a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պարտքի կատարումը չի կարող վերաճել Պահանջատիրության

12030516_10153167731067919_5986465654344138391_o

«Մեր դարում, որը դեռ չի հատել երիտասարդության սեմը, ազգային արվեստն ու գրականությունն այնքան են նսեմացել, չարչրկվել չարչի «կապիտալիստների» և վայրենի «տեխնոկրատների» կողմից, որ թվում է, թե գաղափարական փոքրամասնություն են կազմում արվեստի ու գեղարվեստական գրականության մեջ ասելիք, գեղագիտական արժեք, ազգային ձև ու բովանդակություն փնտրողներն ու բերողները»,- գրում է գրականագետ Գոռ Հարությունյանը, որն այսպիսի տեսակետ է հայտնել բանաստեղծ Դավիթ Մշեցու «Սիրո և մահվան տեսիլներ» բանաստեղծական ժողովածուի առաջաբանում:

Հենց այդ «կապիտալիստներից» և «վայրենի տեխնոկրատներից» շատերի թեթև ձեռքով է պղտորվում հայ ոսկեղենիկ գրականությունը,  և երբեմն նորարարության փնտրտուքները տանում են մի ճանապարհով, որի վերջն անբովանդակ ու անարժեք գրականությունն է: Ինչևէ, այս ճահճից հեռու կա մի պոետական աշխարհ, որի լուսավոր աչքն այս «գեղեցիկ» կյանքում դեռ տեսնում է անարդարությունն ու ոճիրը:
«Այս «լուսավոր» աշխարհում,- ինչպես նկատում է բանաստեղծ Դավիթ Ասատրյանը,- ուր միակ բարդությունը շիկահերի ու սևահերի միջև կատարվող ընտրությունն է, Մշեցին հասել է մի անիմանալի աշխարհներ»:
Երևանում, ուր տարեկիցները ակումբներից ու ժամանցի վայրերից բացի այլ բան չեն տեսնում, Դավթի աչքը դիպուկ նկատել է թվացյալ անտեսը.

Մի ծեր ֆիդայի՝ քրջոտ շորերով, փրչոտ մորուքով,
Փողոցում փռված՝ հաց է ողորմում՝
Թունդ հայհոյելով մարտական դիրքում զոհված ընկերոջ
Մուրացկան մորը,
Որն էլ իր հերթին
Անեծք է տեղում
Որդու մարտական ընկերոջ գլխին,
Որ թաթ է գցում իր օրվա հացին. . .

Իսկ ջահելների «ձախողակ մի խումբ»,
Փողոցից փողոց երթ է անցկացնում,
ՊԱՅՔԱՐ է գոռում, այն էլ՝ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ. . .

… Ու սա. . . ՎԵՐՋԸ չէ՞ …

Օրերս բանաստեղծի պոետական դավթարը հարստացավ ևս մեկով: Լույս է տեսել Դավիթ Մշեցու 5-րդ գիրքը՝ «Ճերմակ հողաթումբ»:

Բանաստեղծն համոզված է՝ իր բոլոր 5 գրքերից, մեկ է, իր համար ինքնուրունությամբ ու խորքով, լեզվական ու պատկերային խտությամբ, մետաֆիզիկայով ու ինքնատիպությամբ և բոլոր առումներով առաջնակարգը «Բռի Աստվածներ» ժողովածուն է, չնայած որ, խոստովանում է՝  գրեթե բոլորի կարծիքով «Սիրո և Մահվան տեսիլներ»-ը շատ ավելի հզոր է. «Ու ես նախապես գիտեի, որ էդպես է լինելու. վերջինս ավելի դյուրամարս է ըստ իս: «Ճերմակ Հողաթումբ»-ը նախորդներից թերևս տարբերվում է նախ տարածությամբ, որը գլխավորն է ինձ համար, այսինքն՝ թեմատիկ ծայրահեղ բազմազանությամբ՝ աշնանային նուրբ ու թախծալի տրամադրություններից ընդհուպ մինչև կրոնական ու տիեզերական չափումների փորձեր, նաև պատկերավորման համակարգը, որ, այսպես ասած սիմվոլիստիկան է, հզոր, ապա առանձնանում է տաղաչափական որոշ փորձերի հարստությամբ և ռիթմով, չգիտեմ, գուցե խելացի ընթերցողը ավելի լավ որոշի այդ տարբերությունները և արժևորի… իսկապես չգիտեմ… »:

