a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ն. Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում

Նարինե Աբգարյան

Օգոստոսի 26-ին՝ ժամը 19:00-ին մշակութային-գործարար կենտրոն «Մոսկվայի տանը» (հասցե՝ ք. Երևան, Արգիշտի փողոց 7) տեղի կունենա ռուսաստանաբնակ հայտնի գրող Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Թարգմանությունը՝ Նաիրա Խաչատրյանի:

Գիրքը լույս է տեսել «Օրակուլ» հրատարակչությունում՝ ռուս գեղարվեստական և ինտելեկտուալ գրականության թարգմանություններին աջակցող Միխայիլ Պրոխորովի հիմնադրամի Transcript  միջազգային նախագծի շրջանակներում: 2016 թվականին գիրքն արժանացել է Ռուսաստանի ամենահեղինակավոր մրցանակներից մեկին՝ «Յասնայա Պոլյանա»-ին (Ясная Поляна), որը հիմնադրվել է 14 տարի առաջ Լ.Ն.Տոլստոյի տուն-թանգարանի և Samsung Electronics ընկերության կողմից:

Հանձնաժողովի անդամների կարծիքով` Նարինե Աբգարյանի վիպակում հայկական հողն ու գյուղը պատկերված են անհավանական ճշգրտությամբ և գեղակերտությամբ:

-Նարինե Աբգարյանի անունը քաջ հայտնի է ընթերցող հասարակությանը: Հավատարիմ մնալով գրականության արարման կանոններին, իր հողին ու նրա ճակատագրին՝ այս նոր վիպակում հեղինակի գրիչը դառնում է գեղակերտ ու սիրառատ: «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը բարության, լույսի ու սիրո մասին է: Աբգարյանը յուրովի է արտահայտել ֆիզիկական, արևային, հոգեկան և մարդկային լույսի իր զգացողությունը: Հրաշալի ռուսերենը և ռուս դասական գրականությանը պատկանելը գիրքը դարձնում են կարևոր իրադարձություն,- նշել է գրական մրցանակի հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Վառլամովը:

«Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքի նկարազարդումների հեղինակը Սոնա Աբգարյանն է, հայերեն տարբերակի կազմի համար օգտագործվել է հայ ժամանակակից հայտնի նկարիչ Հասմիկ Ավետիսյանի նկարները:

Նարինե Աբգարյանը ծնվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանում, որից հետո տեղափոխվել է Մոսկվա: Նրա գրական ուղին սկսվել է կենդանի հանդեսում (ЖЖ) գրառումներից, իսկ իսկական ճանաչումը ստացավ ինքնակենսագրական «Մանյունյա»  վիպակի լույս աշխարհ գալուց անմիջապես հետո: «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը պատմություն է բարձր սարերում ծվարած մի գյուղի և նրա փոքրաթիվ բնակիչների մասին, որոնցից յուրաքանչյուրը մի քիչ խենթ է, մի քիչ փնթփնթան, և որոնցից յուրաքանչյուրի հոգում թաքնված են իրական գանձեր:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0