a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Բառը մարմնի մաս է…». Վահե Գոդել

12081620_868802496502980_279947556_n

«Գրական տապան 2015» միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցավ շվեյցարացի ֆրանսագիր գրող, թարգմանիչ Վահե Գոդելի «Ինչ ասել այս մարմնի մասին…» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը` հեղինակի  և թարգմանչի` Ալեքսանդր Թոփչյանի մասնակցությամբ:

Վահե Գոդելից հայերեն լույս է տեսել վեց գիրք, որից հինգը թարգմանել է Ալեքսանդր Թոփչյանը. «Վահե Գոդելը բավական հայտնի անուն է մեզ մոտ: Ես փորձել եմ ներկայացնել բոլոր արժեքավոր գործերը, պետք է նկատի ունենալ նաև այն գործերը, որոնք թարգմանելիս կորուստներ չեն ունենում: Ամեն գործ չէ, որ թարգմանվում է: Մանավանդ նրա լեզուն բավական խրթին, չափից ավելի նրբացված լեզու է»,- մեզ հետ զրույցում ասաց Ալեքսանդր Թոփչյանը:

Վերջին գրքում տեղ են գտել Վահե Գոդելի լավագույն գործերը, որ ամբողջացրել ու հրատարակել է Շվեյցարիայի հրատարակչութուններից մեկը: Վահե Գոդելի բնորոշմամբ` կամուրջի պես է կառուցված այս գիրքը. «Միացվել են «Ինչ ասել այս մարմնի մասին…» և «Ոչինչ կամ «գրեթե»…» ժողովածուները` որոնք 30-40 տարվա տարբերություն ունեն»:

«Ոչինչ կամ «գրեթե»…» ժողովածուն գրող, դերասանուհի Անահիտ Թոփչյանը թարգմանել է ռուսերեն: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ շուտով գիրքը լույս կընծայվի Մոսկվայում: Անդրադառնալով մեր    «Ինչպե՞ս կբնորոշեիք ժողովածուում տեղ գտած բանաստեղծությունները, և իբրև, դերասանուհի, ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է դրանք բեմում ներկայացնել» հարցերին` ասաց. «Շատ տրագիկ են և փիլիսոփայական: Ես այսօր կփորձեմ կարդալ նրա գործերից, բայց դրանք հարմար չեն բեմից ներկայացնելու համար, ինտիմ պոեզիա է, ինքդ քեզ համար կարդալու պոեզիա»:

Վահե Գոդելը թարգմանել է մեծ թվով հայ հեղինակների: «Ազդեցությո՞ւն ունեցել են ձեր ձեռագրի վրա հայ գրողները» հարցին ի պատասխան ասաց, որ Նարեկացին է տպավորել իրեն: Ժամանակակից պոեզիայի արժեքի մասին խոսելով, կարծիք հայտնեց, որ նոր սերնդի պոետները ժամանակին համահունչ պոեզիա են ստեղծում, այն գործերը, որ թարգմանել է, շատ լավ են ընդունվել դրսում: «Ի՞նչ է բառը ձեզ համար» հարցին ի պատասխան` ասաց. «Բառը մարմնի մաս է…»:

«Գրական Տապանը» «Նոյ» կոչումը այս տարի շնորհեց շվեյցարացի գրողին` նվիրելով նաև Արարատ լեռան մի քարաբեկոր: Գրքի շնորհանդեսի ժամանակ Անահիտ և Ալեքսանդր Թոփչյանները կարդացին Վահե Գոդելի բանաստեղծությունները` զուգահեռաբար հայերեն և ռուսերեն:

Վահե Գոդելի Հայրը լեզվաբան-հայագետ Ռոբեր Գոդելն է, մայրը` բնիկ պոլսեցի հայուհի Մելինե Փափազյանը։ Եղբայրը՝ Արմեն Գոդելը, դերասան և ռեժիսոր է։
Ավարտել է Ժնևի համալսարանի պատմագիտական ֆակուլտետը (1955)։ 1954թ. հրատարակել է «Խայթոցներ» անդրանիկ գիրքը։ Հեղինակ է շուրջ երկու տասնյակ բանաստեղծական ժողովածուների: Թարգմանել և ֆրանսերեն առանձին ժողովածուներով լույս է ընծայել Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի, Դանիել Վարուժանի երկերը։ Գրել է հոդվածներ, ուղեգրություններ, գրախոսականներ` նվիրված Հայաստանին, հայ գրականությանը: 
Հայ քերթության լավագույն էջերը՝ գողթան երգերից մինչև նոր գրականություն, Գոդելի թարգմանությամբ լույս են տեսել ֆրանսերեն, հաղորդվել են շվեյցարական ռադիոյով։ 

«Գրական տապան 2015» գրական միջազգային փառատոնի շրջանակում այս օրերին Հայաստանում էին հայ և օտարերկրացի հանրահռչակ գրողներ` ամերիկահայ վիպասան Քրիս Բոհջալյանը, ռումինահայ գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը, հոլանդացի գրող Յոկե վան Լեուվենը, չինացի պոետ, թարգմանչուհի Մինգ Դին, իսրայելցի պոետ Ամիր Օրը, իտալացի Կլաուդիո Պոցցանին և այլք:

Փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպությունը (ԱՕԿՍ)` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

 

Արմինե Սարգսյան (Culture.AM)
Լուսանկարը՝ Բյուրոկրատ խանութ-սրահի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0