a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովն ամփոփել է իր աշխատանքները

Mindiaspora_conferance

 Օգոստոսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ԵՊՀ Ռիթա և Վարդգես Պալյանների անվան դահլիճում «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովն ամփոփել է իր աշխատանքները: «Սփյուռքը համացանցային հարթակում» խորագրով թեմատիկ նիստը վարում էր ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:

«Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելությունը համացանցի ճամփով» թեմայով զեկուցել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության լսատեսողական բաժանմունքի վարիչ Հայր Պետրոս վրդ. Մանվելյանը: Նա ամփոփ ներկայացրել է իրենց կայքում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, հոգևոր դաստիարակությանը նպաստող ծրագրերի ու ձեռնարկների արտացոլումը:

Այնուհետև զեկուցումով հանդես է եկել Զմմառի Մայրավանքի փոխտեսուչ վրդ. Հայր Մաշտոց Զահթերյանը: Ներկայացնելով Զմմառի վանքի համացանցային կառույցը՝ նա անդրադարձավ Հայ Կաթողիկե եկեղեցու պաշտոնական կայքէջին, նրա կառուցվածքին, բաժիններին, կրթական, մշակութային գործունեության, գրադարանային, թանգարանային հարուստ հավաքածուի, ինչպես նաև Սփյուռքում գործող թեմերի ներկայացմանն ու լուսաբանմանը: Զեկուցողը ցավով նշել է, որ Զմմառի միաբանության կայքէջը իսլամիստ ծայրահեղականների կողմից ենթարկվել է հարձակման, այն այս պահին չի գործում, սակայն ակտիվ աշխատանքներ են տարվում հնարավորինս շուտ վերականգնելու ուղղությամբ:

Լիբանանահայ գաղութի, ազգային ինքնության և սոցիալական ցանցերի մասին զեկուցել է Լիբանանի Ազգային Առաջնորդարանի տեղեկատվական բաժանմունքի պատասխանատու  Րաֆֆի Դեմիրճյանը: Նա հանգամանալից ներկայացրել է լիբանանահայ համայնքի պատմությունը, անդրադարձել Լիբանանի հոգևոր կենտրոնների դերին, համախմբվածությանը,  Լիբանանում գործող պաշտոնական կայքէջերում դրանց արտացոլմանը:

Ֆրանսիայի ACAM կայքի գործունեությունը ներկայացրել է Շուշան Փիլիպոսյանը: Նա անդրադարձել է կայքի ստեղծմանը՝ նշելով, որ, չնայած կայքը միայն ֆրանսերենով է գործում, այն լուրջ ուղենշային տվյալներ է հաղորդում ֆրանսահայ համայնքի և Ֆրանսիայում հայկական հարուստ ժառանգության մասին:

«Սոցիալական մեդիայի դերը հայկական սփյուռքի կազմակերպությունների գործունեության ոլորտում»  զեկուցումով հանդես է եկել Հայաստանում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Մարիամ Մարտիրոսյանը: Նա անդրադաձել է Ուկրաինայի հայերի միության ստեղծմանն ու գործունեությանը:

Նիստի ավարտից հետո տեղի է ունեցել հարց ու պատասխան, կառուցողական քննարկում, առաջարկվեց ստեղծել համակարգող մարմին, որը կնպաստի ոլորտում իրականացվող աշխատանքների համակարգմանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0