a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
24/08/2015

Բարև ձեզ, նկարներ

Sergey_Malcev_2

Վաստակաշատ նկարիչ Սերգեյ Մալցեւն ասում է, երբ ամեն առավոտ բացում է արվեստանոցի դուռը, նայում է իր նկարներին, ներկերին, կտավներին, մոլբեթներին, մտովի ողջունում է՝ բարեւ ձեզ, նկարներ: Նա իրեն համարում է այն երջանիկ արվեստագետներից մեկը, որը զբաղվում է իր սիրած գործով: Սերգեյ Մալցեւը պատրաստվում է ՀՀ նկարիչների միությունում կազմակերպվելիք աշնանային անհատական ցուցահանդեսին: Այն նվիրված է լինելու իր ծննդյան 60-ամյակին: Նկարչի տեղեկացմամբ՝ կցուցադրվեն հարյուրից ավելի գործեր: 120 նկար պատրաստ է արդեն ցուցահանդեսի համար:

Սերգեյի նկարներում կհանդիպենք քաղաքի նախշը կազմող մարդկանց՝ իրենց հայացքի գույներով, բնավորությամբ: Նկարիչը կարողանում է արժանապատվության կտավների վրա պատկերել հայրենիքի ամենահեռավոր լեռան ամենաթաքնված քարի ստվերը, գույների ճոճքի վրա օրորվող փողոցները, Հին Երեւանը:

– Ո՞րն է այն հոգեւոր տարածքը, ուր կուզեիր լինեիր, եթե քաղաքը քոնը լիներ, քո քաղաքում ի՞նչը կպահպանեիր, հարցնում եմ նրան արվեստանոցում շրջելու ժամանակ:
-Քաղաքն իմն է: Հայտնի երգի բառերի նման ես այստեղ եմ ծնվել ու մեծացել: Ես էլի իմ այն տարածքներն եմ նկարում, որտեղով անցել է Իսահակյանը, այն բնաշխարհը, որով շնչել է Մարտիրոս Սարյանը, հին քաղաքը՝ Սիլաչին, Կոնդը, Պուշկինի, Սվերդլովի փողոցները: Ամբողջ Երեւանն եմ նկարել, Սեւ շուկայի հատվածը, այն տեղերը, որտեղ պատմությունը կենսագրություն ունի. դարավոր հանք է մեր Երեւանը: Իսկ նոր կառույցները, որոնք եղան, էն չի: Տեսած չլինեի, ոչինչ: Հյուսիսային պողոտան Երեւանը չտեսածների համար է իդեալական, լավ: Մենք հինն ենք տեսել, նախշակար պատշգամբները, փայտե գործվածքներ հիշեցնող տանիքները: Այ, եթե ընտրեի, այսպիսի վայրերից մեկը կընտրեի:

-Երազում նկարո՞ւմ ես: «Երազի նկարչությունը» հանձնո՞ւմ ես կտավներին:
-Բավականին հաճախ: Ես շատ երազներ եմ տեսնում: Լինում է՝ երազի մեջ նկարում եմ ու չի ստացվում ԻՄԸ: Երազի մեջ նաեւ աշխատում եմ: Ինչ որ ես նկարում եմ, ինձ հուզում է: Ֆանտաստիկ ձեւերով է գալիս: Ոչ թե երազից բերում եմ իրականություն: Իրականությանը երազի կոպի տակ եմ տեսնում եւ ներկայացնում այլ անկյունների տակ: -Սերգեյ, քեզ հազար տարի իմանալով՝ կարող եմ ասել, որ ավելի գիտես ինքդ քեզ: Երբեք մտքումդ չես համարձակվի ասել՝ հանճարեղ եմ, ես եմ, մենակ ես……Այդքանով հանդերձ, եթե քեզ հարցնելու լինեն, ո՞վ էր Մոնումենտի բարձրահարկերից մեկի տակ ապրող Մալցեւ Սերգեյը, ինչպե՞ս կներկայացնես, ի՞նչ հասցրեց նա անել: -Չգիտեմ, ինչ արեց: Ո՞վ է նա: Կասեմ՝ աշխատասեր լավ տղա է, իր մեջ գերիշխում է բարին: Այդ ոգով է դաստիարակված: Ինչ որ նա ունի, ինչին հասել է, իր քրտինքով, իր աշխատասիրությամբ է հասել: 60 տարեկանում համոզվեցի, որ մարդը հոգով, ամեն ինչով օգտակար պիտի լինի: Եթե չկարողացավ օգտակար լինել, ինքը զրո է: Սիրում եմ իմ աշխատանքը, փորձում եմ լինել պիտանի կողքիններիս: Մենք խաչին հավատում ենք: Հավատս երբեք չեմ կորցրել: Երբ հավատում ես՝ օգնում է: Հավատում եմ ամեն օր բացվող արեւին, երկնքի տակ ծվարած մեր ժողովրդին: Ժամանակը, որ Աստծո կողմից ստացել էի, ստացել էի ավանսով: Եվ կյանքը, հասկացա, որ քո վրա չպիտի ծախսես: Դու պիտի կիսվես: Որ օգուտ բերի քաղաքիդ, փողոցիդ, քուչիդ, երկրիդ: Ոնց որ մարզիկը, երբ գնում է օլիմպիական չեմպիոն է դառնում, երկրի դրոշը բարձրանում է, եւ փառաբանվում է իր երկիրը դրանով: Երբ գնում եմ Ֆրանսիա, ցուցադրվում, դա մեր պատիվն է, մեր երկիրն ենք ներկայացնում:

-Ի՞նչն է պակասում: Ի՞նչն է, որ ցավեցնում է կտավին հանձնվելիք գույնդ:
-Այն դժվարությունները, որոնք տեսնում եմ, սոցիալական, հասարակական, դու չես կարող շտկել, դա քեզնից չի կախված, դու մենակ ես, ունես քո կարծիքը, քո գնահատականը, բայց մեծ ուժեր են խառնված:

-Ցուցահանդեսին ի՞նչ թեմաներ կլինեն:
-Սեր: Քաղաք: Հավատ: Մեր բնությունը: Մեր կյանքը: Այս ամենն իմն է: Այնտեղ դրսում այլ արժեքներ կան, էն ջերմությունը, որ կա մեր մոտ, այլ տեղում չեմ գտել: Ինչու հեռու գնալ ու սիրել հայրենիքը: Չէ, ես այստեղ գտնվելով եմ սիրում իմ հայրենիքը:

Aravot.am

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0