a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԵՊՀ պատվիրակությունն այս օրերին Լիբանանում է՝ տեղի հայ համայնքին ծանոթանալու ու գործնական կապեր հաստատելու համար:

եպհն լիբանանում

Ինը հոգուց կազմված պատվիրակության այցի նպատակը լիբանանահայ կառույցների հետ համագործակցություն հաստատելը, փոխգործակցության նոր ուղղություններ գտնելը, հայ աշակերտներին հայրենիքում կրթություն ստանալու հնարավորությունների մասին պատմելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հրատարակությունները ներկայացնելն է:

Պատվիրակության կազմում, որը ղեկավարում է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, ընդգրկված են ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, ինստիտուտի աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ:Այցի հենց առաջին օրը՝ հոկտեմբերի 31-ին, համալսարանականներն այցելեցին Բիքֆայայի դպրեվանք, որտեղ «Նախամաշտոցյան Հայաստանի դպրությունը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս Արտակ Մովսիսյանը: Իսկ հաջորդ օրը նրանց հյուրընկալեցին Զմմառի դպրեվանքում: Այնճարում էլ ծավալուն դասախոսություն ներկայացրեց նույն ֆակուլտետի դասախոս Գեղամ Բադալյանը:

Տեղի է ունեցել համալսարանականների հանդիպումը Հայ կաթողիկե համալսարանականների միության ներկայացուցիչների հետ: Այս օրերին պատվիրակության անդամներից 3-ը` Գեղամ Բադալյանը, Արտակ Մովսիսյանը և Մհեր Հովհաննիսյանը, այցելում են հայկական դպրոցներ, լսում հայոց պատմության դասերը, մեթոդական և մասնագիտական ցուցումներ են տալիս ուսուցիչներին: Այդ ամենի նպատակը մեկն է. ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ստանձնել է տեղի դպրոցների համար Հայոց պատմության դասագիրք գրելու գործը: Դպրոցներ կատարած այցերը կօգնեն ավելի լավ հասկանալ դասագրքին ներկայացվող պահանջները: Պատվիրակության երեք այլ անդամներ էլ, ովքեր ուսանել են «Ցեղասպանագիտություն» և «Հայագիտություն» ծրագրերով, այդ դպրոցներում դասեր են անցկացնում Հայոց ցեղասպանության թեմայով:

Նշենք, որ այցի օրակարգում մեծ տեղ է հատկացված տեղական լրատվամիջոցների հետ աշխատանքին: Պատվիրակության անդամներն արդեն հյուրընկալվել են «Ազդակ», «Զարթոնք», «Արարատ» թերթերի խմբագրություններում, «Վանա ձայն» ռադիոկայանում և բարձրացրել այնպիսի հիմնախնդիրներ, որոնք հրատապ են թե՛ Հայաստանի, թե՛ լիբանանահայ համայնքի համար:

Առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի, Հայկազյան համալսարանի ուսանողների, տարբեր վարժարանների ուսուցիչների հետ և այլն: Նախատեսվում է նաև ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ԵՊՀ հրատարակած գրքերը: Այնուհետև ԵՊՀ հրատարակչության և Լիբանանի «Վահե Սեթյան» հրատարակչատան միջև կկնքվի համագործակցության հուշագիր: Այցի վերջին օրը «Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահում կցուցադրվի ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի վարիչ Լուսինե Սահակյանի «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» ֆիլմը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0