a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
24/08/2015

Թե ինչու «խրտնեցրեց» Անուշ Ալբերտի «Մերկ տղամարդը»

Anush_Albert-2

Երիտասարդ գեղանկարիչ Անուշ Ալբերտն առաջին անգամ արվեստասերներին ներկայացավ 2010թ.՝ ՆՓԱԿ-ում, «Լրտեսվող Հայաստան» խորագիրը կրող ցուցահանդեսում, որտեղ ցուցադրված էին նաեւ շուրջ 20 այլ նկարիչների աշխատանքներ: Այդ ժամանակ սկսվեց տարաբնույթ խոսակցությունների տարափ հենց Անուշի անվան շուրջ, որի առանցքում գեղանկարչուհու «Մերկ տղամարդ» գործն էր: Տարիների ընթացքում ոչ միայն խոսակցությունները լռեցին, այլեւ կարծես «լռեց» ինքը՝ արվեստագետը:
Օրերս Անուշ Ալբերտի հետ հանդիպման ժամանակ խնդրեցինք ի վերջո պարզաբանել, թե ո՞րն էր շրջանառվող խոսակցությունների իրական պատճառը:

«Ցուցադրության համակարգողը արվեստաբան Սեդա Շեկոյանն էր, որին հաջողվել էր համախմբել երիտասարդ նկարիչների, որոնց գործերը համահունչ էին այդ ժամանակահատվածի հետ: Օրինակ, իմ աշխատանքներից նշեմ միայն մեկը՝ «Կեղտոտ քաղաքը»: Իսկապես, մեր Երեւանը շատ կեղտոտ էր, հիմա, շուրջ 5 տարի անց, փոքր-ինչ վիճակը փոխվել է, բայց, համաձայնեք, որ մեր մայրաքաղաքը էլի «մաքրվելու» տեղ ունի»,- հայտնեց արվեստագետը: Ինչ վերաբերում է իր «Մերկ տղամարդ» աշխատանքին, ասաց. «Ճիշտ է, այդ գործը տղամարդիկ չէին հավանում, մինչդեռ կանայք, հատկապես պարսկուհիները, լուսանկարվում էին աշխատանքիս հետ: Իսկ թե ինչու եմ կտավին հանձնել մերկ տղամարդ, դրա պատասխանը մեկն է՝ Լուվրում ցուցադրվող նկարների մեծ մասը մերկ կանայք են: Այն ժամանակ ես էլ որոշեցի կանանց համար նկարել տղամարդու մարմինը: Իմիջիայլոց, տղամարդու մերկությունը, ինչպես գիտեք, անտիկ ժամանակներում դիտվում էր իբրեւ գեղեցկության չափանիշ»:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ իր առաջին ցուցադրությունից հետո՝ 2013թ. եւս մեկ խմբակային ցուցահանդեսի է մասնակցել, այս անգամ՝ Ժամանակակից արվեստի թանգարանում: «Այդ ցուցահանդեսի համակարգողը ես էի եւ ներկայացրել էի տարբեր ուղղությունների 8 նկարիչների աշխատանքներ, այդ թվում՝ բեմանկարիչ Ժենյա Հակոբյանի, գրաֆիկ Զառա Կրոյանի, գեղանկարիչ Արմեն Անտոնյանի: Ցուցահանդեսը, որը տեւեց 10 օր, տարբեր արձագանքներ լսվեցին: Այցելուների համար նախատեսված մատյանում հիացական խոսքերի ու արտահայտությունների հեղինակները հիմնականում արտասահմանցիներ էին, իսկ մեր ավագ սերնդի արվեստագետների տպավորությունները, կարճ ասած՝ շատ սառն էին: Օրինակ, մի ճանաչված գեղանկարիչ թողել էր հետեւյալ գրառումը. «Երիտասարդ սերնդի արվեստի մեջ լույս չկա: Բայց չէ՞ որ մենք մի ամբողջ կյանք այսօրվա համար ենք պայքարել, ստեղծելով ու ստեղծագործելով լուսավոր ժամանակներ հենց ձեզ համար»:

Դիտարկմանը՝ փաստորեն հիասթափվել է եւ մի կողմ դրել վրձինն ու կտավը, դրա համար էլ չի՞ երեւում վերջին շրջանում, Անուշ Ալբերտը պատասխանեց. «Իհարկե, եղել են հիասթափության պահեր, բայց ես եւ համախոհներս ողբերգություն չենք ապրում: Այո, պետք է լինեն նաեւ քննադատություններ: Իսկ ինչու չեմ ցուցադրվում, որովհետեւ Նկարիչների միության անդամ չեմ եւ եթե ուզենամ երեւանյան ցուցասրահներից որեւէ մեկում ունենալ ցուցահանդես, ասենք՝ 10 օր, ապա դա արժե մի քանի հարյուր դոլար»: Մեր զրուցակիցն ասաց, որ, բնականաբար, ստեղծագործում է, առանց որի չի պատկերացնում իրեն, բայց, իր խոսքերով՝ այսօր մեր հասարակությունը պահանջ ունի «վերնիսաժային» աշխատանքների: Հավելեց, թե անկախ ամեն ինչից, որոշում է ընդունել աշնանը ներկայանալ անհատական ցուցահանդեսով, ավելին՝ ներկայանալ արտերկրում (չնշեց երկիրը):

Ավելին՝ Aravot.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0