տրիոյի անդամ

Arto (6)

Երեք տարի առաջ ստեղծված «1to3» տրիոն, որի կազմում են տաղանդավոր երաժիշտներ Արտո Թունջբոյաջյանը, Արտյոմ Մանուկյանն ու Վարդան Հովսեփյանը 3 համերգով (հոկտեմբերի 1-ին, 2-ին և 3-ին) հանդես եկան Երևանում՝ «Կամի» ակումբում:

Հոկտեմբերի 2-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում երաժիշտները զրուցեցին իրենց արվեստի երկրպագուների հետ: Թավջութակահար Արտյոմ Մանուկյանը ներկայացրեց, որ սկզբում փորձնական նվագել են իրար հետ, իսկ հետո արդեն հասկացել են, որ պետք է շարունակեն միասնական գործունեությունը. «Լոս Անջելեսում ենք հաճախ նվագել, անցյալ տարի էլ ձայնասկավառակ ենք ձայնագրել: Հիմա Հայաստանում ենք, իսկ դեկտեմբերին Եվրոպայում համերգներ ունենք»,- հանդիպման ընթացքում նշեց նա:

Մուլտիինստրումենտալիստ, աշխարհահռչակ «Armenian Navy Band» խմբի ղեկավար Արտո Թունջբոյաջյանը երիտասարդներին խորհուրդ տվեց համբերատար լինել և վստահել սեփական ուժերին, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր հասնել հաջողության. «Յուրաքանչյուր մարդ ինքնին յուրահատուկ է, և կյանքում պետք է անի ամեն ինչ, որպեսզի չկորցնի իր դեմքը: Ինձ ներկայացնելիս միշտ նշում են, որ «Գրեմմիի» եմ արժանացել, բայց իմ մարդ տեսակը ոչ մի «Գրեմմի» կամ այլ մրցանակ չի կարող փոխել: Ինձ համար մրցանակի արժանանալու գլխավոր իմաստն այն է, որ դու հասել ես ինչ-որ մակարդակի, որ քո աշխատանքը գնահատվում է»,- իր խոհերով կիսվեց երաժիշտը և շարունակեց. «Հիմա մարդիկ նստած միայն ճշտի և սխալի մասին են խոսում, ոչ թե` ինչ անեն, որ մի քիչ առաջ գնանք: Բայց ճիշտն ու սխալն առհասարակ ո՞վ է որոշում. չէ՞ որ հիմիկվա սխալը 10 տարի հետո կարող է ճիշտ համարվել»:

Ա. Թունջբոյաջյանի ընկալմամբ, հայրենասերն այն մարդն է, ով խիղճ ու սեր ունի, ճշմարիտի ջատագով է, հստակ գիտի իր անելիքը: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ սփյուռքահայերի՝ հայկական բանկերում 1000-ական դոլար ներդնելու կոչին, երաժիշտն ասաց, որ ինքը դեռ վաղուց է նմանատիպ առաջարկ ներկայացրել. «Ես միշտ ասում էի, որ եթե դրսում ապրող հայերից ամեն մեկն ամեն ամիս 1-ական դոլար նվիրի Հայաստանին, շատ բան կփոխվի` յուրաքանչյուր ամիս սահմանամերձ մի գյուղի համար մի բան կանենք: Ես առաջարկել եմ, բայց ինձ լսողն ո՞վ է: Երևի կառավարողների փողերը վերջացել են, որ 1000 դոլարից են խոսում»,- կատակեց նա:

Թավջութակահար Արտյոմ Մանուկյան էլ կարծիք հայտնեց, որ գուցե 1000-ական դոլար տալու ավանդույթը բացի Հրանուշ Հակոբյանը. «Նախարարի այդ կոչը «Ֆեյսբուքում» իմ կարդացած ամենավատ նորությունն էր, իսկ ես, հավատացե՛ք, բավականին սարսափելի բաներ եմ կարդացել այդ սոցիալական ցանցում: Միգուցե նախարարը կատակո՞վ է նման բան ասել: Առհասարակ ես այդ նախարարության գոյության իմաստն էլ չեմ հասկանում` ի՞նչ են իրենք անում»,- ավելի շուտ հռետորական հարցադրում արեց երաժիշտը՝ հավելելով նաև եթե վստահ լինի, որ դրանից հետո Հայաստանի վիճակը կբարելավվի, ինքը հաստատ այդ 1000 դոլարի ներդրումը կանի:

Ա. Մանուկյանը, լրագրողների խնդրանքով, անդրադարձավ նաև Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհելուն՝ նշելով, որ ինքը դա սխալ է համարում. «1991-ից Հայաստանում լիքը բան սխալ ուղղությամբ է գնում՝ կրթության մակարդակն է իջել, կինոյի որակն էն չի, երաժշտական կյանքում շատ բան իրար է խառնվել… դրա համար էլ Արմենչիկը վաստակավոր արտիստ է: Նա իսկապես լավ մարդ է, բայց ես ասում եմ, որ սխալ է նրան նման կոչում շնորհելը, իսկ մյուս կողմից հասկանում եմ, որ Լոս Անջելեսում ապրող 1.5 մլն հայերից երևի թե 1 մլն 476999-ն այլ կարծիքի են, որովետև նա այնտեղ երկրպագուների մեծ բանակ ունի, իսկ նրա համերգի պոստեռը Լեդի Գագայի պոստեռի կողքն է դրված»,- ասաց նա և կատակով ավելացրեց. «Երևի որ Արմենչիկը լավ վաստակում է, դրա համար էլ նրան վաստակավորի կոչում են շնորհել»:

Անի Ռափյան (Culture.AM)
  • Arto
  • Arto (2)
  • Arto (3)
  • Arto (10)
  • Arto (1)
  • Arto (6)
  • Arto (5)
  • Arto (4)
  • Arto (7)
  • Arto (8)
  • Arto (9)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0