Դավթի կարծիքով  բավականին հետաքրքրական է արդի գրականությունը իր ամբողջության մեջ. բազմաոճ ու բազմաբարդ մոտեցումեր ու հեղինակներ կան թե՛արձակի, և թե՛ պոեզիայի մեջ՝ Սևակի լեզվով ասած, Ասլի-Քյարամականներից մինչև Պոստմոդեռնի ձգտող հեղինակներ: Ավելի քան խճճված է՝ ուղիղ համեմատական հասարակության բազմաձևությանը, կամ, որ կլինի ասել լավ, անձևությանը:

Բանաստեղծի համար ամենավտանգավորը օտարամոլությունն է ու բազային պաշարի անբավարարությունը.
-Ով ինչ հեղինակ կարդում է, մնում է տակը, սկսում արտատպել, կամ մեկ այլ վատթար բան՝ վատ կրկնօրինակել, որը հանգեցնում է աղետալի հետևանքների: Վերջին հաշվով, իմ խորին համոզմամբ ամեն մի գրականություն նախ և առաջ ազգային է ու տեսակից բխող, որն էլ տալիս է նրան համաշխարհային արժեք,- ափսոսանքով նշում է Դավիթը և համոզված պնդում՝ մեր պոեզիան միշտ համաշխարհային ուսումնասիրողների ուսումնասիրության առանցքում է եղել` ոմանց մոտ հարուցելով զարմանք, ոմանց մոտ` հիացում ու անգամ նախանձ:

Դավիթը ցավով երկմտում է. «Գուցե վաղը մի սերունդ գա, որը «մոր գերեզմանին սեքսով կզբաղվի, կամ հեշտանքի պահին աղջկա դեմքի արտահայտությունը կհիշեցնի քաղցկեղից մեռած մոր դեմքի արտահայտությունը» ու դեռ մի հատ էլ կհայհոյի մեզ, որ ժամանակին նմանատիպ վսեմ արվեստի դեմ ենք խոսել, գուցե իմ անունն էլ չհիշվի տասնամյակներ հետո, բայց մի բան փաստ է. այսօր ունենք հետաքրքիր գրականություն նաև լավ իմաստով ու բարձր, որը, կարծում եմ, պիտի որ հաղթի, եթե միայն հասարակության կողմից խեղդամահ չլինի… »:

Այն հարցիս՝ թե ով է իր կարծիքով«մեր ժամանակի հերոսը», Դավիթը հաստատակամ ու հպարտությամբ բարձրաձայնում է. «Մեկ բառով կասեմ՝ Ես: Ինձ համար ավելի քան կարևոր է գենը, ու թերևս եզակի բախտավորներից ու արդարացի հպարտ մարդկանցից կարող եմ համարվել, որ գոնե վերջին 200 տարում, որին ծանոթ եմ ( նկատի ունեմ 1828 թվից) ,երբ պապերս եկել են Արևմտյան Հայաստանից, մինչ օրս թե՛ հորական, թե՛ մորական կողմից ինչպես ուսումնասիրես մի վատ համբավ ունեցող մարդ չես գտնի»:

Շարունակելով իր խոսքը՝ Դավիթը ներկայացնում է իր համառոտ ինքնակենսագրականը և ինչպես ինքն է ասում. «Զուտ նրա համար, որ փոքր- ինչ պարզ դառնա գենի մասով հավատամքս: Ես չեմ ժխտում որոմի դաշտում ցորենի գոյությունը, բայց դրանք եզակի բացառություններ են. նկատի ունեմ` այնքան էլ համոզիչ չեն որոմածին ցորեններ հայրենասիրական ու մարդասիրական ճառերը…»:

Մորական կողմը գրեթե բոլորը ուսյալ ու հասարակության մեջ բարի համբավ ունեցող մարդիկ են եղել ու կան: Հորական կողմը գրեթե պաշտամունքի հասնող հեղինակություն է վայելել ու վայելում այսօր ևս,.
- Գենիս կոդը ուղիղ համեմատական է Էպոսի կոդին, և բնավ պատահական չէ, որ մեր շրջանում կեսկատակ-կեսլուրջ մեր ազգին երբեմն-երբեմն Սուքի Ծռեր են ասում՝ իրենց անմիջականության, դուզ խոսելու և շիտակության համար: Արևելյան Հայաստան գալուց, երբ մյուսները աշխատում էին հնարավորինս շատ ոսկի և ունեցվածք բերել, Սուքիաս պապս Ավետարանն է բերել: Մեր գյուղի եկեղեցին Սուքեի Ավետարան է կոչվում:

