a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թեհրանում տեղի է ունեցել «ԶՕՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ» գրքի շնորհանդեսը

10986949_1214998041859344_2368471946136761577_o

Նախօրեին Հայկական բարեգործական ընդհանուր միության Թեհրանի մասնաճյուղի սրահում կազմակերպվել էր հանդիպում «ՍիվիլՆեթ»-ի լրագրող և Հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ» կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանի հետ:

Ինչպես գրում է «Արաքս» շաբաթաթերթը, երեկոյի ընթացքում, որ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպել էին Հ.Մ.Մ. «Րաֆֆի» համալիրը, Իրանահայ ազգային եւ մշակութային միությունը, Աշխարհատեսների հայկական կենտրոնը եւ «Արաքս» շաբաթաթերթը, Թաթուլ Հակոբյանը ներկայացրել է «ԱՆԻ» կենտրոնի վերջերս հրատարակած «Զօրավար Անդրանիկ» գիրքը, իր հեղինակած երկու հատորները` «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև», «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը», ինչպես նաև Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Անկախության ճանապարհով» հուշագրությունը:

Հակոբյանը նախ հակիրճ ներկայացրել է Եղիշե Քաջունուն և նրա «Զօրավար Անդրանիկ» գիրքը: 180 էջանոց հատորը, որն առաջին անգամ հրատարակվել է 1921 թվին, պատմում է Զորավարի Հայաստանում եղած վերջին մեկ տարին` 1918-ի ապրիլից մինչև 1919-ի ապրիլը: Քաջունին, ով եղել է Զօրավար Անդրանիկի գրագիրը և քարտուղարը, օրը-օրին պատմում է այն ճանապարհը, որ անցել է Զորավարը իր արևմտահայ 2000 զինվորների և 20 հազար գաղթականության հետ` Ալեքսանդրապոլ, ապա Ջալալօղլի-Դսեղ-Դիլիջան-Սևանի ափերով դեպի Վայոց Ձոր ու Նախիջևան, Արաքսի անցում և Խոյի դաշտում մարտ թուրքերի դեմ, ապա նահանջ դեպի Նախիջևան, այնտեղից Գորիս, արշավանք դեպի Շուշի, ապա վերադարձ դեպի Արարատյան դաշտ, Էջմիածին, որտեղ, զենքը հանձնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Զորավարը հեռանում է Հայաստանից:
Գրքերը ներկայացնելուց հետո Հակոբյանը պատասխանել է ներկաների բազմազան հարցերին, որոնց մի մասը վերաբերում էր Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախի հիմնախնդրին, արտագաղթին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին:
Միջոցառմանը ներկա են եղել Թեհրանահայ համայնքի մի քանի տասնյակ քաղաքական, ազգային, կրոնական ու միութեանական տարբեր ներկայացուցիչներ՝ Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը, ԹՀԹ Թեմական խորհդի ներկայացուցիչը և կազմակերպող կառույցների պատասխանատուները: 

Լուսանկարը՝ «Արաքս» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0