a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ցավի հոգեբանություն» գրքի տպագրությունն ինձ համար իմ գաղափարը շատերին հասանելի դարձնելն է». Սոնա Հարությունյան

sona harutyunyan

Մի առիթով մի գիտնական ասել է, որ գիտությամբ զբաղվելը կամ գիտնական դառնալն այդ մասին որոշում կայացնելու արդյունքում չի լինում, այլ ավելի շատ դա բնածին հակում կամ «կոչում» է: Ամեն ինչ սկսվում է նրանից, որ չես կարողանում անտարբեր անցնել բնական երևույթների կողքով և միշտ գլխում ունես «ինչո՞ւ» հարցը, չես հաշտվում անհասկանալի իրողությունների հետ և ամեն տեղ փնտրում ես պատճառահետևանքային կապեր: Հետո շատ կարևոր են այն մարդիկ, որ քո ճանապարհին հանդիպում են: Նրանք էլ ուղղորդում են դեպի այս կամ այն դպրոց: Դու կամ գտնում ես քեզ, կամ շարժվում դեպի այլ որոնումներ:

«Այլ որոնումների արդյունքում» Culture.AM-ը զրուցեց Մ.Հերացու անվան ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Սոնա Հարությունյանի հետ։ Օրերս լույս է տեսել նրա «Ցավի հոգեբանություն» ուսումնական ձեռնարկը։ Խոսելով աշխատության մասին Սոնան նշեց․

– Գիրքը ցավի հոգեբանության մասին է, ներկայացված են ընդհանուր մոտեցումներ, որոնք ցավի մասին գիտելիքներն ամբողջացնում են բժշկության և հոգեբանության տեսանկյունից: Կան տեսական բաժիններ, որոնք պատկերացում են տալիս ցավի տարածվածության, տեսակների, մեխանիզմների, ցավի տեսությունների և հոգեբանական դետերմինանտների մասին, գործնական տեղեկություններ` հիմնված գիտական հետազոտությունների վրա, կլինիկական և հոգեբանական ախտորոշման որոշ ցուցումներ:

Հեղինակի խոսքով, գրքի գաղափարը ծնվել է իր թեկնածուական թեզի (Մեջքի քրոնիկական ցավային համախտանիշի հոգեբանական դետերմինացիան/ պաշտպանությունից հետո /2010 թ.), որն էլ գիտական հիմքն է սույն գրքի:

-Իհարկե, ինչպես ցանկացած գիրք, այն անցավ համապատասխան ուսումնական և գիտական խորհուրդներով, և երաշխավորեց ԵՊԲՀ-ի գիտական խորհուրդը 2015-ին: Հավելեմ, որ «Ցավի հոգեբանությունը» հայերենով առաջին ուսումնական ձեռնարկն է. նախատեսված է մասնավորապես ապագա բժիշկների համար: Կարծում եմ, որ այն օգտակար կլինի նաև հոգեբանությամբ և ցավի հիմնահարցերով հետաքրքրված անձանց համար:

20-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ Սոնա Հարությունյանն իր գիրքը հրատարակել է սեփական միջոցներով և մեր այն հարցին, թե Հայաստանում այսօր հեղինակը կարո՞ղ է ապրել զուտ սեփական հրատարակված գրքի հասույթով, հեղինակը պատասխանեց․

-Ինքս այդ փորձը չունեմ, չեմ կարող ասել: Ես պարզապես սիրում եմ գիտությունը, առավել ևս հոգեբանության պրիզմայով, և հավելեց․

– Գրքի տպագրությունն ինձ համար իմ գաղափարը շատերին հասանելի դարձնելն է, կոնկրետ այս դեպքում` նաև ինքս բախվելով ցավի հիմնահարցին առնչվող գրականության սակավությանը, առավել ևս հոգեբանական առումով, այս գրքի հրատարակումը համարում եմ անհրաժեշտություն և ապագա մասնագետներին աջակցություն:

Իր հետագա անելիքների մասին մեր զրուցակիցը նշեց, որ տարբեր գաղափարներ ունի, որոնցից կարևորները հուսով է՝ կիրականանան, և առաջիկայում կկիսվի մեզ հետ։

Սյուզաննա Գարեգինյան (Culture.AM)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0