«Հայի բախտի» արժանացած Դավթի նախնիները իրենց ամբողջ կյանքում, թեկուզ զրկանքներով, փորձել են հնարավորինս ամենը անել հանուն հայրենիքի գոյության և ժառանգել են արժանի սերունդ.
-Հայրս բարձրագույն կրթությամբ ու փայլուն ապագայի գրավական ուներ, երբ սկսվեց Արցախյան պատերազմը: Լինելով ընտանիքի միակ արու զավակը` առաջին իսկ կրակոցներից թողեց ամեն բան ու մինչև վերջին կրակոցն ու հրադաթարը կռվեց Արցախի գրեթե բոլոր ամենավտանգավոր դիրքերում ու հաղթանակած վերադարձավ տուն և սկզբունքորեն հրաժարվեց որևէ պաշտոնից ու կոչումից հստակ վճռով, որ Պարտքի կատարումը չի կարող վերաճել Պահանջատիրության: Հիմա հողագործ է հայրս: Մայրս…ֆենոմենալ գիտելիքների տեր էր ու բարության և անձնվիրության եզակի մարմնացում… Բավական է տարվա ցանկացած եղանակի ու օրվա, ցանկացած ժամի գնալ նրա շիրիմին, և ծաղիկների բլուրը կհաստատի ասածս… Ես նշեցի միայն ուղիղ գիծը. ու այսպես բոլորը` մեկը մեկին չզիջող, ազգանվիրության ու մարդկայնության մեջ: Ես թերևս այլ ժառանգելու բան չունեի, քան այս ամենը:

Ինչու այսքան երկար ծավալվեցինք այս հարցի շուրջ և շատերի կարծիքով՝ գուցե շեղվեցինք բուն թեմայից: Որովհետև հաճախ շատերին է ինքնահավանություն թվում անկեղծ պատասխաններն ու անմիջականությունը: Հարցի պատասխանի հիմնավորումը կարող է փակել այդ բերանները և վարակել ազգասիրությամբ ու գենին նվիրվածությամբ.
- Ֆիդայի եմ բոլոր ասպարեզներում, որտեղ կամ, ու բոլոր հնարավոր դեպքերում: Դա ապացուցել եմ սկսած սահմանի վրա վտանգից, քաղաքացիական անկաշառ պայքարից, ընկերներին նվիրվածությունից մինչև գրականության մեջ նահատակություն, և որ պահին կգտնվի մեկը, որը թեկուզ չնչին փորձ կանի այս ամենը հերքելու, առանց վիճելու պատրաստ եմ ինքնասպանության:

Զրույցն ավարտեցինք մի նկատառումով՝  մեր օրերում ժամանակակից պոեզիան շատ է հայտնվում քննադատության կիզակետում: Դավթի մտայնությունն էլ վերջինիս մասին հստակ է. «Ասել եմ ու կասեմ` հայ պոեզիան այնքան հզոր է, որ դժվար է ասել` ինչն է պակասում, թերևս մետաֆիզիկան, փիլիսոփայությունը, չնայած վերջինիս մասով էլ Իսահակյանն ու Տերյանը հատկապես գրեթե անհաղթահարելի արգելքներ են»:

Այնուամենայնիվ, ամենն ամբողջացնենք Դավիթ Ասատրյանի Մշեցուն ուղղված հորդորով և իսկական նկարագիրը պատկերող տողերով՝

«Իսկ դու մի՛ լռիր, ֆիդայու՛ տղա, խոսի՛ր, և թող լսեն քեզ, մարդանան, Հայանան. . . Գուցե սովորեն երազել ու ապրե՞լ այդ երազով. . .
Խոսի՛, որովհետև՝

                                        Քաջ ես՝ ինչպես ֆիդայի
                                        Եվ խելառ՝ որպես բանաստեղծ. . . »:

 

Վահագն Հակոբյան (Culture.AM)

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0