a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
27/01/2016

«Նկարիչ եմ, չունեմ ոչ մի կոչում, միակ կոչումս հայ մարդ լինելն է». Գևորգ Եղիազարյան

Գևորգ-Եղիազարյան

Hayernaysor-ը գրում է. Որքան էլ, որ մեծ են եղել Հայաստանի տնտեսական, առևտրային կապերը, և դարեր շարունակ Հայաստանը եղել է առևտրային տարանցիկ շատ կարևոր ու հայտնի ճանապարհ, աշխարհով մեկ սփռվել են հայ նշանավոր վաճառականները, միևնույն է, Հայաստանը պատմության հոլովույթում աշխարհաճանաչ է դարձել իր ճարտարապետությամբ, մանրանկարչությամբ, երաժշտությամբ, գրականությամբ, իր ծաղկուն արվեստի, մշակույթի մեծերով ու նրանց ստեղծած հոգևոր մեծ արժեքներով: Ցավոք, այսօր մեզանում, ինչ-որ տեղ իրավացիորեն, տարածված է այն կարծիքը, որ արվեստը, մշակույթը նահանջ են ապրում, ավելի ճիշտ կլինի ասել՝ չսպառվող ստեղծագործական ձիրքով օժտված տաղանդավոր շատ մարդկանց պարզապես չեն ճանաչում, զանգվածային լրատվամիջոցները չեն անդրադառնում նրանց… Եվ, միևնույն է, նրանք շարունակում են ստեղծագործել, շարունակում են աշխարհին զարմացնել ու հիացնել հայկականի, հայի ու Հայաստանի գույներով:

Նրանցից մեկն էլ մեր ժամանակակից գեղանկարիչ, քանդակագործ Գևորգ Եղիազարյանն է, ում հետ էլ առիթ ունեցա հանդիպել ու զրուցել քաղաքի ծայրամասերից մեկում տեղակայված նրա հսկայական ստուդիայում, որտեղ 14 հայ մարդիկ, վարպետներ կենդանություն ու շունչ են պարգևում հայկական վաղեմի արվեստին՝ երկնելով ճենապակուց, կերամիկայից անկրկնելի գործեր, արվեստի գլուխգործոցներ: Քաղաքից, աղմուկից կտրված այս փոքրիկ ու մեծ աշխարհում սեփական աչքերով տեսա մեր ավանդականի պահպանությամբ ու շարունակությամբ զբաղված նվիրյալներին:

– Գևո՛րգ, սկսենք զրույցն ամենապարզ ճշմարտություններից, փաստերից:

– Նկարիչ եմ, չունեմ ոչ մի կոչում, միակ կոչումս հայ մարդ լինելն է: 17 տարվա պրոֆեսիոնալ գեղանկարիչ եմ, ապրում եմ գեղանկարչությամբ: Ծնվել եմ Գյումրիում, հայրս արհեստավոր էր, թեև մեծ նախասիրություններ ուներ. նա երազել էր նկարիչ դառնալ, մայրս ուսուցչուհի էր: Մեր գերդաստանում նկարիչներ չեն եղել: Կրթություն եմ ստացել Գյումրիի Մերկուրովի դպրոցում, հետո՝ Երևանի Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, Լենինգրադի Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում, որտեղ որոշ խնդիրների պատճառով ուսումս կիսատ եմ թողել, վերադարձել եմ Երևան, ընդունվել և ավարտել եմ գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը: Այսքա՛նը:

– Բացի Աստծո տված շնորհից, բնությունից՝ ո՞ւմ եք համարում Ձեր ամենամեծ ուսու ցիչը: Այն, ինչին, որ հասել եք, ո՞ւմ եք երախտապարտ:

– Մի քանի ուսուցիչներ եմ ունեցել, ովքեր շատ հայտնի չեն. գյումրեցի քանդակագործ Ժորա Մուրադյան կար, ում տեսել եմ, երբ դեռևս առաջին դասարանի աշակերտ էի: Շատ էի սիրում և շատ մոտ էի Աշոտ Հովհաննիսյանի, Ռաֆայել Աթոյանի, Արծրունյանի, Հակոբ Հակոբյանի հետ: Մի քանի արվեստագետներ կան, որոնց արվեստանոցում եմ անմիջապես սովորել:

-Իսկ համաշխարհային կերպարվեստի մեծերից, գեղանկարիչներից ովքե՞ր են Ձեզ համար եղել ուսուցիչներ:

– Ունեմ նախընտրած տիտաններ՝ Միքելանջելոն և Լեոնարդո դա Վինչին, ովքեր մինչ այսօր ինձ համար առեղծված են. նրանք մարդկային գիտակցությունից շա՜տ վեր են, իսկ ինձ համար մեծագույն ուսուցիչներ են Էլ Գրեկոն, Թյոլները, Վան Գոգը:

Կարծում եք, որ մինչ այսօր և դարեր անց էլ մարդկային գիտակցությունն անզո՞ր է բացահայտելու այդ հսկաների մարդկային ու Աստվածային առեղծվածը, բացառիկ շնորհը:

–   Բաներ կան, որոնք ստեղծում է մարդկային բանականությունը, մարդկային ոգին է օգնում ստեղծել, բայց բաներ կան, որոնք բնույթով, ինքնին, Աստվածային են. դրանք իմ նշած երեք հեղինակներն են:

– Ըստ Ձեզ ինչպիսի՞ն պիտի լինի գեղանկարիչը՝ որպես մարդ, ի՞նչ մարդ է նա…

– Եթե Ձեր ասածը դիտարկեմ որպես հարց, ապա դա մի խնդիր է, բայց Ձեր հարցի հետևում մի մեծ ֆորմուլա կա՝ արարչության մասին է խոսքը. գեղանկարիչ է, երաժիշտ է, գրող է, կարևոր չէ, կարևորն այն է, թե մարդն ինչ գիտակցության մեջ է ապրում: Կա գիտակցություն, որը բխում է ոչ միայն տրամաբանությունից կամ էլ՝ պարզ բանականությունից, այլ՝ հոգևոր բանականությունից, որը արարչության հետ նույնացված է:

Ավելին՝ hayernaysor կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0